Էրդողանն արդեն ուղիղ ասում է՝ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է ԱՄՆ-ի եւ Կանադայի զիջումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը կարող են արագացնել ԱՄՆ-ում եւ Կանադայում «դրական տեղաշարժերն» այն որոշումների վերաբերյալ, որոնք Անկարան ցանկանում է, հաղորդում Է Reuters-ը:

«Դրական տեղաշարժերը, որոնց մենք սպասում ենք F-16-ի հարցով ԱՄՆ-ից եւ Կանադայի խոստումներից կնպաստեին Շվեդիայի վերաբերյալ մեր խորհրդարանի դրական մոտեցմանը․․․ Այդ ամենը կապված են»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

Էրդողանը նաև ասել է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է կործանիչների հարցը, և որ նրանք ուղղակիորեն քննարկել են, որ Թուրքիան Շվեդիայի վերաբերյալ որոշումը պետք է անցկացնի խորհրդարանի միջոցով, իսկ Բայդենը կաշխատի, որպեսզի Կոնգրեսը համաձայնություն տա Թուրքիային F-16-ներ վաճառելու որոշմանը:

2021 թվականից ի վեր Թուրքիան փորձում է համաձայնություն ստանալ 40 կործանիչներ և գրեթե 80 ինքնաթիռների արդիականացման հավաքածու գնելու համար, որոնք արդեն ունի իր սպառազինության մեջ։

Բայդենի վարչակազմն արդեն համաձայնել է վաճառել, բայց Կոնգրեսում քննարկումները շարունակվում են՝ եւ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում Էրդողանի խաղի, եւ Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի պատճառով:

Կանադան համաձայնել է վերսկսել բանակցությունները Թուրքիայի հետ՝ անօդաչու թռչող սարքերի մասերի և օպտիկական պարագաների արտահանման հսկողության վերացման շուրջ այն բանից հետո, երբ ամռանը Էրդողանը հայտարարել էր, որ այլևս չի արգելափակի Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ։

Ինչպես հայտնի է, Թուրքիան եւ Հունգարիան դաշինքի վերջին անդամներն են, որոնք մինչ օրս չեն վավերացրել Շվեդիայի անդամակցությունը։ Էրդողանն արդեն վաղուց անհրաժեշտ նախագիծը ներկայացրել է խորհրդարան, սակայն այնտեղ չեն շտապում քննարկել՝ ֆորմալ կերպով դա բացատրելով նրանով, որ հարցն առաջնային չէ։




Լրահոս