2023 թվականը մոտենում է ավարտին: Սեւ ջրային նապաստակն իր տեղն է զիջում փայտե կանաչ վիշապին:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է տարվա ամփոփման շարքը: Այս անգամ զրուցել ենք երգչուհի Ալլա Լեւոնյանի հետ:
-Ալլա՛ ջան, ամփոփելով անցնող տարին՝ ո՞րն է եղել այն ամենամեծ խնդիրը, որ լուծել եք 2023-ին:
-Չմանրամասնելով ասեմ, որ չի եղել նման ոչ անձնական խնդիր, որը լուծել եմ:
-Իսկ կա՞ մի բան 2023 թվականին, որի մասին հիշելիս ակամայից սկսում եք ժպտալ:
-Ոչ:
-Ամանորին ի՞նչ եք սիրում խմել՝ գինի՞, օղի՞, կոնյա՞կ, գուցե գարեջո՞ւր կամ վիսկի՞:
-Ճիշտն ասած, խմել չեմ սիրում, բայց եթե ինչ-որ առիթ լինում է, տարբերություն չկա: Քանի որ չեմ խմում հաճույք ստանալու, այլ պարզապես նշելու համար, միեւնույնն է, թե ինչ կլինի:
-Ո՞ւմ կամ ինչի՞ կենացն եք առաջինը խմում Ամանորի գիշերը:
-Առաջինը՝ խաղաղության, հետո նոր մնացածը՝ ծնողների, երեխաների: Հավաքվում ենք ընտանիքով ու խոսում ենք տարբեր բաներից, զրուցում ենք, քննարկում ենք անցնող տարին, որոշում, թե ինչ պիտի անենք եկող տարում:
-Կա՞ ուտեստ, որն ասոցացվում է Ամանորի հետ:
-Իհարկե, թփով տոլման ու բլինչիկը: Բնականաբար, տարվա մեջ հաճախ պատրաստում ենք, բայց երբ ասում են՝ Նոր տարի, իմ մոտ զուգահեռվում են նաեւ այդ երկու ուտեստները: Նույնը՝ մանդարինը: Փառք Աստծո, հիմա բոլոր սեզոններին կա, չէ՞, բայց, միեւնույնն է, մենք Նոր տարին ու մանդարինը ասոցացնում ենք:
-Իսկ Ձմեռ պապիկին նամակ գրե՞լ եք արդեն:
-Այո՛, մտքումս: Ամեն տարի էլ գրում եմ:
-Ի՞նչ եք ուզել այս տարի:
-Չեմ կարող ասել. այս անգամ շատ բաներ եմ ուզել, որոնք, մեծ հաշվով, իմ անձից չեն կախված:
-Բայց խելոք պահե՞լ եք Ձեզ, ի՞նչ եք կարծում, կբերի՞ նվերները:
-Որոշ բաներ, կարծում եմ, կբերի, բաներ կան՝ ինձ թվում է՝ այսքան շուտ հնարավոր չի՝ բերի, բայց խոստացել է, ամեն դեպքում:
-Հաշվարկ ունե՞ք, թե ամանորյա ծախսերը ընտանեկան բյուջեից որքան գումար են տանում:
-Եթե անկեղծ՝ ոչ: Երբեք տեղյակ չեմ եղել, քանի որ գրեթե միշտ ամուսինս է այդ հարցերով զբաղվել, առիթ չեմ ունեցել տեղեկանալու: Բայց թեկուզեւ նրա գնումների պարագայում երբեք հաշվարկ չենք անում. այսօր սա էր հարմար գնելը, վաղը՝ մեկ այլ բան, այդ իսկ պատճառով հստակ թիվ ասել չեմ կարող:
-Այս տարի ինչ-որ յուրահատուկ կերպով նշելո՞ւ եք Ամանորը:
-Ոչ: Շատ ուրախ չեմ, որ ինչ-որ արտասովոր բաներ անեմ: Չեմ ուզում ստել: Երբ երեխաները փոքր էին, այն ամենը, ինչ հատուկ էր Ամանորին՝ Ձյունանուշ, Ձմեռ պապ, ամանորյա տոնակատարություններ եւ այլն, արվում էր, բայց վերջին մի քանի տարիներին մարդկանց ներսը փոքր-ինչ փոխվել է, երեխաները մեծացել են, ինչ-որ բան անելու իմաստ էլ չկա: Ամեն դեպքում, ընտանեկան՝ նեղ անձնական մթնոլորտում նշելու ենք, տոնելու ենք սովորականի պես:
Այս տարի շատ պասիվ եմ եղել, ցանկությունս էլ մեծ չէր, քանի որ սրտներս նեղ էր. սա սուտ հայրենասիրություն չէ, այլ իրողություն: Նորմալ մարդը չի կարող անտարբեր անցնել այն ամենի կողքով, ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին՝ նույն պատերազմը, Արցախի կորուստը: Հիմա ոչ մի բան է՛լ առաջվանը չէ: Ինչքան պետք է քո մեջ մարդը մեռած լինի, որ այս ամենից հետո էլի քո էգոյի մասին մտածես: Չի լինում այդպես:
Բայց, սրան զուգահեռ, ապրել է պետք, կյանքը շարունակվում է, եւ սա պարզապես խոսքեր չեն:
-2024-ի նախաշեմին ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին, Ձեր հետեւորդներին, լսարանին:
-Ուզում եմ, որ բոլորս լավ լինենք: Մեր ժողովրդի, ազգի մեջից վերջապես այս չարությունն անցնի, կարողանանք խելքի գալ, ոտքի կանգնել, որ մեր պապերի ժառանգությունն ու պատմությունը, որը հասցրել են մեզ, մենք էլ, մի բռունցք դառնալով, միակամ լինելով, կարողանանք պահել:
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ
ՆՈՐ ԼՐԱՏՎԱԿԱՆ
Քանիե Ուեսթը գործարկել է YEWS լրատվական պլատֆորմը։ Yews.News կայքը ներկայում հասանելի է միայն բջջային սարքերով եւ ունի երկու բացվող մենյու, որոնք ստացել են «Առավոտյան 10-ին» եւ «Կեսօրվա 3-ին» անվանումները։
Պլատֆորմը ներառում է հոդվածներ, որոնք վերաբերում են ռեփերին, նորաձեւությանը, քաղաքականությանը, սպորտին, փոփ-մշակույթին, տեխնոլոգիաներին եւ այլն։ Հոկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ Ye-ն մի քանի ապրանքանիշների գրանցման հայտ է ներկայացրել «YEWS»-ի օգտագործման համար՝ ներառյալ նախագիծ/առարկաները կրթության, գովազդի, բանկային ծառայությունների, երաժշտության հոսքային հաղորդման, հեռուստատեսության, կոսմետիկական խնամքի, սննդամթերքների եւ ըմպելիքների, խաղերի, հագուստի, կոշիկի եւ այլ ոլորտների համար։
ԳԵՐԵՎԱՐՎԱԾԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 13-ին 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ եւ սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը եւ գտնվում են Հայաստանում. այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նրանք նախ կանցնեն նախնական բժշկական հետազոտության եւ ապա կվերադառնան իրենց հարազատների մոտ: Փաշինյանը հրապարակել է նաեւ Հայաստան վերադարձած գերիների անվանացանկը:
Հայաստան վերադարձած ռազմագերիների թվում էր նաեւ Հրայր Հրաչի Հերաբյանը: Նա ծնունդով Շիրակի մարզի Աշոցք գյուղից էր:
Հրայր Հերաբյանի դատավարությունը վարել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայելովը Բաքվի վերաքննիչ դատարանում: Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214, 228, 279, 318 հոդվածներով, եւ նա դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Հոդվածների համաձայն՝ Հրայրին մեղադրանք էր առաջադրվում «ահաբեկչության եւ դիվերսիայի համար»: Ըստ ադրբեջանական կողմի` 2020 թվականի նոյեմբերի 26-27-ն ընկած ժամանակահատվածում իբրեւ նա հատել է Ադրբեջանի պետական սահմանն ու Հադրութի հյուսիս-արեւմտյան հատվածի անտառային տեղանքում մարտական դիրքեր զբաղեցրել, այնուհետեւ՝ մինչ դեկտեմբերի 13-ը, զինված հարձակումներ իրագործել։
ԱԶԱՏՎԵՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Կառավարությունը դեկտեմբերի 14-ի նիստում որոշեց Սամվել Գասպարյանին ազատել պարտադիր զինծառայությունից:
Սամվել Գասպարյանը Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ազգային հավաքականի անդամ է, որին տարկետում է տրվել մինչեւ 26 տարին լրանալը, որի համար հիմք են հանդիսացել նրա հետեւյալ մարզական նվաճումները՝
l ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2022 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր,
l ծանրամարտի մեծահասակների աշխարհի 2022 թվականի առաջնության 3-րդ մրցանակիր:
l ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում Սամվել Գասպարյանը դարձավ հաղթող՝ 1-ին մրցանակակիր,
l ծանրամարտի մեծահասակների 2023 թվականի սեպտեմբերին անցկացված աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 4-րդ տեղը:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինծառայությունից ազատել Սամվել Գասպարյանին:
Նշենք նաեւ, որ Սամվել Գասպարյանը նախապատրաստվում է մասնակցելու 2024 թվականի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին եւ ամառային օլիմպիական խաղերին:
ԴԱՎԹՅԱՆԸ՝ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը դարձել է կայծակնային շախմատի Chessengland.com GM Festival FIDE Blitz մրցաշարի հաղթող:
Հայաստանի ներկայացուցիչը 14 հնարավորից վաստակել է 13 միավոր եւ 37 կետով բարելավել է կայծակնային շախմատում իր վարկանիշը. հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
ԲԱՐՍԵՂՅԱՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության 17-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ. հայտնում է առաջնության պաշտոնական էջը։
17-րդ տուրում «Սլովանը» մրցակցի դաշտում 6-0 հաշվով առավելության էր հասել «Պոդբրեզովայի» դեմ խաղում։ Հայ ֆուտբոլիստը կատարել էր երկու գոլային փոխանցում եւ իրացրել 11-մետրանոց հարվածը։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը Սլովայիայի առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում, խփել 7 գոլ եւ կատարել նույնքան գոլային փոխանցում։
«Սլովանը» 17 տուրից հետո վաստակել է 42 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։