Մինչև այս պահը ոչ մեկ չի զանգել՝ տեղեկանալու արդյոք երեխան դպրոց գնաց, թե ոչ. արցախցի կինը դժգոհ է ԿԳՄՍՆ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամալյայի ընտանիքը ժամանակին ապրում էր Թուրքմենիայում, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով, նրանք տեղափոխվեցին Արցախ և հաստատվեցին Շուշի քաղաքում: 44-օրյա պատերազմից հետո, տեսնելով մի շարք արհավիրքներ, նրանք ևս հազարավոր արցախցիների նման վերադարձան Արցախ և սկսեցին այս անգամ արդեն Ստեփանակերտում ապրել ու արարել:

2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքների պատճառով Ամալյայի ընտանիքը ևս բռնի տեղահանվեց Արցախից: Տեղափոխվեց Երևան, և ինչպես նա էր ասում, ցանկություն ուներ Հայաստանի սրտում ապրելու, սակայն նա ևս բախվեց որոշ կենսական խնդիրների, որն ինչ-որ տեղ պատճառ հանդիսացավ Հայասատանից գնալու ցանկություն հայտնելու համար:

«Հոկտեմբերից ես փորձում եմ աղջկաս դպրոց տանել՝ չի ստացվում: Սկզբից որտեղ, որ դիմեցի չվերցրեցին, առանց որևէ կոնկրետ պատճառ ասելու, սակայն նույն չեմ կարող ասել Պուշկինի անվան և Չեխովի անվան դպրոցներում, քանի որ այս դպրոցներում տեղ չկար, և նրանք ինձ ուղիղ այդպես էլ ասացին, որ տեղ չունեն: Ստիպված դիմեցի ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, հեռախոսահամար վերցրին և մինչև այս պահը ոչ մեկ չի զանգել՝ տեղեկանալու արդյոք երեխան դպրոց գնաց թե ոչ»,- Armlur.am-ի հետ զրույցում ասում է Ամալյան:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ դեռ Ստեփանակերտում երեխային սկզբից հայկական դպրոց է տարել, սակայն հավելյալ պարապմունքների կարիք է առաջացել, ինչից հետո էլ Ամալյան որոշել է երեխային տանել Ստեփանակերտի Գրիբայեդովի անվան համար 3 ռուսական դպրոց: Երեխան մշտապես ռուսերեն է խոսել և հայերենից դժվարանում է, ինչից էլ ելնելով Ամալյան Երևանում ևս ցանկանում էր երեխային ռուսական դպրոց տանել:

«Նախարարություն դիմեցի այն հույսով, որ կկարգավորեն երեխայիս դպրոց գնալու հարցը, բայց ձգեցին, ձգեցին և արդեն 3 ամիս է ինչ սպասում ենք զանգի: Հիմա ոչինչ անել պետք չէ, քանի որ որոշել եմ գնալ Ռուսաստան: Ինչու՞, որովհետև ոչ երեխայիս դպրոց գնալու հարցը կարգավորվեց, ոչ էլ կարող եմ այս գներով երկարաժամկետ բնակարան վարձակալել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Armlur.am-ը խնդրով պայմանավորված կապ է հաստատել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որտեղից փոխանցեցին են.

«Եթե ծնողը դիմել է ռուսական դպրոց, ապա պիտի դպրոցում համապատասխան դասարանում լիցենզայով ազատ տեղ լինի, որ երեխային դպրոցն ընդունի, իսկ եթե նույն ընտանիքից քույրը կամ եղբայրը սովորում են տվյալ դպրոցում, ապա երեխայի ընդունելիությունը կազմակերվում է՝ անկախ դպրոցում առկա լիցենզայով տեղերի: Իմանալու համար տվյալ դպրոցում առկա տեղ կա թե չկա, ծնողները կարող են օգտվել նաև նախարարության էլեկտրոնային հասցեից: Ընդունելիությունն էլ կազմակերպվում է երեխայի բնակվելու հասցեին առավել մոտ դպրոցում: Այս խնդիրը մասնավոր դեպք է և հնարավոր է մեկ այլ խնդիր է եղել»:
Նախարարությունից հայտեցին նաև, որ այս պահին ՀՀ-ի դպրոցներ են համալրել ավելի քան 17.000 արցախցի աշակերտ:

Նանիկ Աղասյան




Լրահոս