Բիրտ ուժ կիրառելով՝ կառավարումը խլել են մեր ձեռքից, հիմա էլ ասում են՝ ավտոբուսները տարել են․ Արկադի Թամազյանը վրդովված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պարբերաբար Ալավերդի համայնքի բնակիչներից դժգոհություններ է ստանում, որ Ալավերդիի՝ վերջերս պաշտոնանկ արված համայնքապետ Արկադի Թամազյանը, իր հեռանալուց հետո, հետ է վերցրել համայնքին տրամադրված միկրոավտոբուսները:

ArmLur.am-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեց Արկադի Թամազյանին, վերջինս էլ ասաց, որ միկրոավտոբուսները հետ չեն վերցվել, պարզապես՝ վերանորոգվում են․ «Այդ ավտոբուսները «Ապրելու երկիր» հիմնադրամն է տրամադրել Ալավերդի համայնքին՝ ի աջակցություն մեր բնակիչների, Ալավերդու համայնքապետարանը կամ կառավարությունը դրա հետ կապ չունեն: Երկրորդ՝ որևէ մեկը չի տարել դրանք: Դրանք ի սկզբանե չեն էլ գործարկվել, որևէ պայմանագիր կնքված չի էլ եղել: Նոր միկրոավտոբուսները կարկուտի հետևանքով վնասվել էին, դրանից հետո մինչ օրս վերանորոգման փուլում են»,-ասաց նա:

Արկադի Թամազյանը նաև հավելեց, որ եթե նոր համայնքապետը դիմի իրենց, ապա պատրաստ են պայմանագիր կնքել և միկրոավտոբուսների օգտագործման իրավունքը տալ համայնքին.

«Մեր կուսակցությունն ի աջակցություն մեր ժողովրդի էր ձեռք բերել դրանք, բիրտ ուժ կիրառելով կառավարումը խլել են մեր ձեռքից, հիմա էլ ասում են՝ ավտոբուսները տարել են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս