ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ժողովուրդ» օրաթերթի այցը «Դեֆանս Հաուզինգ» թաղամաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեֆանս Հաուզինգ» ընկերութունը որևէ խնդիր չունի, և ընկերությունը, ըստ պլանավորած ժամանակացույցի, առաջ է գնում: Այս մասին մեզ հետ զրույցում վստահեցրեց «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն Կարեն Կարապետյանը: Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն, որը թաղամասի կառուցապատողն է, ունի որոշակի ֆինանսական խնդիրներ: Բանն այն է, որ մեր խմբագրություն էին զանգահարում քաղաքացիներ՝ նշելով, որ ընկերությունում կա արտադրական տեմպերի որոշակի անկում և իրենք անհանգստացած են այդ հանգամանքով:

ԵՎ այսպես ArmLur.am-ի նկարահանող խումբը գնաց քաղաքացիների մտահոգությունների և ընկերության հիմնադիր տնօրենի վստահեցումների հետքերով, և մեր նկարահանող խումբը «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերության հրավերով այցելեց թաղամաս անձամբ տեղեկանալու շինաշխատանքների ընթացքի մասին: Ըստ ընկերության ղեկավարության, ոչ միայն չեն նվազել կառուցապատման արտադրական տեմպերը, այլ ընդհակառակը՝ ավելի արագացված են կատարվում: Պարզապես, շինարարական գրաֆիկի համաձայն, ներկա փուլում հիմնական շեշտը դրված է ներքին և արտաքին պատերի կառուցմանը, որը հնարավորություն կտա 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներից սկսած՝ կատարել պատուհանների տեղադրման և շենքերի երեսպատման աշխատանքները, իսկ 2024 թվականի ավարտին ամբողջությամբ պատրաստ կլինեն շենքերի երկաթբետոնյա կոնստրուկցիաները: Նախ արձանագրեցինք, որ Դեֆանս Հաուզինգ թաղամասի կառուցապատման մեկնարկը տրվել է 2022 թվականին: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ կառուցապատումը ընթանում է 3 փուլով: Առաջին փուլում 43 հա տարածքի վրա կառուցվում են 66 բազմաբնակարանային շենքեր, կենտրոնական անտառ-պուրակ, ինչպես նաև դպրոցներ և մանկապարտեզներ, այդ ամենի ավարտը նախատեսված է 2025 թվականի վերջին:

Հենց շինհրապարակում մենք ականատես եղանք, որ արդեն հիմնականում կառուցված է վերոնշյալ շենքերի 9-12 հարկերը: Ուշագրավն այն է, որ մինչ կառուցվում են 66 բազմաբնակարանային շենքերը, բավականին ակտիվ կերպով ընթանում են թաղամասի ներքին ճանապարհային ցանցի կառուցման աշխատանքները, որտեղ ներգրավված են ընկերության մեծ քանակությամբ շինարարական տեխնիկաներ:

Ակնկալվում է, որ թաղամասի երկրորդ փուլի՝ 35 հա տարածքի վրա նախատեսված 42 բազմաբնակարան շենքերի և բիզնես կենտրոնի կառուցապատման շինթույլտվությունը կտրամադրվի 2024 թվականի սկզբին և այդ ընթացքում էլ կսկսվեն դրա համատարած շինաշխատանքները:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ գնորդների և ցանկացողների համար շաբաթական 2 անգամ կազմակերպվում են այցեր շինհրապարակ՝ հետևելու շինարարության ընթացքին ու որակին՝ փոխադարձ վստահության ամուր կապ ստեղծելով գնորդի և ընկերության միջև՝ համահունչ «Այստեղ դու տանն ես» ընկերության կարգախոսին:
Շինարարության առաջին իսկ օրվանից, շուրջ 24 հեկտար մակերեսով հողատարածքի վրա հիմնվում է թաղամասի կենտրոնական անտառ-պուրակը: Արդեն իսկ հաջողությամբ կատարվել է Իտալիայից բերված սոսիների, կարմրատերև թխկիների, արծաթափայլ եղևնիների մեծ հատվածի ծառատունկը, որի աշխատանքներում ներգրավված են իտալացի դենդրո մասնագետներ։ Իրականացվելու են դեկորատիվ տնկիների և 1000-ից ավելի վարդերի թփերի տնկման աշխատանքներ: Կենտրոնական անտառ-պուրակում կառուցվելու են 2500 մետրից ավելի երկարությամբ հեծանվուղիներ, վազքուղիներ և մինչև 6 մետր լայնությամբ լուսավորված ճեմուղիներ: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, 2024 թվականի առաջին եռամսյակում ամբողջությամբ կգործարկվեն կենտրոնական անտառ-պուրակի թվով 5 շատրվանային կոմպլեքսները: Ավելին, բացի նշված շուրջ 24 հա կենտրոնական անտառ-պուրակից ընկերությունը թաղամասի բարեկարգման աշխատանքների ընթացքում կստեղծի ևս 25 հա կանաչապատ տարածքներ:

Ի վերջո, արձանագրեցինք, որ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ի կողմից Հյուսիս-Հարավ մայրուղու հարևանությամբ՝ Աջափնյակ վարչական շրջանում, 45 հազար բնակչի համար նախատեսված նոր թաղամասի կառուցման աշխատանքները լայն թափով իրականացվում են և ժամկետի շրջանակում են։
Կարծում ենք որ հետագայում ևս «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը կստեղծի հնարավորություն այցելելու շինհրապարակ և լուսաբանելու թաղամասի շինաշխատանքների ընթացքը:




Լրահոս