ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն ժամանել է Կահիրե՝ Գազայի հատվածում կրակը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններին մասնակցելու համար։ Բացի Եգիպտոսից, այդ գործընթացին միջնորդ է նաև Կատարը։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ Գազայի բնակչության մեծ մասը գտնվում է ծանր կամ ծայրահեղ վիճակում: Մարդիկ սոված են կամ թերսնված։
Երեքշաբթի Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն ասել էր, որ պատանդներին ազատ արձակելու դիմաց իր երկիրը պատրաստ է հերթական մարդասիրական դադարի։
Դիմելով 80 երկրի մի խումբ դեսպանների՝ նախագահն ընդգծել է, որ Իսրայելը պատերազմ է մղում ոչ թե Պաղեստինի ժողովրդի դեմ, այլ «կռվում է իր թշնամու՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ»։
Ըստ BBC-ի՝ Իսրայելի իշխանությունները, ենթարկվելով աճող ճնշմանը թե՛ դրսից, թե՛ երկրի ներսում, ազդարարում են շուտով Գազայի հատվածում իսլամիստների դեմ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման հնարավորությունը։ Դա թույլ կտա ազատ արձակել զինյալների կողմից պահվող ավելի շատ պատանդների և կավելացնի մարդասիրական օգնության մատակարարումները, նշում է լրատվական ծառայությունը: