ՔՊ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն է:

 

 -Պարո՛ն Պետրոսյան, մենք գրել էինք, որ ժամանակին ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինք»-ի միջեւ համագործակցության հուշագիր կնքելու եւ համատեղ իշխանություն ձեւավորելու գործընթացը Դուք եք համակարգել, Դուք եք բանակցությունները վարել ու պայմանավորվածություն ձեռք բերել, որ դաշինքը կայանա: Ընդամենը օրեր առաջ այդ դաշինքը լուծարվեց, ինչո՞ւ:

-Բանակցությունները վարել է մեր կուսակցության վարչության նախորդ նախագահը՝ Սուրեն Պապիկյանը: «Բալասանյան դաշինք»-ի հետ մեր քաղաքական համագործակցության պաշտոնապես մեծ մասը տրվել է հենց այդ բանակցությունների հիման վրա՝ երկուստեք արված հայտարարությունների եւ հուշագրի ստորագրմամբ: Ես բանակցություններ չեմ վարել:

-Տպավորություն է, որ ՔՊ-ն որոշել է ազատվել բոլոր ընդդիմադիր համայնքապետերից, որոնք ՔՊ անդամ չեն. ինչպես Ալավերդիում եղավ վերջերս, հիմա նույնը որոշել եք կրկնել Գյումրիում, հաջորդը Գորիսն է: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հենց Նիկոլ Փաշինյանն է այդ որոշումը կայացրել, որ պետք է հնարավորինս սեղմ ժամկետում բոլոր ընդդիմադիր համայնքապետերին հեռացնել եւ բոլոր համայնքներում իշխանություն վերցնել:

-Բնավ այդպիսի որոշում չկա, ես սա պաշտոնապես եմ ասում: Ալավերդիում լրիվ այլ իրավիճակ է, Գյումրիում՝ տրամագծորեն այլ: Եթե Ալավերդիում պարզապես ավագանու մանդատ ստացած գործիչները վերախմբավորվեցին եւ արդյունքում ընտրեցին ՔՊ-ի ներկայացուցչին՝ որպես համայնքի ղեկավար, ապա Գյումրիում, ընդհակառակը, հուշագրով համատեղ կառավարում ստանձնած ձեւաչափից ՔՊ-ն հրաժարվեց եւ անցավ դասական ընդդիմադիր դաշտ եւ ընդդիմադիրի մանդատով է շարունակելու իր գործունեությունը Գյումրիում: Այսինքն՝ այդ համայնքներում տրամագծորեն այլ գործընթացներ են տեղի ունեցել, բայց երկուսն էլ քաղաքական առողջ գործընթացներ են. դա այլակարծության, ժողովրդավարության գործիքակազմեր են, որոնք կիրառել է ՔՊ-ն: Գյումրու ավագանու մեր ֆրակցիայի ղեկավարը՝ Քնարիկ Հարությունյանը, եւ երկու փոխքաղաքապետերը՝ ՔՊ մանդատով նշանակված եւ հրաժարական ներկայացրած, մամուլի ասուլիսով են հանդես եկել եւ սպառիչ պատասխաններ են տվել: Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետը հրահանգ է տվել ազատվել ընդդիմադիր համայնքապետերից, հստակ ասում եմ՝ չկա նման բան, վարչության նախագահը՝ նույն ինքը վարչապետը, նման խնդիր չի դրել. դա դեմ է մեր քաղաքականությանը եւ ժողովրդավարության սկզբունքներին:

-Պարո՛ն Պետրոսյան, վերջին շրջանում ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ ՔՊ-ն արտահերթ ընտրությունների է պատրաստվում, եւ սա է պատճառը, որ որոշել եք ազատվել ընդդիմադիր համայնքապետերից, որպեսզի հետո խնդիրներ չունենաք, ավելին՝ հենց սրա համար էլ վերջին շրջանում կուսակցությունը պարբերաբար փակ հանդիպումներ է ունենում թե՛ վարչության կազմով, թե՛ մարզային ակտիվի հետ:

-ՔՊ-ն արտահերթ ընտրությունների այս պահին չի պատրաստվում. մենք պարզապես ինստիտուցիոնալ կուսակցաշինության գործընթաց ենք սկել: Վարչութան նախագահն էլ վարչության անդամների հետ պարբերաբար այցելում են մարզեր, տարբեր ձեւաչափերով շփումներ են ունենում տարածքային խորհուրդների, կառույցների եւ կուսակցականների հետ: Դրանով եւ՛ գաղափարաբանական հարցեր ենք շոշափում, եւ՛ ուղիղ կապ ենք պահպանում վարչության եւ կուսակցականների միջեւ, ինչպես նաեւ կուսակցաշինության գործընթացի շրջանակներում գաղափարական արժեհամակարգային բաղադրիչն ենք ամրացնում մեր կուսակցությունում: Այս մասին վարչության նախագահը նաեւ Իջեւանում կայացած վերջին մարզային հանդիպմանն ասել է՝ ոմանք ասում են, թե սա արտահերթ ընտրությունների գնալու քայլ է, բայց նման բան չկա:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ԳԵՐԻՆԵՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

«Այս պահին Ադրբեջանում շարունակվում է մնալ եւս 23 ռազմագերի, որից 5-ը քաղաքացիական անձինք են, 10-ը՝ ռազմագերի, իսկ 8-ը՝ քաղբանտարկյալներ: Վերջիններս էլ հանդիսանում են Արցախի Հանրապետության նախկին պետական այրեր»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Ըստ մասնագետի՝ Ադրբեջանն այս քայլին է գնացել հիմնականում այն պատճառով, որովհետեւ Բաքվում պահվում են նաեւ Արցախի Հանրապետության նախկին պետական այրերը, որոնք մեծ կարեւորություն ունեն հակառակ կողմի համար: Նա նաեւ նշեց, որ նրանց մեղադրանք է առաջադրվել «սահմանի ապօրինի հատման, ահաբեկչության, ապօրինի զինամթերքի ձեռք բերման ու տեղափոխման եւ խոշտանգման համար» (չակերտները հեղինակային են):

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահակյանը նաեւ նշել է, որ այս վերջին քաղաքական գործոնների զարգացման ֆոնին հնարավոր է նաեւ հունվարին ռազմագերիների եւ քաղաքացիական գերիների հայրենադարձում լինի:

«Նույնը ասել չեմ կարող 8 քաղբանտարկյալների վերաբերյալ, որոնց, ենթադրում եմ, Ադրբեջանը երկար կպահի Բաքվում, քանի որ նրանց սպասվում է «բեմական» դատավարություն, եւ նրանց Բաքվում մնալը բխում է որոշ կարեւոր քաղաքական գործոններից»,- նշել է Սիրանուշ Սահակյանը:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԷՍՏՈՆԻԱՆ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ: Վերջինս X-ի իր միկրոբլոգում գրել է. «Հանդիպեցի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ես ընդգծեցի, որ Էստոնիան պարտք ունի Հայաստանին, քանի որ չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, եւ ես այդ գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»։

 

 

 

ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսի ոստիկանապետին եւ Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին ձերբակալել ու Երեւան են տեղափոխել Սյունիքի մարզում անտառներից ապօրինի մասսայական ծառահատումների քրեական վարույթի շրջանակներում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ապօրինի ծառահատումների «տանիքը» իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ի դեպ, ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հետ ձերբակալվել են նաեւ մոտ 10 անձինք: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում, ձերբակալել եւ Երեւան են տեղափոխել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գեւորգյանին եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին:

 

 

 

ԿՄՆԱՆ ԲԱՔՎՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը եւ Էնդրյու Թըրների նշանակումը՝ որպես առաջին ռեզիդենտ դեսպան, նոր խթան կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է. «Մենք հասկանում ենք, որ մեր անվտանգության առանցքային համակարգը ժողովրդավարությունն է: Լիահույս ենք, որ միջազգային գործընկերները կաջակցեն ժողովրդավար Հայաստանին տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործում»:

Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, անդրադարձել Ադրբեջանում գտնվող գերիների անհապաղ վերադարձին: Ալեն Սիմոնյանի խոսքով` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության իրականացումից հետո անգամ այդ երկրում դեռեւս հայ գերիներ կմնան:

Դեսպանը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել, նշել, որ Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը:

Նրա խոսքով՝ Կանադայի արտգործնախարարի այցը Հայաստան եւ դեսպանության բացումը Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու եւս մեկ ապացույց են:

 




Լրահոս