Վլադիմիր Պուտինը չի առաջադրվի նախագահական ընտրություններում կուսակցության անունից, այլ ստորագրություններ կհավաքի:
Այս մասին «РИА Новости»-ին ասել է «Արդար Ռուսաստան»-ի առաջնորդ Սերգեյ Միրոնովը պետության ղեկավարի պաշտոնում Պուտինին առաջադրելու նախաձեռնող խմբի նիստի շրջանակներում։
«Այսօր կազմկոմիտեի նիստում կհայտարարվի, որ նա ոչ մի կուսակցությունից հանդես չի գալու՝ ո՛չ «Եդինայա Ռոսիա»-ից, ո՛չ մեր կուսակցությունից, նա ստորագրահավաք է իրականացնելու»,- ասել է Միրոնովը։
Նա հավելել է, որ «Արդար Ռուսաստանը» ստորագրահավաքին կմասնակցի Ժողովրդական ճակատի հետ միասին։
«Կարծում եմ, որ կազմկոմիտեում մենք կորոշենք, հավանաբար կընտրենք ֆեդերացիայի մի քանի սուբյեկտներ, որտեղ մեր կուսակցությունը ստորագրություններ կհավաքի մեր թեկնածուի համար»,- հավելել է Սոցիալիստ հեղափոխականների առաջնորդը։
«Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակն իր հերթին նշել է, որ կուսակցությունը նույնպես մասնակցելու է ստորագրահավաքին։ Վաղը՝ դեկտեմբերի 17-ին, նախատեսվում է համագումար, որը, ըստ Տուրչակի, միաձայն պաշտպանելու է Պուտինի առաջադրումը նախագահի պաշտոնում:
Պուտինը նախորդ շաբաթ հայտարարեց նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։