Երեկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտարարեց. «Եթե փոփոխություն չլինի, եւ ղեկավարությունում մնա Արմեն Մելիքբեկյանը, «Փյունիկ»-ը չի մասնակցի Հայաստանի առաջնությանը, եւ ես կհեռանամ ֆուտբոլից, քանի որ իմաստ չեմ տեսնում։ Եթե Մելիքբեկյանը վերընտրվի, «Փյունիկ»-ի ոչ մի թիմ չի հայտավորվի հաջորդ մրցաշրջանի մրցումներին»։ Նշենք, որ «Փյունիկ»-ն այն ֆուտբոլային ակումբն է, որը հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն խմբում։ Այն Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է. 15 անգամ դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ՝ Հայաստանի գավաթակիր, եւ 9 անգամ էլ՝ սուպերգավաթակիր։ Բացի սա, «Փյունիկ»-ը համարվում է առաջնային ներդրողներից մեկը Հայաստանում: Ստացվում է հետեւյալ պատկերը. իշխանության հովանավորությունը վայելող ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնին եւս մեկ անգամ վերարտադրվելու պարագայում հարյուրավոր աշխատատեղեր են կրճատվելու, շուրջ 1700 երեխա միայն մայրաքաղաքում մնալու է առանց ֆուտբոլային ակումբի, որտեղ մարզվում են ու հետագայում կարող են որակյալ ֆուտբոլիստներ դառնալ։ Սրանից կարելի է ենթադրել, որ Մելիքբեկյանի հեռակա նպատակներից մեկն այս պարագայում հայկական ֆուտբոլի ոչ միայն ներկան, նաեւ ապագան հարցականի տակ դնելն է: Հարցի ցավոտ կողմերից մյուսը գործազրկությունն է. հարյուրավոր մարդիկ աշխատում են ֆուտբոլային ակումբում, եւ ակումբի փակվելը բերելու է նաեւ զանգվածային գործազրկության: Առաջանում է հարց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները տարբեր ամբիոններից բարձրագոչ հայտարարություններ են անում քաղաքացու դերի, իրավունքների պաշտպանության մասին, ի՞նչ են մտածում այս ուղղությամբ: Արդյոք իրենք հաշվարկե՞լ են, որ եթե այդ 1700 երեխան, որոնք Մելիքբեկյանի «թեթեւ ձեռքով» առանց մարզական ընտանիքի կմնան, իրենց ընտանիքի անդամների հետ համաժամանակյա բողոքի ալիք բարձրացնեն եւ համապատասխան վերաբերմունք ցույց տան Փաշինյանի եւ իր թիմի նկատմամբ, ո՞վ է տուժելու այս դեպքում: Որքանո՞վ է այս ամենը բարեխիղճ, երբ կշեռքի մի նժարին Մելիքբեկյանն է՝ իր աթոռով, մյուսին՝ 1700 երեխա ու իրենց ճակատագրերը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ պարզելու՝ ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել Նիկոլ Փաշինյանը, որ լուրջ արդյունքներ ցուցաբերած ֆուտբոլային ակումբը չփակվի, եւ արդյոք Փաշինյանը գոհ է Մելիքբեկյանի աշխատանքից: Ապա հիշեցնելով՝ հավելել ենք, որ ոչ հեռավոր անցյալում՝ դեռեւս 2018 թվականի ապրիլի 14-ին, Նիկոլ Փաշինյանը երբ ընդդիմադիր գործիչ էր, պոտենցիալ հեղափոխական, իր քայլերթի ժամանակ հասնելով ՀՖՖ շենքի մոտ, հայտարարեց. «Ռուբեն Հայրապետյա՛ն, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացի՛ր՝ քո խոստմանը համաձայն։ Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան Ռուբեն Հայրապետյանի ստեղծած ֆուտբոլի հավաքականը»։ Ընդգծենք, որ այդ ժամանակ հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանը 90-րդն էր, այժմ՝ 95-ն է, այսինքն՝ մեր հավաքականը 5 հորիզոնականով նահանջ է գրանցել հենց Մելիքբեկյանի պաշտոնավարման տարիներին։ Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:
Վերջին շրջանում քաղաքական դաշտում ակտիվորեն նոր թեզ է շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի վերջնական հանձնումից հետո ստեղծված այս լարվածությունը թոթափելու նոր տարբերակ է մտածել՝ գնալ արտահերթ ընտրությունների: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը որոշել է միանգամից մի քանի հարց լուծել. նախ՝ չնայած առկա մեծ դժգոհություններին՝ նա եւս մեկ անգամ կլեգիտիմացնի, կերկարաձգի իր իշխանությունը, ինչպես նաեւ խորհրդարան կբերի ՔՊ-ի սատելիտ քաղաքական ուժերին, ինչպես, օրինակ, «Հանրապետություն», ԼՀԿ, որոնք ավելորդ խոչընդոտներ չեն ստեղծի իր համար: Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու մտադրությունը հաստատում է նաեւ այն, որ վերջին շրջանում նա հաճախակի է հանդիպում կուսակցության վարչության, ինչպես նաեւ մարզային ակտիվի հետ, որպեսզի, նախ, տրամադրություններ ստուգի, բացի սա, քննարկի արտահերթ ընտրությունների գնալու հարցը: Ավելին՝ ՔՊ-ն արտահերթ ընտրությունների գնալուց առաջ որոշել է ամրապնդել իր դիրքերը՝ ազատվելով ընդդիմադիր համայնքապետերից, որոնք կարող են հետագայում խոչընդոտ հանդիսանալ իրենց համար: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվել է՝ արդյոք կուսակցությունում քննարկում կա արտահերթ ընտրությունների մասով. «ՔՊ-ն արտահերթ ընտրությունների այս պահին չի պատրաստվում, մենք պարզապես ինստիտուցիոնալ կուսակցաշինության գործընթաց ենք սկսել: Վարչության նախագահն էլ վարչության անդամների հետ պարբերաբար այցելում են մարզեր, տարբեր ձեւաչափերով շփումներ են ունենում տարածքային խորհուրդների, կառույցների եւ կուսակցականների հետ: Դրանով եւ՛ գաղափարաբանական հարցեր ենք շոշափում, եւ՛ ուղիղ կապ ենք պահպանում վարչության եւ կուսակցականների միջեւ, ինչպես նաեւ կուսակցաշինության գործընթացի շրջանակներում գաղափարական արժեհամակարգային բաղադրիչն ենք ամրացնում մեր կուսակցությունում: Արտահերթ ընտրությունների գնալու հարց չի քննարկվում»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացմամբ՝ համացանցում նախորդ տարի՝ Ամանորի շեմին, տարածվել էր մի լուսանկար, որտեղ պատկերված էր դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, որն ընտանիքի հետ մեկնում էր Դուբայ՝ Նոր տարին դիմավորելու։ Մեծ աղմուկ բարձրացրած այս լուսանկարի պատմությունն այդպես էլ չբացահայտվեց. ինչպե՞ս էր «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության տեսախցիկների նկարածը հայտնվել ՔՊ-ամերձ կայքերում: Մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության, իսկ Քաղավիացիայի կոմիտեն ոչ մի պաշտոնական հայտարարություն չարեց։ Այժմ, վերհիշելով եղածը, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Զվարթնոց» օդանավակայան՝ հասկանալու համար՝ արդյոք որեւէ գործընթաց եղել է, թե հիմա էլ, ինչպես այդ ժամանակ, հեշտ է օդանավակայանի տեսախցիկների արտահոսք ապահովել: «Ինչպես արդեն պատասխանել ենք Ձեր լրատվամիջոցի նախորդ հարցմանը, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն. առաջարկում ենք դիմել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե»: Մենք էլի կդիմենք…
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում այս օրերին լարված ու սպասողական իրավիճակ է: Բանն այն է, որ տարեվերջին բոլոր նախարարությունները պետք է ամփոփեն իրենց՝ այս տարվա գործունեությունը, Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հերթով այցելի նախարարություններ, որպեսզի նախարարները հաշվետվություն ներկայացնեն նրան իրենց կատարած աշխատանքի, արած-չարածի վերաբերյալ: Ինչպես գործադիրի մեր աղբյուրներն են փոխանցում, նախարարներն այս առիթով իրար են խառնվել ու շտկումներ են անում, բացթողումներն են լրացնում, թղթաբանության հետ կապված հարցերն են լուծում, որպեսզի Փաշինյանին «ստուգարքը» պատշաճ հանձնեն եւ հանկարծ գալիք տարում իրենց պաշտոններին հրաժեշտ չտան: