Հարավային Կովկասում ուժի կիրառման, հակամարտությունների էջը փակելու եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է բոլոր հարեւան երկրների հստակ հանձնառությունը եւ միջազգային գործընկերների ամուր, անկեղծ աջակցությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի եւ իմ վերջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի 18-ին Նյու-Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում՝ չհաշված երկու օր առաջ կարճատեւ զրույցը Բրյուսելում։ Ընդամենը երեք ամիս է անցել այդ հանդիպումից, սակայն տարածաշրջանում տեղի են ունեցել էական զարգացումներ։ Եթե սեպտեմբերին քննարկում էինք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցերը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հարցերը, ապա մեր հանդիպման հաջորդ իսկ օրը տեղի ունեցած իրադարձությունները՝ Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, էապես փոխեց պատկերը տարածաշրջանում։ Այսօր Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետեւանքով գրեթե հայ չի մնացել, եւ ավելի քան 100 հազար Լեռնային Ղարաբաղի հայեր փախստական են դարձել ու ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը գործուն ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքները հոգալու համար։
«Այստեղ եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել Էստոնիայի կառավարությանը փախստականների առաջնային անհրաժեշտության կարիքները հոգալու հարցում մեզ ցուցաբերած աջակցության համար։ Շատ խորհրդանշական է Էստոնիայի փախստականների խորհրդի կողմից երեւանյան գրասենյակի հիմնումը, որը պաշտոնապես այսօր կբացվի։ Գնահատում ենք նաեւ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ մեր ջանքերին աջակցող Էստոնիայի գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հայտարարությունները»,- ընդգծեց Միրզոյանը։
Խոսելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ Միրզոյանը նշեց, որ այժմ Հարավային Կովկասում ուժի կիրառման, հակամարտությունների էջը փակելու եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է բոլոր հարեւան երկրների հստակ հանձնառությունը եւ միջազգային գործընկերների ամուր, անկեղծ աջակցությունը:
«Կան, անշուշտ, մարտահրավերներ, կա բարդ պատմություն, բայց խաղաղության գործընթացում առաջ շարժվել հնարավոր է, եթե Ադրբեջանը եւս աներկբայորեն իր հավատարմությունը ցույց տա խաղաղության գործընթացին եւ հանրահռչակված սկզբունքներին, հստակ սահմանների փոխադարձ ճանաչմանը, տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ առանց երկիմաստությունների, ինչպես նաեւ հայտնի սկզբունքների հիման վրա տարածաշրջանային, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը եւ վերագործարկմանը: Այս առումով մենք կարեւոր ենք համարում նաեւ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որով հանդես է եկել Հայաստանը»,- ասաց Միրզոյանը։
Հավելենք, որ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ վերը թվարկված սկզբունքները հավանության են արժանացել Գրանադայում քառակողմ հանդիպմանը ողջ միջազգային հանրության կողմից, եւ դրանք նույն այն սկզբունքներն են, որոնք արտացոլված են նաեւ ավելի վաղ՝ հուլիսին, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ, որը նա արել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ իր եռակողմ հանդիպման արդյունքներով:
ՆԻՍՏ ԿՀՐԱՎԻՐԵՆ
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 11-ին, խորհրդարանն ավարտեց իր հերթական նիստը, իսկ երեկ ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրել, որի ընթացքում երեք օրենքի նախագիծ ընդունեց, այդ թվում՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը, որը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ պատգամավորներից տեղեկացավ, որ մինչեւ տարեվերջ խորհրդարանը եւս մեկ արտահերթ նիստ կգումարի, քանի որ օրենքի նախագծեր կան, որոնք դեռ պետք է քննարկվեն:
ԼՔՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Վերջին մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի բնակչությունը կազմում է 2 մլն 963,3 հազար մարդ։ Ստորեւ ներկայացնում ենք 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչությունը՝ ըստ սեռի եւ տարիքի։ Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ ՀՀ մշտական բնակվողները 30-35 տարեկան կանայք եւ տղամարդիկ են։
45-50 տարեկան կանայք եւ տղամարդիկ լքում են Հայաստանը՝ ըստ երեւույթին, կապված արտագնա աշխատանքի հետ։ Սա կարող է կապված լինել նաեւ մահացությունների թվաքանակի հետ, սակայն նման հստակ վիճակագրական տվյալ չկա։
Հայաստանի բնակչության 80-ից բարձր տարիքային շեմ ունեցող կանանց թիվը կազմում է 3.7 %, իսկ 80-ից բարձր տղամարդկանց թիվը՝ 2.3 %։
ՀԱՅՏՆՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սուրեն Աղասու Էլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային կազմի պահեստազորային, կոչումով շարքային, պարտավոր լինելով մասնակցել 2023 թվականի հոկտեմբերի 03-ից մինչեւ հոկտեմբերի 27-ն անցկացվող վարժական հավաքներին, Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Տաշիրի բաժանմունքի կորմից պատշաճ ծանուցված լինելով տարածքային ստորաբաժանում ներկայանալու մասին, չի ներկայացել եւ չի մեկնել վարժական հավաքի:
ԳԵՐԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ: Մեր վերադարձած եղբայրների անվանացանկը հետեւյալն է՝
- Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի
- Ավագյան Սերոբ Սուրենի – Շիրակ, Զույգաղբյուր
- Ավագյան Տիգրան Մանուկի – Շիրակ, Գյումրի
- Ավետիսյան Վաղարշակ Աշոտի – Շիրակ, Զույգաղբյուր
- Արամյան Կարեն Արմենի – Շիրակ, Աշոցք
- Բահրիկյան Վահագն Էդիկի – Շիրակ, Ախուրյան
- Բաղդասարյան Արթուր Էդուարդի – Շիրակ, Գյումրի
- Գեւորգյան Ռոբերտ Հովիկի – Շիրակ, Ախուրյան
- Դիլանյան Արման Վազգենի – Շիրակ, Զույգաղբյուր
- Եղիազարյան Սասուն Սեյրանի – Շիրակ, Անի
- Թադեւոսյան Հրայր Վարդանի -Շիրակ, Աշոցք
- Թոսունյան Լեւոն Աշոտի – Շիրակ, Աշոցք
- Իսանյան Արեն Արայի – Ստեփանակերտ
- Կիրակոսյան Էդուարդ Արմենի – Շիրակ, Գյումրի
- Կոստանյան Նարեկ Աղասու – Շիրակ, Արթիկ
- Հակոբյան Վոլոդյա Գագիկի – Շիրակ, Սառնաղբյուր
- Հարությունյան Վարազդատ Սերյոժայի – Շիրակ, Ախուրյան
- Հերաբյան Հրայր Հրաչի – Շիրակ, Աշոցք
- Հովագիմյան Հարություն Յուրիկի – Սյունիք, Կապան
- Հովհաննիսյան Հայկազ Կորյունի – Շիրակ, Ախուրյան
- Ղազարյան Կարեն Աշոտի – Տավուշ, Դիլիջան
- Մարտոյան Մանուկ Հովհաննեսի – Շիրակ, Լանջիկ
- Մարտիրոսյան Գեւորգ Սամվելի – Շիրակ, Գյումրի
- Միքայելյան Անդրանիկ Վազգենի – Շիրակ, Գյումրի
- Ոսկանյան Գագիկ Աշոտի – Երեւան
- Ռաֆաելյան Վլադիմիր Օթարիի – Արմավիր, Վաղարշապատ
- Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի – Շիրակ, Աշոցք
- Սարգսյան Իշխան Աշոտի – Երեւան
- Սերոբյան Գեղամ Սամվելի – Շիրակ, Զույգաղբյուր
- Սուքիասյան Անդրանիկ Սրապի – Շիրակ, Գյումրի
- Ստեփանյան Դավիթ Ստեփանի – Շիրակ, Փանիկ
- Վարդանյան Արսեն Արայիկի – Շիրակ, Անի: