«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն է:
-Տիկի՛ն Հարությունյան, թեեւ «Բալասանյան դաշինք»-ի հետ համագործակցության հուշագիրը խզելուց հետո հայտարարել եք, որ որպես ընդդիմություն եք դիրքավորվում, բայց համացանցում, ինչպես նաեւ հանրության շրջանում շատ է քննարկվում այն հարցը, որ պատրաստվում եք Գյումրիում նույն սցենարը կրկնել, ինչ Ալավերդիում, այսինքն՝ պաշտոնանկ անեք համայնքապետին, որը «Բալասանյան դաշինք»-ից է:
-Մենք հայտարարել ենք, որ մեր լիազորություններն իրականացնելու ենք ավագանու 11 մանդատով, այսինքն՝ մենք մեր աշխատանքը պատկերացնում ենք 11 մանդատի լիազորությունների շրջանակում: Կլինեն նախագծեր, որոնք եթե լավը լինեն ու բխեն մեր քաղաքացիների շահերից, բնականաբար, այդ նախագծերի օգտին մենք կողմ կքվեարկենք եւ պատրաստ կլինենք համագործակցության, կլինեն նաեւ նախագծեր, որոնց մեջ խնդրահարույց կետեր կտեսնենք, բնականաբար, այդ նախագծերը մեր կողմից կմերժվեն:
Ինչ վերաբերում է քաղաքապետին անվստահություն հայտնելուն, մենք ունենք ընդամենը 11 մանդատ, եւ այդ մանդատով իմպիչմենտի հարց առաջ քաշել հնարավոր չէ. սա թույլ չի տալիս որեւէ գործընթաց սկսել:
-Վերջերս Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդեւան Հակոբյանը հայտարարեց, որ չի բացառում ՔՊ-ի հետ հնարավոր համագործակցությունը՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին պաշտոնանկ անելու համար։ Մյուս ուժերի հետ նման հարց քննարկե՞լ եք:
-Մենք որեւէ այլ ուժի հետ քննարկում այդ հարցով չունենք, որեւէ բանակցություն չենք վարել ու չենք վարում:
-Ինչպես ՔՊ-ն իր պաշտոնական հաղորդագրության մեջ է պարզաբանել, «Բալասանյան դաշինք»-ի հետ համագործակցության դադարեցման պատճառը եղել է այն, որ պայմանավորվածությունները չեն պահպանվել, Գյումրիում ստվերային կառավարում է իրականացվել՝ արտաքին ուժերի միջամտությամբ: Ի՞նչ նկատի ունեք՝ «արտաքին ուժեր» ասելով:
-Մենք բազմիցս մեր աշխատանքում առնչվել ենք այդ խնդրին, այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել «Բալասանյան դաշինք»-ի հետ, տարօրինակ կերպով չեն իրականացվել: Մենք ունենք համոզմունք, որ եղել է ստվերային կառավարում, այսինքն՝ քաղաքապետարանում եղել է արտաքին ուժերի կողմից միջամտություն, հակառակ դեպքում ես չեմ կարող բացատրել՝ ինչու մեր պայմանավորվածությունները ի կատար չեն ածվել:
-Որո՞նք են այդ արտաքին ուժերը։
-Արտաքին ուժեր՝ բառիս ամենալայն իմաստով, այսինքն՝ ուժեր, որոնք քաղաքապետարանում որեւէ լիազորություն չեն ունեցել որոշում կայացնելու, բայց կայացրել են համապատասխան որոշումները:
-Եթե նման հայտարարություններ եք անում, որ ստվերային կառավարում է իրականացվել Գյումրիում, եւ արտաքին ուժերի միջամտություն է եղել, ինչու՞ դատախազություն չեք դիմում, որպեսզի իրավական տիրույթում հարցը լուծվի։
-Այն տեքստը, որը մեր քաղաքական ուժը հրապարակել է, բաց է, հանրային է. եթե իրավապահ մարմինները կգտնեն, որ մեր հայտարարության մեջ կան տարրեր, որոնք անհրաժեշտ են ուսումնասիրության, ապա այդ գործը կնախաձեռնեն: Մենք այս մասով բաց ենք, թափանցիկ ենք եւ պատրաստ ենք համագործակցության: Հավելեմ նաեւ, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր Լեւոն Բարսեղյանը հաղորդում է տվել դատախազություն:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԳԵՐԻՆԵՐԸ
Դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։
Զինծառայողների փոխանակումը տեղի ունեցավ երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Ղազախ-Իջեւան սահմանին։
Հայաստան վերադարձած 32 գերիներից 26-ը Շիրակի մարզից են, որոնք գերեվարվել էին 2020թ.-ին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերում:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ:
-Պարո՛ն Մուրադյան, ի՞նչ վիճակում են երեկ վերադարձած շիրակցի գերիները, առողջական ու հոգեբանական ի՞նչ խնդիրներ ունեն նրանք:
-Ես զրուցել եմ տղաների հետ, բուժննություն են անցել «Մուրացան» բժշկական կենտրոնում, ընդհանուր առմամբ, թե՛ տրամադրությունն էր նրանց լավ, թե՛ առողջական վիճակը: Եթե էական խնդիրներ լինեին, բնականաբար, տուն չէին գնա. երեկ՝ բուժզննում անցնելուց հետո, բոլորս միասին վերադարձել ենք Շիրակի մարզ:
-Իսկ տղաները պատմե՞լ են՝ ինչպես են նրանց վերաբերվել Բաքվում, մանրամասներ Ձեզ պատմե՞լ են:
-Այնպիսի տրամադրություն էր, որ հայրենիքում էին, ոգեւորված էին, ուրախ էին, իսկ թե ինչպես են այնտեղ իրենց վերաբերվել, նման հարցադրումներ իմ կողմից չեն եղել. իրենք ուրախ էին, ոգեւորված:
-Պարո՛ն Մուրադյան, տեղեկություն ունե՞ք, Խծաբերդից գերեվարված շիրակցի բոլոր գերեվարվածնե՞րն են վերադարձել:
-44-օրյա պատերազմի գերիներից Խծաբերդում գերեվարվածներից մնացել էին 26 հոգի, նրանք բոլորն էլ երեկ վերադարձան:
Հիշեցնենք, որ երեկ լրագրողները կառավարության հերթական նիստից հետո՝ կառավարության անդամների ճեպազրույցների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից մեկնաբանություն խնդրեցին վերադարձած ռազմագերիների առողջականի վերաբերյալ։
«Իրականացվել է նախնական բուժհետազոտություն։ Այս պահին բուժկենտրոններ տեղափոխվածներ չկան, դրա կարիքը չի եղել։ Հետազոտություններն իրականացվել են «Մուրացան» հոսպիտալում»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
Զրուցեց Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԱԿՆՀԱՅՏ ԱԳՐԵՍԻՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վերջերս հրապարակեց այն պաշտոնյաների ցանկը, որոնք ապօրինաբար առկայծող փարոսիկներ են օգտագործում իրենց սպասարկող մեքենաների վրա: Ցանկում նշված էին ՀՀ դատախազ Աննա Վարդապետյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ինպես նաեւ ԱՄՆ, ՌԴ դեսպաններին սպասարկող մեքենաները: «Բոլոր պաշտոնյաների մեքենաները, որոնք կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներ են կրում մեքենաների վրա, երթեւեկության մեջ առավելություն է տալիս երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ… Ես հիմա հրապարակավ ասում եմ՝ եթե այս հարցը մեկ շաբաթից չլուծվի, իմ մեքենայի վրա էլ եմ «միգալկա» դնելու, ու թող փորձեն ինձ կանգնացնեն»,-ասել էր Թորոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ինչպես է վերաբերվում պատգամավորի հնչեցրած հայտարարություններին եւ ի՞նչ քայլեր է նախատեսում ձեռնարկել այս ուղղությամբ: Ի պատասխան՝ մեզ տեղեկացրին. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահի անվտանգությունը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներով ուղեկցումն ապահովում է ՀՀ պետական պահպանության ծառայությունը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ուղեկցումը՝ նաեւ ավտոմեքենաների՝ փարոսիկներով կահավորվածության առումով, իրականացվում է՝ սահմանված կարգին համապատասխան»: Հավելենք, որ Արսեն Թորոսյանը իրավապահ մարմինների ղեկավարների նկատմամբ ունի ակնհայտ ագրեսիվ վերաբերմունք, քանի որ քննություն է գնում իր կողմից ենթադրյալ չարաշահումների գործով:
ՊՈՒՏԻՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ
«Մենք չէինք, որ լքեցինք Ղարաբաղը. Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «Միր» հեռուստաալիքի թղթակցի հարցմանը՝ ԱՊՀ ապագայի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի ու Մոլդովայի դիրքորոշումները։ Ինչպե՞ս է նախագահը ընդհանրապես գնահատում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումները:
«Հայաստանում Ղարաբաղի հետ կապված պարզ գործընթացներ չեն ընթանում։ Սա բոլորս հասկանում ենք։ Մենք չէինք, որ լքեցինք Ղարաբաղը. Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Նրանք դա իրականում արել են սեփական նախաձեռնությամբ, իսկ մեզ առանձնապես չեն տեղեկացրել, որ պատրաստվում են նման որոշման։ Սա պարզապես փաստի հաստատում է, քանի որ դրանում կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր: Դե, դա տեղի ունեցավ, եւ ներքաղաքական գործընթացները բարդ են»,- ասել է Պուտինը։