«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Հայաստանում քաղբանտարկյալներ միշտ են եղել։ Միշտ եղել են նաեւ արդարության ու քաղբանտարկյալների ազատության համար պայքարող մարդիկ։ Բայց եթե մինչեւ 44-օրյա պատերազմը եւ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունները քաղբանտարկյալների թիվը տասնյակներով էր հաշվվում, ապա կապիտուլյացիայի ստորագրումից, իսկ հետո նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո քաղբանտարկյալների թիվը թռիչքային աճ գրանցեց` հասնելով 250-ի շեմին։
2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունները մեծ դեր ունեցած Հայաստանի ապագա քաղաքական կյանքում։ Ընտրություններից հետո առաջին քաղբանտարկյալը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն էր, ով կալանավորվեց 2021 թվականի հուլիսի 10-ին։ Երեք օր անց` 2021 թվականի հուլիսի 13-ին կալանավորվեց Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ Հերթական եռօրյակից հետո` հուլիսի 15-ին, կալանավորվեց Գորիսի ներկայիս քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով ՏԻՄ ընտրություններին մասնակցեց կալանավայրից եւ ստացավ ընտրողների ձայների մեծամասնությունը։ Նոյեմբերի 15-ին կալանավորված պաշտոնյան կրկին Սյունիքից էր։ Նա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն է։
Նշենք, որ կալանավորումների այս շղթան սկսվեց այն բանից հետո, երբ Սյունիքը մերժեց եւ սյունյաց ողջույն հղեց ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով ընտրարշավի շրջանակներում ժամանել էր Սյունիքի մարզ։
Սա եւս մեկ անգամ փաստում է, որ վերոնշյալ բոլոր կալանավորումներն ունեն քաղաքական հենք և հանդիսանում են քաղաքական հետապնդումներ։
2021 թվականի դեպտեմբերի 16-ին կալանավորվեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Դեկտեմբերի 5-ին նա հանդգնել էր ՏԻՄ ընտրություններում հաղթել ՔՊ-ական թեկնածուին (կալանքի տակ է երկու տարուց ավելի)։
2021 թվականի դեկտեմբերի 1-ին կալանավորվեց «Սիսական» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանը։ Տեսնելով, որ նախկինում անխոչընդոտ շրջափակված դատարանները և ուժային կառույցներն անվերապահորեն կատարում են իր ցանկությունները` նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը, զուտ քաղաքական դրդապատճառներով մարդկանց հետապնդումը դարձրեց իր իշխանության հիմնական գործելաոճը` Հայաստանը հաստատուն քայլերով տանելով դեպի անարխիա, քաոս և բռնապետություն։
Ավելի ուշ քաղբանտարկյալներ դարձան Արթուր Դանիելյանը, Ավետիք Չալաբյանը, Արմեն Չարչյանը, Արմեն Աշոտյանը, Տաթևիկ Վիրաբյանը, Գրիգորի Խաչատուրովը, Նարեկ Մալյանը եւ այլոք։ Նիկոլ Փաշինյանն աշխարհում առաջին անգամ կիրառեց «քաղբանտարկյալ ընտանիք» երևույթը։ Այսպես, կալանավորվեցին ու խոշտանգվեցին «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, նրա ընտանիքի երեք անդամները` կինը, որդին, հարսը, կուսակցության անդամներ ու համակիրներ՝ Արման Մկրտումյանը, Անդրանիկ Արմանդարյանը, Տիգրան Առաքելյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Սուսաննա Սարգսյանը, Լուսինե և Կարինե Ղուկասյանները, իսկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դարձան առաջին քաղաքական հետախուզվողները։
Իսկ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն իր քաղաքական հայացքների համար արտաքսվեց Հայաստանից։ Քաղաքական հալածանքներն ունեցան նաև զոհեր։ Պատերազմից անմիջապես հետո` 2020 թվականի նոյեմբերի 19-ին մահացավ Արցախն ազատագրած գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նա դիմացել էր սեփական անձի նկատմամբ հալածանքներին, բայց չդիմացավ ազգային մեծ աղետին ու ցավին։ 2023 թվականի նոյեմբերի 7-ին Մանվել Գրիգորյանն ու իր կինը` Նազիկ Գրիգորյանը մեղավոր ճանաչվեցին դատարանի կողմից։
2022 թվականի հուլիսի 15-ին դատարանի դահլիճում, ուղիղ եթերում, բոլորի աչքի առաջ մահացավ հայտնի պրոդյուսեր, մեծ հայրենասեր Արմեն Գրիգորյանը` տեղում չստանալով անհրաժեշտ բուժօգնություն։ Նա փաստեր էր հավաքագրել Շուշիի, այնուհետեւ ամբողջ Արցախի դավաճանական հանձնման մասին եւ պատրաստվում էր ֆիլմ նկարահանել։ Արմեն Գրիգորյանի դատավճիռը կհրապարակվի վաղը։ «Քաղաքական կալանավորում եւ խոշտանգում» գործիքակազմի կիրառումից և դրա նկատմամբ հասարակության անտարբերությունից ոգևորված` «ժողովրդական բաստիոնի» ղեկավարն անցավ քաղբանտարկյալներին որպես պատանդ պահելու արդյունավետ գործելաոճին։ Գերու կարգավիճակում հայտնված քաղբանտարկյալներին համապետական եւ ՏԻՄ ընտրություններում հաղթելն ավելի հնարավոր դարձավ, իսկ կալանավորումն ու քաղաքական հետապնդումը սկսեցին կիրառվել ընտրություններին մասնակցող քաղաքական այրերին արդյունավետորեն վախեցնելու համար։
Դրա լավագույն օրինակը թերևս Երևանի ընտրություններում պարտություն կրելուց հետո Երեւանի ավագանու անդամ ընտրված Արտակ Գալստյանին կալանքի տակ պահելն է, ում մանդատը կարող էր որոշիչ լինել իշխանությունների տապալման հարցում։ Բացի հայտնի դեմքերից քաղաքական հետապնդումներ սկսվեցին նաև քաղ.ակտիվիստների, ցույցերին մասնակցած քաղաքացիների նկատմամբ։ Անգամ սոցիալական հարթակներում իշխանության քաղաքականությանը դեմ, իսկությունը բացահայտող գրառումներ կատարած անձինք դարձան քաղաքական հետապնդման օբյեկտ։
Ակնառու օրինակներ են «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի, նախկին պատգամավոր Արագած Ախոյանի, քաղ.գործիչ Գառնիկ Իսագուլյանի, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի, քաղ.տեխնոլոգ Նարեկ Մալյանի և քաղ.ակտիվիստ Տաթև Վիրաբյանի մեղադրանքները։
Քաղաքական անհերքելի և շարունակական հետապնդման են ենթարկվում նաև սույն գրության հեղինակներ Արթուր Գրիգորյանը և Մարինա Խաչատրյանը։
Արթուր Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման հաջորդ իսկ օրվանից։ Գրիգորյանը դեմ էր արտահայտվել այդ փաստաթղթի ստորագրմանը, առաջարկել էր հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, հետ կանչել խայտառակ ստորագրությունը և ցրել գործող Ազգային Ժողովը։
Իսկ Մարինա Խաչատրյանը պարբերաբար կատարել է բացահայտումներ, իրազեկել հանրությանը սպառնալիքների մասին և բացահայտել «Ժողովրդավարության բաստիոնի» և Հայաստանը դեպի քաոս տանող այս իշխանության իրական դեմքն ու նպատակները։ Փողոցով իշխանության եկած կեղծ ժողովրդավարների գործունեության արդյունքում քաղբանտարկյալների թիվը ՀՀ-ում մոտեցավ 250-ի շեմին, իսկ քաղհալածյալներինը` գերազանցեց հազարը, դարձնելով այս փաստն այսօրվա Հայաստանի թիվ մեկ քաղաքական խնդիրը։ Անկախ վերը նշված որոշ մարդկանց անցած ուղուց, զբաղեցրած դիրքից, պաշտոնից, նրանք բոլորն ունեցել են ազդեցություն Հայաստանի և Արցախի կայացման, զարգացման և անվտանգության հարցերում։ Մենք հիմա գտնվում ենք գոյատևման պայքարի ամենածանր փուլում եւ մասնատվելու, մեր երկիրը քայքայելու, մեր ազգը պառակտելու որեւէ իրավունք չունենք։
Սա չի խոսում այն մասին, որ հանցագործություն կատարած անձինք չպետք է պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար։ Բայց խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ բոլոր մարդիկ այս ողջ ընթացքում հետապնդվել ու հետապնդվում են իրենց քաղաքական դիրքորոշման ու գործունեության համար։ Հայաստանում տոտալ բռնապետության հաստատումը և անկառավարելի քաոսը կանխելու, քաղաքական պատանդներին և քաղբանտարկյալներին ազատելու, երկրում արդարություն և ժողովրդավարություն հաստատելու նպատակով մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հիմնում ենք Հայաստանի քաղբանտարկյալների, քաղաքական պատանդների, քաղհալածյալների պաշտպանության հանձնախումբ։
Հանձնախումբն ապակուսակցական է և պատրաստ է իր շարքերն ընդունել անկախ քաղաքական հայացքներից ցանկացած անձի, ով դեմ է երկրում բռնատիրության հաստատմանը և անտարբեր չէ իր հայրենակցի ցավին, վշտին, վերջինիս քաղաքական գերեվարմանը և պատանդառմանը, ում համար Հայաստանը ոչ թե պարզապես անվանում է, այլ ՀԱՅՐԵՆԻՔ։ Մեր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ կարգ ու կանոն հաստատելու, բռնապետությունն արմատախիլ անելու, Հայաստանում քաղաքական բանտարկյալներին ազատագրելու, ՀԱՅ ԱԶԳԻ բոլոր ներկայացուցիչների իրավունքներն ու շահերը պաշտպանելու, ՀԱՅ ԱԶԳԻ ներուժը համախմբելու համար մենք դիմում ենք համասփյուռ հայությանը»։
Հանձնախմբի նախաձեռնող անձինք`
«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյան
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյան