Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի 34 թիմ եւ երկու գլխավոր թիմեր չեն հայտավորվի հաջորդ տարվա Հայաստանի ֆուտբոլի առաջնություններին, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմը վերընտրվի:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Փյունիկ» ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը:
Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերջին 4 տարվա գործունեությունը` շեշտելով, որ վերջին տարիներին հայկական ֆուտբոլից հեռացել են բազմաթիվ ներդրողներ, ֆեդերացիան աշխատանքներ չի տանում մանկապատանեկան մասսայական ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ, պատանեկան առաջնություններում գրանցված արդյունքները ենթադրել են տալիս, որ այդ տարիքային խմբերում մրցակցության բացակայություն կա: Ըստ Սողոմոնյանի՝ առկա խնդիրներից են նաեւ պատանեկան թիմերում որակավորված մարզիչների բացակայությունը, երիտասարդական հավաքականի անհաջող ելույթների շարքը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում եւ այլն:
«Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի շարք կազմակերպություններից ստացել է մոտ 70 միլիոն եվրո: Ես չգիտեմ, թե որտեղ են ծախսվել այդ գումարները: Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվի Արմեն Մելիքբեկյանը, եւ փոփոխություն չլինի, «Փյունիկ»-ը կդադարի մասնակցել Հայաստանի առաջնությանը»,-ասաց Սողոմոնյանը:
Վերջինս կոչով դիմեց ՀՖՖ նախագահի ընտրությանը մասնակից գործկոմի անդամներին` ընդգծելով, որ ընտրվում է ոչ միայն ֆեդերացիայի նախագահ, այլեւ ընտրում են երկրի ֆուտբոլի ապագան:
Երեւանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն իր խոսքում շեշտեց, որ ՀՖՖ-ն վախի մթնոլորտ է ստեղծել, եւ ֆեդերացիային կոչ արեց առավել թափանցիկ գործել:
Նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը հորդորեց ցույց տալ 4 տարվա ընթացքում կատարված աշխատանքը, որը նրանց իրավունք կտա շարունակել ֆեդերացիայի ղեկավարումը։
«Փյունիկ»-ը դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում կքվեարկի Արաս Օզբիլիզի օգտին:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցում են հետեւյալ մարզիկները՝
Արթուր Ալեքսանյան-2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Արման Աղաջանյան-2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Մալխաս Ամոյան -2023թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Արման Անդրեասյան-2023թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Արման Ավանեսյան-2023թ.՝ սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Հովհաննես Բաչկով -2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Դավիթ Գրիգորյան-2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Վահրամ Գրիգորյան-2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Վարսիկ Գրիգորյան-2023 թ.՝ սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության արծաթե, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Արթուր Դավթյան-2023 թ.՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե եւ բրոնզե մեդալակիր,
Վազգեն Թեւանյան-2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Վարազդատ Լալայան-2023 թ.՝ ծանրամարտի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր,
Արսեն Հարությունյան-2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Նարեկ Մանասյան-2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Բորիս Շատվերյան-2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր,
Վահագն Չալյան-2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Ավետիք Պողոսյան-2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Գոռ Սահակյան-2023 թ.՝ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Սարգիս Վարդանյան-2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Վաչիկ Վարդանյան-2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ցանկից ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները կատարելու են տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը: Նրանք իրականացնելու են բաց քվեարկություն՝ մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով եւ լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ:
ՀԱԿԱՌԵԿՈՐԴ Է ԳՐԱՆՑԵԼ
«Մանչեսթեր Յունայթեդը» հակառեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում։
Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը դարձավ առաջին անգլիական ակումբը, որը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում բաց թողեց 15 գոլ. հաղորդում է Opta-ն։
«Մանչեսթեր Յունայթեդը» Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» պարտվեց 3:4 եւ 0:1 հաշվով, թուրքական «Գալաթասարային» պարտվեց 2:3 հաշվով, նաեւ 3:3 հաշվով ոչ-ոքի խաղաց ստամբուլյան թիմի հետ, դանիական «Կոպենհագենին» պարտվեց 3:4 հաշվով, հաղթեց 1:0 հաշվով։
A խմբից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս եկան «Բավարիան» ու «Կոպենհագենը», Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ՝ «Գալաթասարայը»։ «Մանչեսթեր Յունայթեդը» գրավեց վերջին տեղը։
ՉԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են խմբային 6-րդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարի մեջ մտան A, B, C, D խմբերի թիմերը:
A խմբում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով զիջեց «Բավարիա»-ին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Նույն խմբում «Կոպենհագեն»-ը նույն հաշվով հաղթեց «Գալաթասարայ»-ին:
B խմբում «ՊՍՎ»-«Արսենալ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Լանս»-ը տանը հաղթեց «Սեւիլիա»-ին 2:1 հաշվով:
C խմբում «Ունիոն Բեռլին»-ը 2:3 հաշվով պարտվեց Մադրիդ «Ռեալ»-ին, «Նապոլի»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Բրագա»-ի դարպասը:
Եվ D խմբում «Ինտեր»-«Ռեալ Սոսիեդադ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց` 0:0, իսկ «Բենֆիկա»-ն արտագնա խաղում հաղթեց «Զալցբուրգ»-ին 1:3 հաշվով:
ՍՊԵՐՑՅԱՆԻ ԱՐԺԵՔԸ
Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն աճել է 3 միլիոն եվրո եւ կազմում է 18 միլիոն եվրո. հաղորդում է Transfermarkt-ը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից Էդուարդ Սպերցյանն ունեցել է տրանսֆերային արժեքի ամենամեծ աճը։
«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության 18 խաղում վաստակել է 38 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։