
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյին: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Աշխատանքի միջազգային կազմակերպության միջև համագործակցությունը, կազմակերպության կողմից փորձագիտական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ոլորտում առկա խնդիրների վերհանման ու անհրաժեշտ կարգավորումների և բարեփոխումների իրականացման նպատակով:
Այդ համատեքստում զրուցակիցները հույս են հայտնել, որ Երևանում անցկացված «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում արդյունավետ քննարկումները կնպաստեն ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության քայլերին և ընդգծել միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել սոցիալական արդարության, զարգացող աշխատաշուկայի մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավորությունների ու քայլերի շուրջ: