
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Եվրամիության մեղադրանքները՝ կապված Ադրբեջանում լրագրողների և քաղաքական ակտիվիստների կալանավորման հետ։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, արձագանքելով ԵՄ հայտարարությանը, նշել է.
«Նման անհիմն և կողմնակալ հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես Ադրբեջանի դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձ։
Նախաքննության ընթացքին միջամտությունն անընդունելի է, իսկ դատաքննության աշխատանքներին միջամտելը հակասում է իրավական պետության գերակայության հիմնարար սկզբունքին՝ օրենքի գերակայության սկզբունքին։ Այս անհիմն պնդումները հարվածում են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին»։
Ավելի վաղ ԵՄ-ն դատապարտել էր լրագրողների, քաղաքական գործիչների, ակտիվիստների կամայական կալանավորումները Բաքվում` ընդգծելով, որ նման գործողությունները հակասում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին: