Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը և քայլերթով շարժվել են դեպի Կառավարության շենք՝ բողոքի ակցիան այդտեղ շարունակելու նպատակով։
Ձկնաբույծներից մեկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ 969 ապօրինի հոր կա և պահանջեց ջրային ռեսուրսները խնայելու համար նախ փակել դրանք։
«Մենք պահանջել էինք հանդիպում եւ պահանջելու, որ նախ փակեն թափվող ջրերը, որը թափվում է 5 հազար լիտր վայրկյանում, նոր անցնեն մե: Մեզ ասում են՝ չէ, դրանք պետք է թափվեն, ձերը պետք է փակենք: Մենք տրամաբանություն չենք տեսնում այդտեղ:
Մեզ ասում են՝ եկեք կարգը քննարկենք, բայց եթե մենք բովանդակության մեջ անգամ փոքրատառը մեծատառով փոխել չենք կարողանում, դա քննարկում չենք համարում: Համրում ենք՝ իրենց կարծիքը մեզ ստիպել, իսկ մեզ ստիպելու կարիք չկա»,-ասաց նա:
Ձկնաբույծները հանդիպել են նաև ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին, սակայն, այս հարցում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։
«Հանդիպել ենք նախարարին, բայց իրենք չեն ուզում ոչ մի շտկում անել: Հակոբ Սիմիդյանն ասեց, որ ապօրինի հորերը պատրաստ են փուլային տարբերակով փակել, սկզբից 20 տոկոսը, հետո էլի 20 տոկոսը։ Եթե Սիմիդյանը չէ որոշողը, նրա հետ հանդիպում չենք ուզում, ուզում ենք հանդիպենք մեկի, որը ոլորտից հասկանում է, փոխվարչապետի հետ կամ վարչապետի հետ»,- հավելեց նա:
Ձկնաբույծը նաեւ նշեց, որ 1,5 մլն դրամի վարկ ունի, եթե նոր օրենքով աշխատի, սնանկացման եզրին կհայտնվի։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ձկնաբույծները բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ։
Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։
Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենց չեն կարողանալու աշխատել և կանգնալու են փակման շեմին։