«Բյուջեի տրամաբանության հետ կապված խնդիրներ կան»․ ինչ որոշում ունի «Ազգային առաջընթաց»-ը Երևանի բյուջեի մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանին հերթական նիստն է անելու:

Օրակարգում, ի թիվ այլ հարցերի, Երևանի 2024թ-ի բյուջեն և զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու հարցն է լինելու:
Համայնքի բյուջեն ներկայացնում է համայնքի ղեկավարը, հաստատում՝ բյուջեն: Ավագանու նիստին բյուջեն հաստատվում է պարզ մեծամասնական կարգով, այսինքն՝ նիստին ներկա ավագանու անդամների մեծամասնության քվերակությամբ:
ՔՊ-ն և նրանց հետո կոալիցիա կազմած «Հանրապետություն»-ը միասին ունեն 33 մանդատ, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ 34: Այսինքն, բյուջեն հաստատելու համար իշխանությանն անհրաժեշտ է լինելու ընդդիմությունից մեկ ձայն ստանալ:

ArmLur.am-ը այս առիթով զրուցել է ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ որոշում ունի ձեր խմբակցությունը՝ մասնակցելու՞ եք ավագանու նիստին, ինչպե՞ս եք քվեարկելու:

-Դեռ չունենք, բայց նախնական` բյուջեի մասով մեր վերաբերմունքը բացասական է, քննարկում կանենք և վերջնական որոշում կկայացնենք:

-Հակված եք բոյկոտե՞լ նիստը, թե՞ դեմ քվեարկել:

-Չեմ կարծում՝ կբոյկոտենք, ավելի հավանական է, որ դեմ կքվեարկենք:

-Ձեր խմբակցությունը ֆինանսիստների հատուկ խումբ էր ձևավորել, որպեսզի ուսումնասիրեն բյուջեն և եզրակացություն ներկայացնեն: Պատրա՞ստ է արդեն բյուջեի մասով եզրակացությունը:

-Դեռ ուսումնասիրությունը չի ավարտվել, ուրբաթ օրը քննարկելու ենք այդ հարցը, բայց կարող եմ ասել, որ բյուջեի ծախսային մասը վիճահարույց է, քանի որ, մեր կարծիքով, կարևորությունն առաջնահերթություններին տրված չէ, այսինքն՝ տրանսպորտի հարցի լուծում, սոցիալական խնդիրների լուծում, մանկապարտեզներում ու դպրոցներում առկա խնդիրների լուծում, երկրորդ պլան են մղված: Շեշտը դրված է, օրինակ, փողոցի մայթերի սալիկները փոփոխելու վրա: Մենք անցել ենք այդ փողոցներով, սալիկներ փոխելն ավելի կարևոր չէ, քան, ենթադրենք, դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգումը:
Այսինքն՝ բյուջեի տրամաբանության հետ կապված խնդիրներ կան, խնդրահարույց կետեր կան:

-Ավագանու մյուս ֆրակցիաների հետ քննարկումներ անցկացրե՞լ եք բյուջեի մասով:

-Բյուջեի մասով քննարկում չենք արել, չգիտեմ՝ ինչ որոշում ունեն նրանք, բայց կարծում եմ՝ «Հանրային ձայն»-ը կգնա նիստին, ես չեմ կարծում՝ նիստը տապալելու հեռանկար կա, սա իմ անձնական կարծիքն է:

Զրուցեց Քրիստինա Մուշեղյանը




Լրահոս