Օրեցօր անորոշություններն ու ռիսկերը խորանում են, խնդիրները՝ ավելանում. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Զեկույցներով հանդես են եկել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալները։

Նախարարը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2023 թվականին կազմել է 64,3 մլրդ դրամ, 2024-ին այն ավելի կլինի 47 տոկոսով, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ծրագրերի իրականացմամբ: Հատկացումները կհասնեն 90,8 մլրդ դրամի: Վահան Քերոբյանը նշել է, որ այս տարվա համար ակնկալվում է 8,3-8,5 տոկոս տնտեսական աճ:

Ինչի՞ հետևանք է տնտեսական աճը՝ տնտեսական ճիշտ քաղաքականության, թե՞ արտաքին գործոնների։ ArmLur.am-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում մանրամասներ է ներկայացրել տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

-Ինչպիսի՞ տնտեսական տարի ունեցանք։

-«2022թ․տնտեսական աճը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ձևավորված տնտեսական զարգացման դրական գործոններով՝ դրամական փոխանցումների եռապատկումը դեպի Հայաստան, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներհոսքը Հայաստան, արտահանման աճը դեպի Ռուսաստան։ Այս գործոնները շարունակեցին ազդել նաև 2023 թվականին։ Ակնհայտ երևում է, որ նախորդ տարվա համեմատ արտասահմանյան ներհոսքերը նվազում են, և հետևանքը տնտեսական աճի ցուցանիշի թուլացումն է։ Զուգահեռաբար պահպանվում և առանձին դեպքերում աճում են տնտեսական անվտանգության անորոշություններն ու ռիսկերը»։

-Ինչպե՞ս է ազդել արցախահայերի ներգաղթը տնտեսության վրա։

-Արցախահայության ներգաղթը դեպի Հայաստանի Հանրապետություն ունի ազդեցության երկակի ուղղություն։ Բնականաբար դրանք ենթադրում են լրացուցիչ սոցիալական ծախսեր։ Մյուս կողմից, 120000 արցախահայերից կան աշխատունակ տարիքի, տարբեր մասնագիտություններով, աշխատանքային փորձ և գիտելիք ունեցող քաղաքացիներ, որոնք կարող են դրական ազդել մեր երկրի տնտեսական զարգացման վրա։ Կան նաև բազմաթիվ ձեռնարկատիրական ունակություններով և փորձով մարդիկ, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ։ Այս ամբողջը կյանքի կոչելու համար, պետական թիրախավորված ծրագրային աջակցություն է անհրաժեշտ, ինչին ցավոք, մենք ականատեսը չենք։ Նման պարագայում բարձր է ռիսկը, որ այդ քաղաքացիների մի մասը կարտագաղթի մեր երկրից։ Սա անցանկալի է բոլոր իմաստներով՝ բարոյականից տնտեսական, քաղաքականից մինչև մարդկային և ազգային շահի առումով։

-Ձեր կարծիքով, ի՞նչ է սպասվում 2024 թվականին։

-Ամբողջությամբ կախված է արտաքին գործոններից։ Այդ գոծոնները գնալով թուլանում են, մի պահ էլ դադարելու են գոյություն ունենալ։ Եվ եթե դա արագ տեղի ունենա, մենք ունենալու ենք լրջագույն տնտեսական դժվարություններ։ Կարող եմ արձանագրել, որ օրեցօր տնտեսական, սոցիալական անորոշություններն ու ռիսկերը խորանում են, խնդիրներն ավելանում։

Տարեցտարի տնտեսական աճի տեմպերի նվազում է կանխատեսում նաև աշխարհի ամենահեղինակավոր վարկանիշային ընկերություններից մեկը՝ Fitch Ratings-ը։ Ընկերության կողմից այս տարվա հուլիսին հրապարակված զեկույցի տվյալների համաձայն, 2024 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը կկազմի 5,9, իսկ 2025-ին՝ 4,5 տոկոս։ Fitch-ի փորձագետները ևս նշում են, որ Հայաստանում աճի տեմպերը խթանող գլխավոր գործոնը հետխորհրդային երեք պետություններից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից արձանագրված զանգվածային ներգաղթն է։

Հայկ Ավանեսյան




Լրահոս