Գողացել են պարեկային ծառայության ավտոմեքենաների համարանիշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ծառայության ընթացքում նկատել են, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող իրենց գումարտակի տեղակայման վայրում կայանված մոտ 7 ծառայողական ավտոմեքենաների հաշվառման համարանիշները գողացել են։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ տարածքը ոստիկանության Կոտայքի բաժնի հսկողության տակ է, և այնտեղ կայանված 14 պարեկային ծառայության ավտոմեքենաներից 7-ի վրայից հանել են 1-ական , իսկ 1-ից՝ զույգ համարանիշները։

Կարճ ժամանակում ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ հանցանքը կատարել է Երևանի բնակիչ 35-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը:

Նրան դեկտեմբերի 9-ին՝ ժամը 03։00-ի սահմաներում ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները հայտնաբերել են Աբովյան քաղաքի Սևանի փողոցում գտնող «Օրիգինալ» սուպերմարկետի մոտ: Ավտոմեքենան տղամարդը վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչից հետո նրա նկատմամբ կազմվել է ավտոմեքենան վարելու իրավունքից զրկման արձանագրություն, ապա նրա Opel-ը տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Որոշ ժամանակ անց Է․ Մարտիրոսյանը մոտեցել է պարեկների կողմից կայանված ծառայողական ավտոմեքենաներին և հանել համարանիշերը։ Մի քանիսը գցել է ավտոմեքենաների տակ, իսկ 4 հատը իր հետ տարել է։

Ժամերի ընթացքում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հայտնաբերել են նրան և պետական ունեցվածքի գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակության հիմքով դեկտեմբերի 9-ին տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ։ Նրա մոտ հայտնաբերվել են նաև գողացված համարանիշերը։




Լրահոս