2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը համաձայնել է ուժեղացնել Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) դիտորդական կարողությունները Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հայկական կողմում՝ առաքելության գործող տարածքում՝ տեղում իր ներկայությունը 138-ից հասցնելով 209-ի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԵՄ առաքելության գրասենյակը։
EUMA-ն գործարկվել է 2023 թվականի փետրվարի 20-ին՝ երկամյա մանդատով: EUMA-ն կմնա լիովին քաղաքացիական և անզեն ԵՄ առաքելություն, որը գործում է որպես անաչառ դերակատար:
«Դիտորդական առաքելության ընդլայնումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը։ Առաքելությունն այժմ կկարողանա ավելի շատ պարեկություն իրականացնել տեղում: Արդյունքում՝ ավելի լավ կդիտարկվեն և կզեկուցվեն հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմի անվտանգային իրավիճակի մասին, ինչպես նաև կնպաստի հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգության ապահովմանը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը։
Առաքելությանը հանձնարարված է տեղում դիտարկել և զեկուցել իրավիճակը՝ նպաստելով հակամարտություններից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը և հիմնվելով վերոհիշյալի վրա՝ նպաստել ԵՄ բարձր մակարդակի ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը և դրանց կարգավորմանը։
Առաքելությունը պարեկություն է իրականացնում Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան քաղաքներում տեղակայված վեց առաջապահ հենակետերից: Այս լայնածավալ լուսաբանումն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ողջ միջազգային սահմանը: Առաքելության ուժեղացումը նրան հնարավորություն կտա ավելի շատ պարեկային գործողություններ իրականացնել՝ այդպիսով ուժեղացնելով տեղում ներկայությունը և հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում տեղի բնակչության հետ շփումը։