ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ԱԱԾ է այցելել, շքանշաններ բաժանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով: Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել կատարված և կատարվող աշխատանքի համար: Իհարկե, ինչպես բոլորիս աշխատանքը, Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն էլ անթերի չէ և չէր կարող լինել, բայց պիտի արձանագրեմ, որ ընդհանուր առմամբ՝ Ազգային անվտանգության ծառայությունը նախորդ տարվա ընթացքում կատարել է անվտանգությունն ապահովելու իր առջև դրված խնդիրը: Եվ այս առումով, մենք վստահ ենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի որակը գնալով բարելավվում է և, իհարկե, կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ազգային անվտանգության ծառայության և մեր երկրի պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ հզորացումն առաջնահերթություն է կառավարության համար: «Եվ Ազգային անվտանգության ծառայությունը հասկանալիորեն այս ուշադրության իմաստով ամենևին էլ երկրորդական տեղերում չէ, և տնօրենն արդեն նշեց՝ 2018 թվականից ի վեր Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումն, ըստ էության, եռապատկվել է:

Այստեղ պետք է արձանագրենք, որ այդ ֆինանսական միջոցների ավելացումը հիմնականում ծառայում է երեք հիմնական նպատակների: Առաջինը՝ ծառայության տեխնիկական հագեցվածությունը, երկրորդը՝ նաև ենթակառուցվածքների բարելավումը: Եվ նաև շատ կարևոր ենք համարում, որ էական միջոցներ են հատկացվում ծառայողների սոցիալական վիճակը բարելավելու, աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ: Այս առումով, կարևոր է կամավոր ատեստավորման գործընթացը: Ես գիտեմ, որ ինչպես մեր շատ կարևոր կառույցներում, կամավոր ատեստավորման գործընթացի նկատմամբ ի սկզբանե լինում է որոշակի հոռետեսություն, բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և կառավարությունն ունի երկու խնդիր լուծելու: Առաջինը, որ պետական ծառայողները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության, ավելի ու ավելի մեծ աշխատավարձ ստանան՝ իրենց ծառայության նշանակությանը համարժեք: Եվ երկրորդը՝ շատ կարևոր է, որ մենք ամենայն հարգանքով բոլորի և յուրաքանչյուրի մասնագիտական կարողությունների նկատմամբ, բայց ընդհանուր առմամբ ճիշտ է, որ յուրաքանչյուր աշխատանքի մեջ խթան է լինում յուրաքանչյուրին լրացուցիչ ազդակ տալու, որպեսզի մենք կենտրոնանանք մեր մասնագիտական կարողությունները և հմտություններն ավելացնելու վրա:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ մենք այս հարցն անընդհատ ենք քննարկում, որ շատ կարևոր է պատշաճ ձևով ծառայությունում առկա թափուր տեղերը համալրել նոր կադրերով, երիտասարդներով, որպեսզի նաև ավագ սերնդի ներկայացուցիչները ժամանակ և հնարավորություն ունենան երկար տարիների ընթացքում իրենց կուտակած փորձը փոխանցել նրանց, որպեսզի ծառայությունը փորձի էներգիայի այս միաձուլումով՝ գնալով ավելի մեծ տեմպերով իր աշխատանքի որակը մեծացնել»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ԱԱԾ-ում ոլորտի բարեփոխումների շարունակումը: «Իմ գնահատականն այն է, որ 2018 թվականից հետո, գուցե նաև դրանից առաջ էլ, երբեմն Ազգային անվտանգության ծառայության վրա դրվում են անհամաչափ խնդիրներ, այսինքն՝ մի փոքր տրամաբանականից և գործառույթայինից էլ ավելի խնդիրներ, որն իհարկե, ինչպես արդեն ասացի, Ազգային անվտանգության ծառայությունը պատվով է կատարում: Բայց մյուս կողմից կարծում եմ, որ առաջիկայի համար և ռազմավարական ընկալմամբ, մենք պետք է Ազգային անվտանգության ծառայության կարողությունները կենտրոնացնենք երեք հիմնական ուղղությունների վրա, որոնցից մեկն, ակնհայտորեն, հակահետախուզությունն է, երկրորդը՝ սահմանադրական կարգի պահպանությունը, և երրորդը՝ ահաբեկչության դեմ պայքարը: Իհարկե, այս բոլոր գործառույթներն իրականում շատ կարճ են հնչում, բայց դրանք ընդգրկուն, խորը և բազմապրոֆիլ ու բազմաշերտ գործառույթներ են, որոնք կապված են պետության անվտանգության ապահովման առանցքային և կենսական խնդրի հետ: Իհարկե, այս առումով նաև մենք կշարունակենք Ազգային անվտանգության ծառայության կարողությունների մեծացումը»,- շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Սահմանապահ զորքերն առնվազն տեսանելի ապագայում նույնպես կշարունակեն լինել Ազգային անվտանգության ծառայության անբաժանելի մաս: «Նաև մաքսանենգության դեմ պայքարն է օպերատիվ մասով շարունակում մնալ Ազգային անվտանգության ծառայության գործառույթների մեջ: Տնօրենը նշեց, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի ենթակառուցվածքների բնականոն գործունեության խնդիրը նույնպես դրվելու է Ազգային անվտանգության ծառայության վրա, բայց ակնհայտորեն այս բոլոր խնդիրները ծառայությունը չպետք է միայնակ լուծի, պարզապես աշխատանքի ճշգրիտ բաժանում պետք է տեղի ունենա, որպեսզի ծառայության պատասխանատվությունը լինի իսկապես արդյունավետ իրագործելու և իրացնելու հնարավորություն: Այս առումով, տեսնում եմ, որ մենք հետևողական, համաչափ և հստակ քայլերով գնում ենք առաջ, ինչը շատ կարևոր է: Այս պրոցեսը պետք է անպայման շարունակել:

Մեր ընդհանուր մոտեցումն այն է, որ ծառայության լավագույն ավանդույթները պետք է ուժեղացվեն և պետք է նոր շունչ, նոր մոտեցումներ բերվեն: Այնպիսի մարտահրավերներ են ի հայտ գալիս, որոնք, օրինակ՝ 20 տարի առաջ ընդհանրապես կամ գոյություն չունեին, կամ դրանք մեր օրակարգի հարցը չէին: Օրինակ՝ կիբերանվտանգությունը, որն ամեն օրվա հետ ավելի կարևոր ու հրատապ խնդիր է դառնում և ակնհայտորեն տեսանելի ապագայում դա լինելու է ամենակարևոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր պետության, պետական մարմինների, կառավարման համակարգի անվտանգության ապահովման համար: Այս առումով, իհարկե, մենք պետք է շատ կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկենք:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարած աշխատանքի համար: Ծառայության աշխատանքը շատ բարձր եմ գնահատում և, իհարկե, բոլորն են հասկանում, որ ԱԱԾ բնույթը շատ բարդ է և ԱԱԾ-ում ծառայելը հեշտ չէ: Դա նորմալ է, որ ԱԱԾ-ում ծառայելը հեշտ չէ, որովհետև այստեղ ավելի բարձր ստանդարտներ պետք է գործեն: Եվ ես կարծում եմ, որ մեր ընդհանուր ցանկությունն է, և նաև ծառայության հեղինակության, մասնագիտության հեղինակության առումով նաև դուք եք առաջին հերթին շահագրգիռ, որպեսզի ԱԱԾ-ում բոլոր ստանդարտները գնալով բարձրանան՝ մասնագիտության, բարեվարքության, պրոֆեսիոնալիզմի և այլն:

Շատ կարևոր է նաև, որ սոցիալական երաշխիքների ստանդարտները նույնպես բարձրանան: Ուրախ եմ, որ մենք այս ճանապարհով ենք գնում, և ես արձանագրում եմ, որ համաչափորեն աշխատավարձերն էականորեն բարձրացնելու հնարավորությունը ստեղծված է, մի շարք դեպքերում՝ ընդհուպ կրկնապատիկի չափով: Հույս ունեմ, որ այս համակարգը կներդրվի և լիարժեք կյուրացվի ծառայության կողմից այն ըմբռնմամբ, որ սա մեկանգամյա գործողություն պետք է չլինի:

Ընդհանրապես, բոլոր այն տեղերում, որ մենք ատեստավորման մեխանիզմը գործարկել ենք՝ մեր ընկալումն այն է, որ այդ նույն պրոցեսը պետք է տեղի ունենա. որակավորման բարձրացում կամ արդեն իսկ բարձրացած որակավորման ստուգում և աշխատավարձերի բարձրացում: Մենք շատ դեպքերում ականատես ենք լինում իրավիճակների, երբ պետական ծառայությունում տասնամյակով աշխատավարձերի էական փոփոխություններ տեղի չեն ունենում, ինչն ակնհայտորեն նեգատիվ է ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, որովհետև ինֆյլացիան բոլոր դեպքերում միշտ լինելու է:

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ծառայության, աշխատանքի որակը շարունակաբար բարձրացնելու ձեր վճռականության համար և հաջողություններ եմ մաղթում հետագա աշխատանքի և ծառայողական առաջընթացի առումով»,- իր խոսքը եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Վարչապետը նշել է, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրելու մասին:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հանրապետության նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում:




Լրահոս