Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարության Դատապարտյալների փոխանցման կոմիտեի ղեկավարի տեղակալ Սեյեդ Քամալ Աբդոլլահիասլի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը փոխադարձ երախտագիտություն են հայտնել դատապարտյալների փոխանցման ոլորտում սերտ համագործակցության և որդեգրած քաղաքականության համար: Հանդիպմանն արձանագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործող «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների համագործակցության անցումն առավել բարձր մակարդակի, ինչի մասին է վկայում ՀՀ քաղաքացու փոխանցումն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան: Նշենք, որ սա եզակի դեպք է, երբ տեղափոխվել է Հայաստանի քաղաքացին, քանի որ Իրանում դատապարտված այլ քաղաքացիներ ներկայումս չունենք: Հանդիպմանը կարևորվել է նաև դատապարտյալների իրավունքների պաշտպանության առաջնահերթության ամրագրումը՝ նպատակ ունենալով նպաստել դատապարտյալների սոցիալական վերաինտեգրմանը՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս իրենց նկատմամբ նշանակված պատժի մնացած մասը կրելու այն պետությունում, որի քաղաքացին են հանդիսանում:
Դատապարտյալների փոխանցման գործընթացը լավարկելու նպատակով՝ կողմերը մտքեր են փոխանակել հայ-իրանական Հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկելու նպատակով: