ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի նախկին իրավաբան-փորձագետ Իգոր Միրզախանյանը դատի է տվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը մեզ հայտնեց, որ Իգոր Միրզախանյանն աշխատանքից ազատվել է 26.06.2022 թվականին:
Նա դիմել է ՀՀ վարչական դատարան պահանջելով.
«19.10.2023թ. հրամանագիրն ու այդ հրամանագրի համար հիմք հանդիսացած 28.09.2023թ. հրամանագիրն անվավեր ճանաչել»։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից հայտարարություն է տարածվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։
Մասնավորապես՝ ըստ այդ հայտարարության մինչև 2024թ․ հունվարի 1-ը կլուծարվեն իրենց գերատեսչական իրավասության տակ գտնվող բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը սույն հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։
Հավելենք, որ մինչ օրս ոչ ոք չի տեսել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը: