Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ գրել էր, որ Համայնքային ենթակայության հ. 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված՝ (խմբի դաստիարակի երեխաների նկատմամբ անընդունելի վարքագիծ) աշխատանքից ազատվել են հ․ 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը։
«Ի հավելումն ասվածի՝ տեղեկացնեմ, որ վերջերս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում (առավել մանրամասն՝ կից հղումով), ևս 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից:
Վերը նշվածի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն այս պահին այսքանն է»,-նշված էր հրապարակման մեջ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ մանկապարտեզի ազատված տնօրեններից մեկը եղել է Արաբկիր վարչական շրջանում գտնվող հ. 25 մանկապարտեզի տնօրեն Ինգա Խաչատուրովան:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Խաչատուրովային ազատել են աշխատանքից նրա՝ ՔՊ-ական չլինելու պատճառով:
Օրեր շարունակ փորձեցինք կապ հաստատել մանկապարտեզ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում եւ որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, սակայն նախ մեզ պատասխանեցին, որ իրենք իրավասու չեն պատասխանել որևէ հարցի և որ այն անձն, ով իրավասու է՝ տեղում չէ, ապա մեր զանգերը մնացին անպատասխան:
Հիշեցնենք, որ օրերս էլ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԱԱԾ-ի կողմից մանկապարտեզների սնունդի շուրջ բացահայտված ապօրինություններից հետո տնօրեններին ասել են՝ դիմում գրեն, ազատվեն, ինչն էլ տնօրեններն արել են: Ավելին՝ գրել էինք, որ Երեւան քաղաքի մանկապարտեզների տնօրենների են տարել ԱԱԾ՝ հարցաքննության, եւ քննությունը ցույց կտա՝ կկալանավորեն նրանց, թե ոչ։
Տեղեկացանք, որ ԱԱԾ-ում հարցաքննված տնօրենների մեջ եղել են նախկին պաշտոնյաների կանայք, որոնցից մեկը Երեւանի թիվ 43 մանկապարտեզի տնօրեն Կարինե Հովակիմյանն է, որը «Խոսրով»-ի արգելոցի նախկին տնօրեն Հրաչյա Հովակիմյանի կինն է։ Վերջինիս եւս ասել են՝ դիմում գրի, ինքնակամ ազատվի։
Մարիամ Ղազարյան