ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որին հրավիրված էին նաև համայնքների ղեկավարներ, ՀՀ դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, որոնք մանրամասներ են ներկայացրել առկա դեպքերի վերաբերյալ։
Նիստի օրակարգում ընդգրկված էին ձկնաբուծարանների անվան տակ ավազի ապօրինի արդյունահանման դեպքերի հայտնաբերման, ինչպես նաև 2023թ․ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերված ավազի ապօրինի արդյունահանման դեպքերի արձանագրումը և քննարկումը։
Անդրադառնալով առկա ապօրինի ընդերքօգտագործման դեպքերին՝ համայնքների ղեկավարները խոսել են ներկա մարտահրավերների և հնարավոր գործիքակազմերի մասին, որոնք կնպաստեն ոլորտի վերահսկմանը, և կկանխեն հետագա դեպքերի կրկնությունը։ Քննարվել են նաև օրենսդրական համապատասխան փոփոխությունների մոդելներ, որոնք զսպող հանգամանք կդառնան նման գործունեություն ծավալողների համար։
Ամփոփելով նիստը՝ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն անդրադարձել է ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների անբարեխիղճ օգտագործմանը, պետությանը պատճառված վնասին՝ առանձին դեպքերում նաև անդառնալի և այդ համատեքստում ներկաներին առաջարկել է լինել հետևողական և նախաձեռնող ապօրինի դեպքերի բացահայտման և կանխարգելման աշխատանքներում։