Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդը:
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների լուծման գործում: Փոխվարչապետը հատկապես կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 2021-2025 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների հասցեագրմանն ուղղված մարդասիրական արձագանքի ներառումը:
Ռեգինա Դե Դոմինիկիսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Կառավարության հետ փոխգործակցության շարունակականությունն ու ընդլայնումը՝ երեխաների կարիքների պատշաճ գնահատման և հասցեագրման նպատակով:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի: