ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյբուքյան իր էջում հայտնեց ավտոբուսի 31 վարորդների՝ աշխատանքից ազատման մասին: «Երեւանի քաղաքապետարանն իր ենթակա կազմակերպություններում աշխատանքային կարգապահության եւ մասնագիտական պարտականությունների թերացումների, ինչպես նաեւ այլ արատավոր երեւույթների դեմ հետեւողական, խիստ միջոցներ է կիրառում եւ շարունակելու է կիրառել:

 

Մանկապարտեզների տնօրենների ազատման՝ նախորդ գրառմանս համատեքստում ուզում եմ տեղեկացնել, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում նույնպես աշխատակիցներ (վարորդներ) են ազատվել աշխատանքից:

Մասնավորապես՝ ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթեւեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաեւ ծառայողական այլ խնդիրների պատճառով 31 վարորդ ազատվել է աշխատանքից»,- գրել էր Կոստանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատճառները տարբեր են եղել տարբեր վարորդների դեպքում: Գաղտնիք չէ, որ Zhongtong եւ MAN ավտոբուսների մեջ կան տեսանկարահանման սարքեր, որոնք տեղակայված են ավտոբուսի տարբեր մասերում, այդ թվում՝ վարորդի նստատեղին հարող տարածքում, որը ֆիքսում է նաեւ հենց այդ տարածքում տեղի ունեցող իրադարձությունները:

Օրվա կամ շաբաթվա վերջին տեղի է ունենում մոնիթորինգ, որի ժամանակ ուսումնասիրվում է տեսախցիկների բովանդակությունը:

Տեղի ունեցած մոնիթորինգի արդյունքում հայտնի են դարձել մի շարք խախտումներ, որոնք հանդիսացել են պատճառ վարորդների աշխատանքից ազատման:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքերից մեկը կապված է եղել վարորդի՝ ուղեւորի հետ ոչ պատշաճ խոսելու, անպարկեշտ արտահայտություններ օգտագործելու հետ:

Մյուս դեպքում վարորդը, գումարի համար նախատեսված արկղիկից զատ, տրամադրվող ուղեվճարը օրվա վերջին չի ներկայացրել որպես մուծում, այլ կերպ ասված՝ իրեն է պահել:

Մեկ այլ դեպքում աշխատանքից ազատման պատճառ է դարձել ղեկին ծխելը:

Տրանսպորտային միջոցն անկանոն վարելը եւս դարձել է վարորդների՝ աշխատանքից ազատման պատճառ:

Այս պահին վարորդների պակաս չկա, ավտոբուսները շահագործվում են, ինչպես հարկն է:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐ

«Ես աջ ղեկով մեքենա եմ ներմուծել, հիմա ասում են, որ դրա ներմուծումը 2018 թվականից արգելվել է։ Եթե չէր կարելի, թող թույլ չտային ներմուծել»,- դեկտեմբերի 14-ին՝ կառավարության դիմաց վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդների բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

 

«Մենք իրենց սիրուն աչքերի համար չէ, որ վրացական համարանիշերով ենք բերել։ Ինձ համար ավելի հաճելի է, որ հայկական համարներով լինի, ես իմ հայկական գույքի վճարները անեմ։ Հիմա իմ ընտանիքը պահելու համար ես դուրս եմ գալիս «Յանդեքս» քշելու։ Գնացել, հասել եմ Գյումրի, որ մաքսազերծեմ, ինձ ասում են՝ քոնը աջ ղեկ է, չես կարող։ Բա ինչո՞ւ եք թողել, որ բերենք։ Ինձ ասում են՝ Հայաստանում «ռուլդ» փոխի՛ր, բե՛ր։ Իմ մեքենան էնպիսի մեքենա է, որ չեմ կարող փոխել։ Ես որ փոխեմ, իմ ընտանիքի հետ մի բան պատահի, կառավարությունը պատասխան է տալո՞ւ դրա համար»,-նշեց վարորդը:

Հիշեցնենք, որ նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդունված նոր օրենքի դեմ, ըստ որի՝ մինչեւ հունվարի 1-ը պետք է իրենց ավտոմեքենաները կա՛մ մաքսազերծեն, կա՛մ Հայաստանից դուրս հանեն։

Նրանք պահանջում են, որ նախ վերանայեն մաքսազերծման տոկոսները եւ 30 տոկոսից դարձնեն 10 տոկոս, երկրորդ՝ աջ ղեկով մեքենաների մասով զիջումներ անեն, որպեսզի կարողանան այդպես մաքսազերծել, քանի որ կան աջ ղեկով մեքենաներ, որոնց ղեկը չի կարող փոխվել աջից ձախ, երրորդ՝ երկարացնեն ժամանակահատվածը գոնե 6 ամիս ժամկետով։ Նշենք, որ կառավարության նախորդ նիստում որոշում ընդունվեց, որ վրացական համարանիշներով մեքենաները պետք է մաքսազերծվեն, եւ դրա համար պետությունը որոշակի չափով սուբսիդավորում է: Մասնավորապես՝ մինչեւ 5 տարի տարիք ունեցող մեքենաների համար պետությունը սուբսիդավորում է մաքսատուրքի 30 տոկոսը, իսկ 5 տարի եւ ավելի տարիք ունեցող մեքենաների համար՝ 70 տոկոսը: Մեքենաների սեփականատերերը կվճարեն մաքսատուրքի 30 տոկոսը:

 

 

 

ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ԴՊՐՈՑԻՑ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը դեկտեմբերի  4-ին  որոշել է Նարինե Բուդուրյանին ազատել Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի  տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2018թ. դեկտեմբերի 3-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:  2023թ. հոկտեմբերին  այդ դպրոցի 8-րդ դասարանում անգլերեն լեզվի  գրավոր աշխատանքի ժամանակ ուսուցչուհի Ասյա Ավագյանը լավ սովորող  աշակերտուհուն կասկածել է գրավոր առաջադրանքի պատասխանները արտագրելու մեջ, գրավոր աշխատանքը խլել է աղջկանից, վիրավորական արտահայտություններ թույլ տվել նրա հասցեին։ Աշակերտուհին թողել է դասարանը, արցունքն աչքերին՝ գնացել է իրենց տուն։ Դպրոցի մանկավարժական խորհրդում Ասյա Ավագյանը հայտարարել է, թե այդ աշակերտուհին եւ իր ծնողները  պետք է  իրենից ծնաչոք ներողություն խնդրեն։

Մարզպետ Ղալումյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, հայտնել է, որ մարզպետի  աշխատակազմը դեպքի առթիվ  բանավոր նկատողություն է տվել Ա. Ավագյանին եւ տնօրեն Ն. Բուդուրյանին։

Վ. Կարմիրաղբյուրում  անչափահասի մասնակցությամբ եւս մի արտակարգ  իրավիճակ է եղել։ 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու առթիվ հարուցված քրեական գործով  նույն  գյուղի բնակիչ, 58-ամյա եւ 57-ամյա տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ 14-ամյա աղջիկը կատարվածից  հետո դպրոցը թողել է, տեղափոխվել, այժմ բնակվում է Բերդ քաղաքում ապրող  իր հարազատի հետ։ Մարզպետ Հ. Ղալումյանը դեպքի վերաբերյալ  «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է. «Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 14-ամյա աղջկա հետ կատարված դեպքի կապակցությամբ տեղի է ունեցել քննարկում մարզպետի աշխատակազմի աշխատակիցների, համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի, ՄԱԾ Բերդի տարածքային կենտրոնի, ոստիկանության համապատասխան աշխատակիցների եւ համայնքում գործող  երեխայի հարցերով զբաղվող ՀԿ-ների ու միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի  ընթացքում քննարկվել են դեպքի առկա հանգամանքները եւ երեխայի հետ իրականացվելիք առաջնային քայլերը: Համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից աշխատանքներ են իրականացվում երեխայի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Համայնքի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացվել են  անհրաժեշտ սոցիալ- հոգեբանական, վերականգնողական, վարքային խնդիրների լուծմանն ուղղված եւ այլ ծառայություններ: Դիտարկվել է նաեւ անհրաժեշտության դեպքում, համագործակցելով իրավապահ մարմինների հետ, երեխայի ժամանակավոր տեղավորման հարցը կարճաժամկետ խնամքի որեւէ հաստատությունում: Գործը գտնվում է դեռեւս նախաքննության փուլում, ուստի երեխայի հետագա խնամքի եւ դաստիարակության վերաբերյալ վերջնական որոշում հնարավոր է կայացնել նախաքննության ավարտից հետո»:

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս