«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, Գյումրի քաղաքը սպասարկող «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում մեքենաների լվացման կետ է բացել։ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել, որ քաղաքապետարանին, բուժհաստատություններին պատկանող ավտոմեքենաները, հրահանգված է, ՔՊ պատգամավորի ամուսնու լվացման կայանում լվանալ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով կապվեց պատգամավոր Էմմա Պալյանի հետ՝ պարզելու՝ արդյոք այս տեղեկությունները ճիշտ են, թե ոչ, եւ ինչու է նրա ամուսինը միշտ արտոնյալ:
«Հիմա ամուսինս աշխատում է «Հայ անտառ» ՊՈԱԿ-ում։ Ես ապշում եմ նման վառ երեւակայության վրա։ Որեւէ նման ինֆորմացիա չկա, որ պարտադրանք լինի, այն էլ՝ հիվանդանոցների։ Նման պարտադրանք չկա։ Ես իմ ամուսնու գործունեությամբ այդքան չեմ զբաղվում, բայց ձեր նշածը բացարձակ սուտ է. նման պարտադրանք չկա, չի կարող լինել»:
Նկատենք, որ Էմմա Պալյանը ոչ մի կերպ չհերքեց ամուսնու՝ ավտոլվացման կետ ունենալու հանգամանքը, իսկ պետական պաշտոն եւ բիզնես համատեղելիությունը լրիվ անօրինական է, ինչի մասին ԱԺ-ում հարցախեղդ էր անում ՔՊ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին:
Հիշեցնենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր՝ ՔՊ-ական Էմմա Պալյանը աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել: ՔՊ պատգամավորը պարզաբանել էր. «Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր եմ, հաճախ եմ լինում Շիրակի մարզում եւ Գյումրիում, եւ երբ տեղափոխվում եմ Երեւան, իմ ամուսինն է ինձ բերում ԱԺ: Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք եւ իմ աշխատասենյակում սպասել, մինչեւ ես աշխատանքս ավարտեմ, եւ միասին վերադառնանք մարզ կամ այլ գործի»:
Նիկոլ Փաշինյանը որոշել է մաքրել իր թիմը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանը հրահանգել է հնարավորինս սեղմ ժամկետում ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, անգամ՝ ոչ բարձրաստիճան, որոնք ՔՊ անդամ չեն, կուսակցության գաղափարները չեն կիսում եւ համարձակվում են չեզոքություն պահպանել: Ընդ որում՝ Փաշինյանը հրահանգել է ազատվել բոլոր ոլորտներում՝ կլինի դա կրթություն, առողջապահություն, սպորտ, թե անգամ մանկապարտեզի կամ դպրոցի տնօրեն. նրանք ովքեր ՔՊ անդամ չեն, հլու-հնազանդ համակիրը չեն, ուրեմն կառավարման ոլորտում տեղ չունեն: Օրերս Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, սրա հիմնական պատճառն էլ եղել է այն, որ տնօրենները ՔՊ-ական չեն եղել: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած թավշյահեղափոխականները ոչ մի քննադատություն կամ ընդդիմադիր խոսք, այլակարծություն չեն հանդուրժում:
Դեկտեմբերի 13-ին Ղազախ-Իջեւան սահմանին Հայաստանն ու Ադրբեջանը գերիների փոխանակում իրականացրին: Ադրբեջանը վերադարձրեց 32 հայի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցու։ Գերիների վերադարձի գործընթացից հետո համացանցում եւ հանրության շրջանում բուռն քննարկվեց նաեւ այն, որ սահմանին գերիների փոխանակումն իրականացնելու գործընթացը լուսաբանում էին միայն ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ հայկական ԶԼՄ-ներն այնտեղ չէին: Մինչ ադրբեջանական պետական լրատվամիջոցները մեծ շուքով լուսաբանում էին գործընթացը, հայկական լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել անգամ գնալ սահման՝ լուսաբանելու հանրության համար այդ խիստ կարեւոր ու սպասված իրադարձությունը: Տհաճ իրավիճակ էր ստեղծվել նաեւ այն առումով, որ հայկական կողմը գերիների վերադարձի կոնկրետ տեղի եւ ժամի մասին տեղեկանում էր ադրբեջանական լրատվամիջոցներից: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կառավարություն՝ պարզելու, թե ինչու հայկական ԶԼՄ-ների այցը սահման չէր կազմակերպվել։ «Նպատակահարմար է համարվել այդպես կազմակերպել, այս դեպքում կարեւորը գերիների վերադարձն է: Այս դեպքում կարեւոր է համարվել, որպեսզի առաջնահերթ կերպով գերիների վերադարձը կազմակերպվի»,- ասաց Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
Դատական համակարգում իրարանցում է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների մի խմբի տեղեկություններ են հասել, որ իրավապահները որոշ դատավորների մասով օպերատիվ տվյալների են տիրապետում: Մասնավորապես՝ տվյալներ կան, որ դատավորներից մեկը կաշառք է վերցրել: Ավելին՝ մեզ հայտնի է դարձել, որ Սնանկության դատարանի դատավորներից կոնկրետ դատավորի շուրջ օղակը սեղմվում է: Ի դեպ, դատական համակարգում անուններ են տալիս, որոնք պոտենցիալ մեղադրյալներ են, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն այս պահին չի հրապարակում անմեղության կանխավարկածի սկզբունքը պահպանելու համար: Տեսնենք, թե ինչ արդյունք կունենա իրավապահների օպերատիվ տվյալների մշակումը, եւ ինչ է սպասվում Սնանկության դատարանի դատավորներին: