Ադրբեջանում դեմ են հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հետքաշմանը:
«Կպատասխանեմ հակիրճ. համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կարծիքի հետ»,- երեկ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ սահմանից երկու երկրների զորքերը հետքաշելու մասին:
«Հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, սա բավականին բարդ խնդիր է։ Եթե զորքերը դուրս բերվեն առանց լիակատար համաձայնության գալու, ո՞վ կարող է երաշխավորել, որ կողմերից մեկը կրկին դիրքեր չի զբաղեցնի։
Այսօր ադրբեջանական բանակը պաշտպանում է Ադրբեջանի սահմանները, ինչը տրամաբանական է։ Ադրբեջանական բանակը որեւէ մեկի բարի կամքով կամ հրավերով չի եկել այս սահմաններին կանգնել: Ադրբեջանական բանակը 30 տարվա արյունահեղությունից հետո ազատագրել է իր հողերը եւ այսօր կանգնած է սահմաններին։ Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ Ադրբեջանի սահմանը կարող են պաշտպանել միայն ադրբեջանցի զինվորները. դա չի կարելի վստահել երրորդ կողմին։ Դա Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։
Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանին ուշադրություն դարձնել մեր կառուցողական առաջարկներին, այս դեպքում հարցերը կարող են դրական զարգանալ»,- ընդգծել է Ջ.Բայրամովը:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Թուրքիային անվանել է «անաչառ կողմ» Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցություններում։
«Թուրքիան նաեւ Հայաստանի հետ հարեւան է։ Որպես տարածաշրջանային երկիր՝ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ զարգացման հաստատմանը։ Եթե Հայաստանը շարժվի այս տրամաբանությամբ, ապա նրան ձեռնտու կլինի տեսնել Թուրքիային բանակցությունների սեղանի շուրջ։
Հիմա որոշումը Հայաստանի սեղանին է: Վերջին շրջանում Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է ադրբեջանցի նախարարը:
Հիշեցնենք, որ Թուրքիան ուղղակի ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի հարցում։
Հավելենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում պաշտոնական այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ ներկա փուլում Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբեւէ մոտ են խաղաղության համաձայնագրին։
«Երեք տարի առաջ տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար: Մենք կարծում ենք, որ այսօր առավել քան երբեւէ խաղաղության համաձայնագրի հասնելու այս հնարավորությունը դարձել է շատ ավելի իրական, եւ դրանից այլեւս չպետք է խուսափել: Մենք ողջունում ենք դրական առաջընթացը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մշտական խաղաղության եւ սահմանների հստակեցման վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ»,- ասել է Ֆիդանը։
ԱԶԱՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուբիկ Նավոյանն ազատվել է ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Ռուբիկ Նավոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
ԲԿ՝ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի։
Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե կառուցման աշխատանքները ինչ փուլում են: Ավանեսյանը պատասխանեց, որ 2024 թվականին կիրականացվեն նախագծման աշխատանքները, այնուհետեւ՝ շինարարական աշխատանքները։
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երեւանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց եւ Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկներում:
Երեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա -Հովհաննիսյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կավելանա եւս մեկ երթեւեկելի գոտի՝ «միայն ձախ»:
Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կարգելվի ձախ շրջադարձը դեպի Բաղյան փողոց, երրորդ երթեւեկելի գոտուց կթույլատրվի երթեւեկությունը «միայն ուղիղ»:
Միաժամանակ, Գայի պողոտայի ամբողջ երկայնքով ճանապարհային նշաններն ու գծանշումները կհամապատասխանեցվեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտու կահավորանքին:
ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ազգային մեծ ժողովում հայտարարել է, որ կարեւոր հնարավորություն է բացվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մշտական խաղաղության հաստատման համար:
«Հայաստանը պետք է գործի՝ դա գիտակցելով։ Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ նրանք պատրաստակամություն ցուցաբերեն համագործակցել իրենց հարեւանների, ոչ թե ուրիշների հետ»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ՄԵԿՆԵԼ ԽՈՐՎԱԹԻԱ
Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Հանդիպման 43-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականի խաղացող Անտե Բուրիմիրը բացեց խաղի հաշիվը։ Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբ էր մեկնել նոյեմբերի 20-ին: Հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրարկովն ավելի ուշ հաստատել էր, որ հավաքականի վերջնական հայտացուցակում ընդգրկված են 23 ֆուտբոլիստներ՝ Օգնեն Չանչարեւիչ, Ստանիսլավ Բուչնեւ, Արսեն Բեգլարյան, Անդրե Չալըշըր, Ալբերտ Խաչումյան, Տարոն Ոսկանյան, Ստյոպա Մկրտչյան, Ժիրայր Շաղոյան, Էդգար Սեւիկյան, Էդուարդ Սպերցյան, Արթուր Սերոբյան, Լուկաս Սելարայան, Կամո Հովհաննիսյան, Արթուր Միրանյան, Էրիկ Փիլոյան, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Հարությունյան, Վբեյմար Անգուլո, Հրանտ-Լեոն Ռանոս, Արտակ Դաշյան, Նաիր Տիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Վահան Բիչախչյան: Վարազդատ Հարոյանը եւ Ուգոչուկվու Իվուն չմեկնեցին Խորվաթիա: Մեր ընտրանու ավագը բաց թողեց հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Ըստ տրամաբանության՝ Զագրեբ պետք է մեկնեին հայտավորված մարզիկները, մարզիչը եւ սահմանափակ թվով անդամներ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Խորվաթիա են մեկնել հնարավոր ու անհնարին, տրամաբանությունից հեռու ու մոտ մի շարք անձինք, որոնք փաստացի ոչինչ չեն ունեցել անելու. իրենց գործառույթը իրականացնելու կարիք եղել է Հայաստանում եւ ոչ թե Խորվաթիայում: Ըստ տեղեկությունների՝ ՀՖՖ-ի հաշվին, Մելիքբեկյանի «դաբրոյով» Զագրեբ է մեկնել նաեւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՖՖ՝ պարզելու, թե, Հայաստանի ազգային հավաքականից բացի, ովքեր են մեկնել Խորվաթիա՝ խաղին ընդառաջ: Խնդրել էինք տրամադրել ցանկ: Նաեւ խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե որքան գումար է ծախսվել նրանց թռիչքի, կեցության եւ օրապահիկի համար: Ինչպես միշտ, այս անգամ եւս Մելիքբեկյանի ղեկավարած կառույցը հարցերին պատասխանում է միեւնույն ոճով՝ լռությամբ: Հատուկ ՀՖՖ-ի անձնակազմի եւ Արմեն Մելիքբեկյանի համար հարկ ենք համարում նշել, որ տեղեկատվական հարցումներին պետք է պատասխանել 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ամեն դեպքում, այս ծածկադմփոցից որեւէ տվյալ չհաղորդելով՝ ֆեդերացիան գնդակը գլորեց դեպի Գաբրիելյանի դաշտ: «Ժողովուրդ» օրաթերթը օրեր շարունակ փորձեց կապ հաստատել պատգամավորի հետ՝ պարզելու, թե արդյոք գնացել է նա Զագրեբ, եւ եթե գնացել է, ինչ նպատակով: Սիսակ Գաբրիելյանը եւս մեր զանգերն ու նամակները թողեց անպատասխան. հնարավոր չեղավ պարզել, թե, օրինակ, այդ պատգամավորի եւ մյուս պաշտոնյաների ճամփորդության եւ կեցության ծախսերն ով է հոգացել: