
Ամբողջ աշխարհում բեռնափոխադրողները մոտ 65 մլրդ դոլարի ապրանքների խմբաքանակներ են վերահասցեավորել՝ Կարմիր ծովում Եմենի ապստամբ հուսիների կողմից հրթիռային հարձակումների սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով շուկայի մասնակիցներին։
Ըստ աղբյուրի՝ բեռների վերահասցեավորման արդյունքում դրանց առաքման ժամանակը կարող է զգալիորեն ավելանալ և ամբողջ աշխարհի նավահանգիստներում տրանսպորտային կոլապսի վտանգ ստեղծել: «Kuehne + Nagel» ընկերության վերլուծաբանների տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 20-ի դրությամբ 103 կոնտեյներային նավեր երկար նավարկություն են կատարել՝ շրջանցելով Աֆրիկյան մայրցամաքը՝ Սուեզի ջրանցքով անցնելու փոխարեն, որի մոտակայքում հրթիռակոծությունների ռիսկերը հատկապես մեծ են: