«Հայաստանը հստակ որոշում է կայացրել ընտրել ժողովրդավարացման եւ բարեփոխումների անշրջելի ուղին»,- երեկ Բրյուսելում Արեւելյան գործընկերության նախարարական հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Չնայած վերջին տարիներին Հայաստանի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերներին՝ ժողովրդավարացման գործընթացը եւ բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը Հայաստանում ոչ մի վայրկյան կանգ չի առել»,- ասել է Միրզոյանը՝ շեշտելով՝ Հայաստանը վճռական է շարունակելու այս ուղին Եվրոպական միության զգալի աջակցությամբ:
«Մեր վճռականության վերջին դրսեւորումը Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումն էր: Միանալով Արդարադատության միջազգային դատարանին՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել միջազգային իրավակարգի ամրապնդմանը՝ միեւնույն ժամանակ վերահաստատելով սեփական ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու ինքնիշխան իրավունքը», – ասել է Միրզոյանը:
«Երեւանը ողջունում է Եվրոպական հանձնաժողովի որոշումը առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ եւ Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ»,- հայտարարել է արտգործնախարարը՝ ընդգծելով՝ Հայաստանի ժողովուրդը նույնպես ունի եվրոպական ձգտումներ:
«Մենք հանձնառու ենք ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլեւ այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի», – ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
«Հայաստանի կառավարությունն ունի տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք»,-ասել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ Երեւանը պատրաստ է առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմնվելով Գրանադայում ընդունված սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանների փոխադարձ ճանաչում, հաղորդակցությունների, տրասպորտային ենթակառուցվածքների բացում։
«Բազմաթիվ առիթներով մենք ցույց ենք տվել մեր պատրաստակամությունն ու վճռականությունը մեր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով տեւական խաղաղություն եւ կայունություն հաստատել տարածաշրջանում, որտեղ բոլոր երկրները կապրեն բաց սահմաններով եւ կապված կլինեն ակտիվ տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերով», – ասել է Միրզոյանը՝ նշելով Հայաստանի ապագայի տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես խաղաղության օրակարգի մաս:
«Այս ծրագրի հիմքում ընկած է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների եւ էլեկտրական գծերի վերանորոգման, կառուցման եւ շահագործման միջոցով: Ավելին՝ Ադրբեջանի հետ վերջերս ընդունված համատեղ հայտարարությունը՝ գերիների ու պահվող անձանց փոխանակման եւ COP29 համաժողովի վերաբերյալ, Հայաստանի համաձայնությունը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու մեր վճռականության եւս մեկ դրսեւորում է», – հայտարարել է Միրզոյանը՝ հույս հայտնելով, որ այս դրական ազդակից հետո Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին։
«Մենք կարծում ենք, որ այս ձեւաչափն ու նախաձեռնությունները, որոնցում մենք ներգրավված ենք, պետք է ծառայեն մեր գործընկերների եւ հարեւանների հետ մեզ ավելի մոտեցնելու վերջնական նպատակին։ Անհրաժեշտ եմ համարում վերահաստատել, որ գործընկեր բոլոր երկրները պետք է հավատարիմ լինեն նույն արժեքներին եւ սկզբունքներին, քանի որ առանց մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման, առանց ապահով եւ խաղաղ միջավայրի ցանկացած նախաձեռնություն դատապարտված է ձախողման»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆՈՐ ԿԱՐԳ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի ներդրմանը, որը ձկնաբույծների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել: Վարչապետը թեմային անդրադարձել է Շրջակա միջավայրի նախարարության հաշվետվության քննարկման ժամանակ։ «Ակնհայտ է, որ մենք պետք է հետեւողական լինենք, չենք կարող մեր քաղաքականությունները հետ ու առաջ անել, մենք պետք է գնանք առաջ: Դա էլ է հարց՝ մենք որքան ջուր ենք վատնում՝ որքան ձուկ արտադրելու համար, եւ այդ բալանսն ինչ արժե: Մեկ այլ բան ասեմ. եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի, մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց եթե մեզ ջուր անհրաժեշտ լինի, մենք չենք կարող այլ տեղից այն բերել: Եվ սա ազգային անվտանգության հարց է»,- նշել է վարչապետը: Կառավարությունը նախատեսում է ձկնաբուծարանների գործունեության նոր կարգ ներդնել, որով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու համար։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն արդեն իսկ արժանացել է գործադիրի հավանությանը։
50 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՎԱՐԿ
Հայաստանը նախատեսում է ներգրավել 50 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ: Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ ««Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը: «Միջոցներն ուղղվելու են 2023 թ. բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի համար Ազգային ժողովն արդեն պետական բյուջեի մասին օրենքով հաստատել էր 350 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում: Սակայն հաշվի առնելով, որ մեր պլանավորված կապիտալ ծախսերը՝ 550 մլրդ, գերազանցում են մեր պլանավորած 290 մլրդ պակասուրդը՝ այդ միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ դրանք ունեն տնտեսության վրա բավականին դրական ու ներուժը բարձրացնող ազդեցություն:
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է
Ռազմավարական ճանապարհի մի հատվածում մեծ բեռնատարների երթեւեկությունն արգելված է Վրաստանում եղանակի վատթարացման պատճառով. այդ մասին հաղորդել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունում։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման եւ տրանսպորտային միջոցների անվտանգ երթեւեկության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաեւ հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ դեկտեմբերի 12-ի ժամը 06:45-ից մինչեւ հատուկ կարգադրության հրապարակումն արգելված է մեծաբեռնատար փոխադրամիջոցների երթեւեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր ընկած հատվածում` Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ։
ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի նկատմամբ վարույթ է հարուցվել վարչական իրավախախտման վերաբերյալ։ Ղալումյանի կողմից հայտարարագրման ենթակա տվյալները «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի» հայտարարագրում չներկայացնելու փաստի առթիվ 2021 թվականին մարտի 11-ին է հարուցվել վարույթը։ Վահե Ղալումյանի կողմից 2020 թվականի մայիսի 25-ին ներկայացրած «Պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի» հայտարարագրում «Դրամական միջոցները» բաժնի «Բանկային հաշիվների մնացորդներ» ենթաբաժիններում պատգամավորն առերեւույթ չի հայտարարագրել իր դրամական միջոցները՝ բանկային հաշիվներին առկա մնացորդները, ինչի առնչությամբ 2021 թվականի մարտի 11-ին Վահե Ղալումյանը հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար, սակայն լինելով պատշաճ ծանուցված՝ չի ներկայացել։ Ղալումյանի արդարացումը եղել է այն, որ նա բանկային հաշիվների մնացորդների մասին տվյալներ չի ունեցել եւ շփոթությամբ թերի է լրացրել, եւ ներողություն է խնդրել։ Խախտումը հաստատվել է, սակայն հանձնաժողովը որոշում է կայացրել Վահե Ղալումյանին ազատել վարչական պատասխանատվությունից՝ կատարելով բանավոր նկատողություն։ Ղալումյանին տվել են 7 օր հայտարարագրի համապատասխան բաժնում ուղղումներ անելու համար։ Հիշեցնենք, որ Վահե Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է։ Ստացվում է, որ քավոր-սանիկական հարաբերություններով պաշտոնի եկածների հանդեպ վարչական տուգանքի օրենքը չի ազդում, եւ նրանք պարզապես բանավոր կերպով զգուշացվում են։
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿԳԱՆ
Հայաստան վերադարձող գերիների թվում են նաեւ Գեղարքունիքի մարզում առեւանգված Վլադիմիր Ռաֆայելյանն ու Իշխան Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի տարածքում, իբր, ահաբեկչական գործողությունների իրականացման համար։ Ադրբեջանական կողմը գտնում էր, որ, իբր, 2021 թվականի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ հատուկ նշանակության հետախուզական զորքերի խմբի հրամանատար Իշխան Աշոտի Սարգսյանը եւ ինժեներ-սակրավոր Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանը Արցախի Շահումյանի շրջանում (Քելբաջարի շրջան), որտեղ այդ ժամանակ գտնվում էին Ադրբեջանի զինված ուժերը, ականապատել են Յուխարի Այրըմ գյուղի մոտ գտնվող ճանապարհներից մեկը։ Սրան հայկական կողմը հակադարձել էր՝ պնդելով, որ նրանք 2021 թվականի մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ինժեներական աշխատանքներ են կատարել, եւ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում ու չեն հատել սահմանը: Հիշեցնենք, որ Բաքվի Սաբունչինի շրջանային դատարանում Վլադիմիր Ռաֆայելյանին դատապարտել էին 18 տարվա ազատազրկման, իսկ Իշխան Սարգսյանին՝ 19: Նշենք, որ Հայաստանի կողմից գերիների անունների պաշտոնական հաստատում չի եղել: