ՀՀԿ-ն ԿԸՀ-ից առաջ է ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ին մի շարք համայնքներում կայանալու են ՏԻՄ ընտրություններ:

Armlur.am-ը փորձեց տեղեկություն իմանալ թեկնածուների առաջադրման, գրանցման և նախընտրական քարոզչության ժամկետների մասին, սակայն ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանն ասաց, որ դեռևս չկան հստակ սահմանված ժամկետներ:

«Հայտնի չէ, թե որ համայնքներում են տեղի ունենալու ՏԻՄ ընտրություններ: Այս պահի դրությամբ տեղեկատվությունը դեռ ամբողջական չէ, որոշումները ստանում ենք մարզետարաններից: Մենք նշանակում ենք քվեարկության օրերը, իսկ մարզպետարանները որոշում են ընդունում, թե որ համայքներում են կայանալու ընտրություններ»,-ասաց Հերմինե Հարությունյանը` շեշտելով, որ այդ պահին ԿԸՀ-ն չի ստացել ամբողջական տեղեկատվություն բոլոր մարզերից:

Չնայած նրան, որ ԿԸՀ-ն դեռ վաղ է համարում խոսել թեկնածուների առաջադրումների մասին, սակայն ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել էր, որ նիստի ժամանակ քննարկվել է հունիսի 8-ին մի շարք համայնքներում, մասնավորապես` Գորիսում և Ջերմուկում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուների առաջադրման հարցը:

Ստացվում է, որ ՀՀԿ-ն առաջ է ԿԸՀ-ից:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն` թեկնածուների փաստաթղթերը պետք է ներկայացնեն ընտրության օրվանից ոչ շուտ, քան 35 և ոչ ուշ, քան 30 օր առաջ, իսկ գրանցումը կատարվում է ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ քան 25 օր առաջ: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների գրանցման սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 7-րդ օրը և ավարտվում է 1 օր առաջ:

Լիլիթ Լալայան




Լրահոս