Վերջին շրջանում իշխանությունների՝ արտահերթ ընտրությունների գնալու մասին խոսակցությունները նոր թափ են ստանում:
Այս առիթով ArmLur.am-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, արտահերթ ընտրությունների մասին այս թեժ խոսակցությունները որքա՞նով են իրական, արդյո՞ք ՔՊ-ն 2024-ի գարնանը կամ աշնանը արտահերթ անելու ծրագրեր ունի:
-ՔՊ կուսակցությունում նման քննարկում չկա, արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում: Ես ինքս էլ բազմիցս այս մասին խոսել եմ, բայց, չգիտես ինչու, մեր ասածները երկրորդ պլան են մղվում և, չգիտես որտեղից, խոսակցություններ են տեղում արտահերթի մասին:
– Խոսակցությունների համար հիմք է տվել այն, որ վերջին շրջանում ՔՊ-ն առավել հաճախակի է նիստեր անում, Փաշինյանը հանդիպումներ է ունենում մարզային ակտիվի հետ: Սրանից ելնելով՝ խոսակցություններ են շրջանառվում, որ պատրաստվում եք արտահերթ ընտրությունների:
-Նիստերը կուսակցության ներքին հարցերին են վերաբերվում, քննարկումներ են ընթանում ՝ արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության մասով, բայց այդ նիստերի ժամանակ արտահերթ ընտրությունների մասին խոսակցություն չի եղել:
-Քաղաքական դաշտը պնդում է, որ Ադրբեջանում փետրվարին կայանալիք արտահերթ ընտրությունների եւ ՔՊ արտահերթի ծրագրերը զուգադիպություն չեն: Ի՞նչ ընդհանրություն կա:
-Իրենք տեսնում են ընդհանրություն, թող տեսնեն: Մեզ մոտ նման հարց չի քննարկվում, բայց մտացածին նման հարց են առաջ բերում, որպեսզի մի հատ էլ ընդհանրություն գտնեն, դա ավելի շատ խոսում է մեր միասնության մասին:
Քրիստինա Մուշեղյան