ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի եւ եղբորորդու՝ «Մուլտի գրուպ կոնցեռնի» գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի եւ բանկերից մեկի վարորդ Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

 

ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ.-ն, 2008-2016 թվականներին զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի, նույն կոմիտեի նախագահի, Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի եւ ֆինանսների նախարարի պաշտոնները, հանձնարարել է Կոմիտեի, այնուհետեւ՝ Ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել իր որդիներ Ա.Խ.-ի եւ Գ.Խ.-ի, ազգական Ա.Խ.-ի կողմից հիմնադրված ՍՊ ընկերության հետ, վերացնել գնման ընթացակարգում առաջացող խոչընդոտներն ու կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր:

Օգտվելով Գ.Խ.-ի կողմից ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝  ՍՊ ընկերությունը 2008-2020 թվականների ընթացքում Կոմիտեի հետ կնքել է 4 մլրդ 426 մլն 435 հազար դրամ արժեքով ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Բացի այդ, Գ.Խ.-ն իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող եւ այլ անձանց մասնակցությամբ ապահովել է, որ իր որդիների ու եղբորորդու ընկերության հետ կնքվի 19 ծրագրային մոդուլի ձեռք բերման պայմանագիր իրական արժեքից էապես բարձր՝ 4 մլրդ 283 մլն 580 հազար դրամով (նշված ընկերության հետ պայմանագիր կնքելիս գնում կատարելու վերաբերյալ մրցույթ չի անցկացվել, ընտրվել է առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգը, հրավերն ուղարկվել է միայն իր որդիների ու եղբորորդու ընկերությանը):

Թեեւ պայմանագրով նախատեսված աշխատանքները կապալառուի եւ ենթակապալառուի կողմից փաստացի կատարվել են 2 մլրդ 777 մլն 410 դրամով, սակայն այդ աշխատանքների դիմաց պետական միջոցներից ընկերությանը փոխանցվել է 4 մլրդ 283 մլն 580 հազար դրամ, որի արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է 1 մլրդ 506 մլն 169 հազար 583 դրամ:

Վերոնշյալ արարքների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը, դրա օգտագործումից ստացված եկամուտները բանկային փոխանցումների միջոցով ուղղորդվել են Գ.Խ.-ի որդիներ Ա.Խ.-ի, Գ.Խ.-ի եւ եղբորորդի Ա.Խ.-ի հետ փոխկապակցված կազմակերպությունների բանկային հաշիվներին, միախառնվել են այլ միջոցների հետ եւ տնօրինվել նրանց կողմից:Վերոնշյալ եղանակով 2011-2018 թվականների ընթացքում նրանց մասնակցությամբ գործող մեկ այլ  ՍՊ ընկերությանը փոխանցվել է 39 մլրդ 723 մլն 323 հազար դրամին համարժեք գումար, որից որպես փոխառություն՝ 32 մլրդ 332 մլն 943 հազար դրամին համարժեք գումար: Ստացված, ինչպես նաեւ կանխիկ մուտքագրված եւ հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության ֆինանսական միջոցների հետ միախառնված գումարի մի մասը՝ 8 մլն 589 հազար 900 ԱՄՆ դոլարը, Գ.Խ.-ի որդիների եւ եղբորորդու պահանջով, փոխառության վերադարձի հիմնավորմամբ, ընկերության տնօրենի անվամբ կանխիկացվել, ապա մուտքագրվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության հաշվեհամարին:

Բացի այդ, Գ.Խ.-ի որդիները, տեղյակ լինելով «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի կողմից ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած՝ իրենց հորն առանձնապես խոշոր չափերով` 22 մլն 185 հազար ԱՄՆ դոլարի եւ 206 հազար 500 եվրոյի կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են Ս.Ա.-ին եւ վերջինիս հետ քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները:

Բացի այդ, Գ.Խ.-ի որդիները 2011-2016 թվականների ընթացքում լվացել են հանցավոր ճանապարհով ստացված 1 մլրդ 555 մլն դրամ, 97 մլն 203 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն 65 հազար եվրո:

Մասնավորապես՝ Գ.Խ.-ի որդիներ Ա.Խ.-ն, Գ.Խ.-ն եւ եղբորորդի Ա.Խ.-ն մասնակցել ու ղեկավարել են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող շուրջ 48 ընկերություն, եւ օգտվելով Գ.Խ.-ի զբաղեցրած պաշտոններով պայմանավորված հովանավորչությունից՝ 2011-2016 թվականների ընթացքում թաքցրել են վերոնշյալ կազմակերպությունների գործունեության իրական ծավալները:

Արդյունքում առաջացել են չհայտարարագրված եւ հարկային մարմնի հսկողությունից դուրս մնացած եկամուտներ` 1 մլրդ 555 մլն դրամ, 97 մլն 203 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն 65 հազար եվրո: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները 2011-2016 թվականների ընթացքում տրամադրել են բանկերից մեկում որպես վարորդ աշխատող Ա.Պ.-ին եւ հանձնարարել վարձատրության դիմաց կանխիկ մուտքագրել իրենց կողմից տրված բանկային հաշվեհամարներին:

Ա.Պ.-ն իրեն փոխանցված կանխիկ գումարները մուտքագրել, ապա բանկային գործարքով փոխանցել է փաստացի Գ.Խ.-ի որդիների եւ եղբորորդու հետ փոխկապակցված՝ արտերկրում, այդ թվում` օֆշորային գոտիներում գրանցված, ՀՀ-ում որեւէ տնտեսական գործունեություն չիրականացնող հինգ ընկերությունների հաշվեհամարներին, միախառնել այլ միջոցների հետ: Գումարները փոխանցումների եւ կանխիկացումների միջոցով տնօրինվել են Գ.Խ.-ի որդիների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից:

Բացի այդ, Գ.Խ.-ի եղբորորդի Ա.Խ.-ն, հանդիսանալով «Մեգա ֆուդ» ՍՊ ընկերության միակ հիմնադիրը եւ տնօրենը, 2011, 2012, 2014, 2015 եւ 2016 թվականներին հարկային մարմիններ ներկայացրած փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ եւ չի վճարել 369 մլն 439 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։

Բացի այդ, Ա.Խ.-ն, հանդիսանալով Գ.Խ.-ի որդիների կողմից հիմնադրված «Ապեյրոն» ՍՊ ընկերության տնօրենը, 2011-2016 թվականների ընթացքում հարկային մարմիններ ներկայացված փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ եւ չի վճարել 424 մլն 555 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի նկատմամբ:

 

 

ՀԱՎԱՔԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադառնում է վարժական հավաքներից խուսափողների նկատմամբ հարուցված քրեական գործերին: Այսպիսով, պարզեցինք, որ 2023 թվականին վարժական հավաքներից խուսափելու համար շուրջ 40 անձի վերաբերյալ քրեական գործեր են ուղարկվել դատարան, եւ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Ըստ Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի առաջին մասի՝ անցկացվող վարժական հավաքից խուսափելը` այդ վարժական հավաքից ազատվելու` օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում, պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎՐԱԵՐԹ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 07:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ե.-ն իր վարած «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Հասրաթյան փողոցի թիվ 8/2 հասցեի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնին՝ Երեւանի բնակիչ 73-ամյա Լեւոն Կ.-ին:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:  Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվադանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է:  Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երեւան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒՑ

Նոյեմբերի 29-ի ժամը 20:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել Արգենտինայի Հանրապետության 34-ամյա մի քաղաքացի եւ հայտնել, որ Սայաթ-Նովայի պողոտայի եւ Աբովյան փողոցի խաչմերուկում գողացել են իր պայուսակը, որի մեջ անձնագիր, փող, նույնականացման քարտ եւ 2 բջջային հեռախոսներ էին:

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նշված արարքը կատարողի ինքնությունը:

Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 7-ին քրեական հետախույզները Վարդանանց փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել եւ ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել երեւանցի 40-ամյա տղամարդուն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են նախաքննական մարմին, որտեղ նա խոստովանել է արարքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

ԿՐԱԿԵԼ Է ՁԻԵՐԻՆ

Դեկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: ՀՀ ՆԳՆ նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի բնակիչ 51-ամյա Համլետ Հ.-ն որսորդական հրացանով կրակել եւ վնասել է համագյուղացի 32-ամյա Ռուբիկ Ա.-ին պատկանող ձիուն եւ նրա քուռակին. հաղորդում է Shamshyan.com-ը:

Գյուղ են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումը, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են, իսկ կրակելուց հետո Ռուբիկ Ա.-ն ստիպված է եղել մորթել ձիուն եւ քուռակին:

Տեղում պարզվել է, որ կրակելու պատճառը եղել է այն, որ ձիերը մտել են Համլետ Հ.-ի հողամաս, ինչից վերջինս նեղսրտել է ու «մուռը հանել է»՝ ձիերի վրա կրակելով:

Ոստիկանները նրա հետ կատարել են բացատրական աշխատանք. վերջինս ոստիկաններին է ներկայացրել 12 մմ տրամաչափի «Իժ-27 ԵՄ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացանը:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձեւակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Տուժածը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 700 հազար դրամի վնաս:

 




Լրահոս