ՖՈՏՈ․ Երբեք չէի պատկերացնի, որ Աստված այսքան համերաշխ քույր ու երղբայրներին այսպես կբաժանի. մի ընտանիքի պատմություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ ընտանիքը մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։ Ցավոք, ես այդ հայրենիքի համար տվել եմ ամենաթանկերիս՝ հորս ու ավագ եղբորս: Ինչպես հայրս թողեց երեք երեխաներին մորս փխրուն ուսերին, այնպես էլ տարիներ անց եղբայրս անմահացավ՝ թողնելով երեք երեխաներին ու երիտասարդ կնոջը մենակ՝ այս անխիղճ աշխարհում»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասել է քույրը՝ Սիրվարդ Սիմոնյանը։

Սիրվարդի ավագ եղբայրը՝ Վիտալին 12 տարեկան էր, երբ արցախյան առաջին գոյամարտում զոհվեց հայրը՝ Բորիս Սիմոնյանը: Քրոջ խոսքով՝ հոր մահից հետո հոգսը մնաց մոր՝ Աիդայի, և փոքրիկ Վիտալիի փխրուն ուսերին: Տուն կառուցեց, ամուսնացավ ու շարունակեց շենացնել հոր արյամբ շաղախված հայրենի Կոճողոտը:

Որպես կամավոր` մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին, ծանր վիրավորվել, ապաքինվելուց հետո վերադարձել ծառայության:

«Հորս մահից հետո տան ավագը Վիտալին էր, ինքն էր հոգում տան բոլոր խնդիրները: Ամեն հարցում թև ու թիկունք էր կանգնում մորս: Իսկական տան ավագ էր. տան ամեն հոգս ինքնուրույն էր լուծում՝ առանց մորս անհանգստացնելու: Փոքրուց էլ այդպես տղամարդ մեծացավ»,- ասում է քույրը:

Երկու եղբայրներն էլ՝ Վիտալին ու Վարդանը պայմանագրային զինծառայողներ էին, երբ սկսվեց պատերազմը: Շրջափակման հետևանքով քույրը՝ Սիրվարդը, երկու որդիների հետ մնացել էր Երևանում: Առաջինը Վիտալիին զանգեց, մեկ րոպե խոսեց կապն ընդհատվեց:

«Չգիտեմ ինչու, առաջինը Վիտոյին զանգեցի, քիչ խոսեցինք, ընդհատվում էր կապը։ Ասացի՝ ուշադիր կլինես։ Քանի որ Երևանից զանգել հնարավոր էր, իսկ ներսում կապը նորմալ չէր աշխատում, եղբայրս խնդրեց զանգել ընտանիքին ու ասել, որ մի կերպ կապվեն իր հետ, ասաց․ «Կարող ա վերջին խոսելս լինի, կռիվ է, չգիտես ինչ կլինի…»։

Այդպես էլ չխոսեց երեխաների հետ։ Հետո Վարդանի հետ խոսեցի։ Պարզվեց, որ Վարդանն էլ Վիտոյին էր զանգել ու ասել՝ «Քո տեղն ավելի վատ է, զգույշ կլինես, սա կռիվ չի, վերևից կրակ է թափվում, կոտորած է»,- պատմում է Սիրվարդը: Քույրը միայն հաջորդ օրն իմացավ եղբոր զոհվելու մասին: Ասում է՝ այդ ամբողջ ընթացքում զանգել է նրան, բայց զանգերն այդպես էլ անպատասխան էին մնում: Հետո զինակից ընկերներից իմացավ, որ Վիտալին, որ բոլորին ուժ էր տալիս զոհվել է Չարեքտարի դիրքերում: Սիրվարդն ասում է. «դաժան ցավ է ո՛չ ես, ո՛չ էլ եղբայրս չկարողացանք այդպես էլ մասնակցել եղբորս հուղարկավորությանը: Ես Երևանում էի, եղբայրս էլ Մարտակերտի դիրքերում»:

«Երբեք չէի պատկերացնի, որ Աստված այսքան համերաշխ քույր ու երղբայրներին այսպես կբաժանի: Ծանր կորուստ է… Հիմա աշխատում ենք գոնե մի կերպ եղբորս մարմինը տեղափոխել Երևան»,- ասում է քույրը:

Նանիկ Աղասյան




Լրահոս