ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՌԵԿՈՐԴ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, որը երկրի համար բացարձակ ռեկորդ է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 42 տոկոս աճ է գրանցվել։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստան եկածների կեսից ավելին Ռուսաստանից է, որին հաջորդում է Վրաստանը, այնուհետեւ Իրանն ու ԱՄՆ-ն։  Մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ զբոսաշրջային  այցերի այս աննախադեպ ակտիվությունը պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական զարգացումներով, ռուս-ուկրաինական խնդրով, այնպես էլ Հայաստանի ակտիվ աշխատանքով։

 

«Սա շատ կարեւոր արդյունք է, որովհետեւ կորոնավիրուսի ու պատերազմի ուղղակի ազդեցությունը հենց կրել է զբոսաշրջության ոլորտը եւ այժմ տեսնում ենք ակտիվություն։ Ամեն ինչ արվել է, որ Հայաստանը պատշաճ ներկայացվի, ու կարողանում ենք մեր դիրքերը պահպանել համաշխարհային շուկայում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Որքանո՞վ են տուրիստական ընկերություններն իրենց վրա զգում զբոսաշրջային այս հոսքի ազդեցությունը։ «Վիզիթ Արմենիա» տուրիստական ընկերության հիմնադիր Վլադիմիր Գեւորգյանի խոսքով՝ առաջին հայացքից թվերը կարեւոր են, սակայն այստեղ խոսքը կազմակերպված տուրիզմի մասին չէ։ Շատ են անհատական այցելությունները, մեծ թիվ են կազմում նաեւ հայերը, որոնք գալիս են առանձին նախաձեռնությամբ եւ տուրիստական ընկերությունների հաճախորդները չեն։

«Այս այցերը երկրի բյուջեի, տնտեսական ակտիվության տեսանկյունից շատ կարեւոր են. չէ՞ որ Հայաստան եկած զբոսաշրջիկը 7-10 օրվա ընթացքում միջինը մինչեւ 1500 դոլար գումար է ծախսում։ Ամեն դեպքում, մենք արձանագրում ենք, որ այս քանակության մի զգալի հատվածը չի եղել տուրիստական ընկերությունների հաճախորդ։ Ցավոք, դեռ այս այցելությունները տուրիստական ընկերություններին մեծ բան չեն ասում»,-ասաց Վլադիմիր Գեւորգյանը։

Մասնագետներն արձանագրում են, որ կազմակերպված զբոսաշրջությունը կայուն վերականգնման փուլ չի մտել։ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ գործընկերները տարբեր երկրներից դեռ խիստ զգուշավոր են Հայաստան զբոսաշրջային խմբեր ուղարկելու առումով։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրների իրավասու մարմինների պաշտոնական կայքերում Հայաստանը դեռ նշված է կարմիրով։

«Կազմակերպված տուրիզմն է, որ նպաստում է տնտեսության համաչափ զարգացմանը, ամբողջ տարածքում եկած գումարների հավասարաչափ բաշխմանը, առավելագույնս պատշաճ ներկայացվում է մշակութային ժառանգությունը։ Անհատական տուրիզմի պարագայում այդ հնարավորություններն ավելի քիչ են»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Որո՞նք պետք է լինեն առաջիկա քայլերը։ Մասնագետների կարծիքով՝ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել շուկաները, բոլոր ռեսուրսները օգտագործելով՝ կարողանալ կոտրել այդ կարծրատիպը եւ ցույց տալ, որ Հայաստանն անվտանգ է։ Դրան հասնելու համար նաեւ շատ կարեւոր են Հայաստանում միջազգային նշանակության միջոցառումներ կազմակերպելը, տեղական կայացած փառատոններին աջակցելը։

 

 

 

 

ՀԱՄԱՏԵՂ ԵՐԳ ԵՆ ԹՈՂԱՐԿԵԼ

System of a Down-ի երգիչ Սերժ Թանկյանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին Gibson-ի գործադիր տնօրեն Սեզար Գուեկյանի հետ միասին միավորվել են նոր՝ Deconstruction բարեգործական սինգլի համար. այս մասին գրում է Consequence.net-ը։ Ստացված հասույթը կտրամադրվի «Հայաստան» հիմնադրամի «Արցախի փախստականների նախաձեռնությանը»:

Կայքի փոխանցմամբ՝ արտիստները երգը ձայնագրել են The Gibson Band խմբի կազմում, որը պարբերաբար կներկայացնի երաժիշտների, որոնք կհամագործակցեն՝ ի նպաստ տարբեր բարեգործական նպատակների:

Ե՛վ Թանկյանը, ե՛ւ Գուեկյանը ծագումով հայ են. Թանկյանը բազմիցս բարձրաձայնել է Հայաստանի խնդիրների մասին ինչպես System of a Down-ի հետ համագործակցությամբ, այնպես էլ անհատապես։ «Իմ լավ ընկերոջ՝ Սեզար Գուեկյանի եւ Թոնի Այոմիի հետ համագործակցությունն ինձ համար երազանք էր,-ասել է Թանկյանը:- Ուրախ եմ, որ մենք օգտագործում ենք մեր հարթակը նման մեծ բարեգործության համար: Ճիշտ մտադրություններով երաժշտությունը կարող է ոգեշնչել եւ դրական փոփոխություններ ստեղծել»:

Այոմին հավելել է. «Հիանալի էր Սերժի հետ կրկին համագործակցելն ու Սեզարի հետ համատեղ երգ թողարկելը։ Հայերը, իսկապես, հիանալի ժողովուրդ են, եւ ես շատ ուրախ եմ նման գործում ներգրավված լինելու համար»: Երգից բացի, աճուրդի է հանվում Թանկյանի «Մեր սարերը» վերնագրով բնօրինակ նկարը, ինչպես նաեւ 2023 թվականի Les Paul Standard կիթառը, որը զարդարված է նշված կտավի պատկերով: Երկու իրերի համար էլ սակարկություններ կարող են կատարվել Julien’s Auctions-ում:

 

 

 

ԴԻՄԱՀԱՐԴԱՐԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը՝ Սերգեյ Գրիգորյանը, դատի է տվել նրան որդու պատճառով. հաղորդում է Super-ը։ Սերգեյ Գրիգորյանը բացատրել է, որ չի ցանկանում հրապարակել ընտանեկան գործերի բոլոր մանրամասները, սակայն նա ասել է, որ առ այսօր որդու՝ Գասպարի ծննդյան վկայականում ինքը նշված չէ որպես հայր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տղայի ծննդյան պահին զույգն ամուսնացած չի եղել։ «Պատճառն իմ անհեռատեսությունն ու վստահությունն էր»,- ասել է Գրիգորյանը։ Նա նաեւ որոշել է չասել, թե որքան հաճախ է տեսնում Գասպարին, եւ արդյոք դիմահարդարը խանգարում է որդու հետ շփմանը։

 

 

ՄԵԴԱԼ Է ՆՎԱՃԵԼ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան պրիում, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար. այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

96 կգ քաշայինների «Պոկում» վարժությունում Հովհաննիսյանը ցույց է տվել 170 կգ արդյունք, իսկ «Հրում» վարժությունում գլխավերեւում պահել է 200 կգ կշռող ծանրաձողը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք (170 + 200 կգ):

Ավելի վաղ 18-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր Գրան պրիի բրոնզե մեդալակիր՝ մեծահասակների պայքարում նվաճելով իր առաջին մեդալը:

Երիտասարդների աշխարհի ոսկե մեդալակիր, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում ցույց էր տվել 189 կգ արդյունք եւ կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին: «Պոկում» վարժությունում հայ մարզուհին գլխավերեւում պահել էր 81 կգ կշռող ծանրաձողը, իսկ «Հրում» վարժությունում՝ 108 կգ-ն:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում, Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, մրցավայր են մեկնել նաեւ Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

 

 

 

ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՇԱՊԻԿԸ

Բրազիլիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը բրազիլական «Սանթոսի» նախագահ Մարսելո Տեյշերային խնդրել է չօգտագորել 11 համարը մինչեւ իր վերադարձը։

«Մենք սպասում ենք Նեյմարի վերադարձին։ Նրա անունից ինձ խնդրել են չօգտագործել 11 համարը մինչեւ իր վերադարձը։ Ես արդեն երջանիկ եմ եւ լիահույս։

Երկրորդ դիվիզիոնում մենք կհրաժարվենք նաեւ 10 համարից, որով ժամանակին հանդես է եկել Պելեն։ Նոր աստղը կհայտնվի այն ժամանակ, երբ մենք վերադառնանք ուժեղագույն դիվիզիոն։ 11 համարը կսպասի մեր աստղի վերադարձին»,- Տեյշերայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

 

 

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ակումբի ղեկավարությանը խնդրել է ազատվել անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյից, որը կարգապահական խնդիրների պատճառով սեպտեմբերից հեռացված է գլխավոր թիմից եւ առանձին է մարզվում։

«Մանչեսթեր Յունայթեդը» Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» խնդրել է Ջեյդոն Սանչոյին փոխանակել  բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյա Դիասի հետ. հաղորդում է Sport.es-ը։

 




Լրահոս