ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք մտահոգիչ չէ այն հանգամանքը, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը չի գործածում ընդդիմադիր ուժեր, այլ գործածում է ոչ իշխանական ուժեր, այսինքն` մի տեսակ ընդդիմադիրներին նույնացնում են այլընտրանքային ուժին` ԲՀԿ-ին:
Դաշնակցականն էլ խորհուրդ տվեց լրագրողներին օգտագործել «ընդդիմություն» և «այլընտրանք» եզրույթները: Ի վերջո, բառերի փոփոխությունից ոչինչ չի փոխվում:
Անդրադառնալով այն հարցադրմանը, թե ինչու են ընդդիմադիրները հանդիպում այլընտրանքի հետ, Աղվան Վարդանյանի խոսքով` կարևորն այն չէ, թե որտեղ է լինում հանդիպումը, այլ այն, թե ինչ է ասվում: «Հավատացե՛ք, ՀՅԴ-ն իր տեղում է լինելու»,- ասաց պատգամավորը:
ՀՅԴ պատգամավորն իր խոսքում անդրադարձավ նաև երեկ ՀՀԿ մամլո խոսնակ Շարմազանովի այն հայտարարությանը, թե եթե փոքր կուսակցությունները չմիավորվեն ԲՀԿ-ի հետ, ապա կդառնան հոկտեմբերիկներ ու պիոներիկներ: ՀՅԴ պատգամավորն ասաց, որ ինքը հանդիպել է Շարմազանովի հետ, որն ասել է, թե ինքը ՀՅԴ-ին չի ասել նման բան: «Շարմազանովն անմիջապես հերքում տվեց, որը, սակայն, միայն երկու կայքում հրապարակվեց` ինձ համար կարևոր henaran.am և Yerkir.am կայքերում: Մյուս կայքերում դա չերևաց»,- ասաց Վարդանյանը:
Մյուս հարցը, որ հնչեցվեց, վերաբերում էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը: Նա խորհուրդ էր տվել ՀՀԿ-ին միանալ ԱԺ ոչ չորս իշխանական ուժերին, դառնալ 5-րդը և իշխանափոխություն ունենալ: Արդյոք ՀՅԴ-ն կցանկանա, որ 5-րդ ուժը լինի ՀՀԿ-ն: «Եթե մեծամասնությունը հավանություն տա մեր առաջարկներին, մենք կողջունենք դա: Մենք քայլ առ քայլ գնում ենք առաջ և հիմա մտել ենք լուրջ գործընթացի մեջ»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը: