ԳԼԽԱՎՈՐ ՀԱՎԱՔԸ՝ ԱՅՍՕՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո ամբողջությամբ կերպարանափոխվել եւ առավել վատ դրսեւորումներով նմանվել է իր կողմից ժամանակին սուր քննադատությունների ենթարկվող նախկին իշխանություններին:

Ինչպես կոռուպցիայի, ԽԾԲ-ի եւ այլ արատավոր երեւույթների դեպքում,  այնպես էլ պետության կողմից պաշտոնյաներին տրամադրվող ծառայողական միջոցներն անհարկի  վատնելու հարցում Նիկոլ Փաշինյանը հակառակվում է ինքն իրեն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանական վերնախավը երեկ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաքվել էր Գյումրիում՝ քաղաքական ժողովի:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ վերնախավը, որոնց մեծ մասը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, Գյումրի են գնացել ծառայողական ավտոմեքենաներով:

Այսինքն՝ «պադավատապետության» դեմ խիստ պայքար մղող Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները հիմա  մեծ հաճույքով օգտվում  են դրա բարիքներից եւ իրենց կուսակցական հարցերը քննարկելու համար Գյումրի  են հասել պետության կողմից սպասարկվող ծառայողական մեքենաներով՝ պետության հաշվին տրված դիզվառելիքով:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար փորձեց դիմել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց այդպես էլ: Մեկնաբանությունը ստանալուն պես կհրապարակենք: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանն իր կուսակցաշինությունը կառուցում է պետբյուջեի հաշվին: Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ իշխանական վերնախավը երեկ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գիշերել են Գյումրու կենտրոնում գտնվող GRAND HOTEL GYUMRI by APRICOT հյուրանոցում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ երեկվանից  Գյումրու փողոցներում ոստիկանությունը խիստ հսկողություն է իրականացնում, մի շարք փողոցներ էլ փակ են եղել Նիկոլ Փաշինյանի ժամանման առիթով:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, երեկ ՔՊ-ականները նախ տարբեր հանդիպումներ են ունեցել, իսկ արդեն երեկոյան՝ Նիկոլ Փաշինյանի ժամանելուց հետո, խնջույք են արել Գյումրիում:

Կուսակցության քաղաքական ժողովը տեղի կունենա այսօր:

 

 

 

 

 

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացնում է, որ 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ապաստան հայցող անձանց քանակը կազմել է 950 մարդ։ Տեղեկացնենք, որ ՀՀ-ից ապաստան հայցողների մեծ մասը Ուկրաինայից են՝ 472 անձ, 199-ը Իրաքից են, 101-ը Իրանից են։ Հայաստանից ապաստան խնդրողներն այն երկրներից են, որտեղ այժմ ոչ խաղաղ կամ պատերազմական իրավիճակներ են։ Ռուսաստանի Դաշնության միայն 18 քաղաքացի է դիմել ՀՀ ապաստան հայցելու նպատակով։ Հայաստանում, հատկապես՝ Երեւանում, երբ ամեն քայլափոխին ռուսներ են եւ ռուսներին պատկանող սրճարաններ կամ այլ սպասարկման կետեր, զարմանալի է՝ նման քիչ թվով են դիմել ապաստան հայցելու: Այս փաստերին զուգահեռ՝ Հայաստանից կացության կարգավիճակ է ստացել 6 հազար 106 օտարերկրացի։ Հայաստան եկածների, ապաստան խնդրածների եւ կացության կարգավիճակ ստացածների քանակական տվյալները ակնհայտ են, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանից արտագաղթած անձանց տվյալներ չկան։  «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները դիմել են ՀՀ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ այլ դեսպանատներ՝ ապաստան հայցելով: Հավելենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն հենց ինքն էր մեկ ամիս առաջ կառավարության նիստում հայտարարել, որ արցախցիները արտագաղթել են Հայաստանից։ «Այսօրվա դրությամբ ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունից դուրս են եկել, եւ ես չեմ ուզում հետեւություններ անել՝ այս թեմայի հետ կապված»։

 

 

 

 

Հակակոռուպցիոն կոմիտեն Սնանկության դատարանի դատավոր  Տիգրան Փոլադյանին  կկալանավորի։ Նա անցնում է կաշառքի գործով, որի չափը, մեզ հասած լուրերի համաձայն, 20.000 դոլարի է։ Նկատենք, որ Փոլադյանի շուրջ այս աղմուկը խիստ կասկածելի է։ Բանն այն է, որ դատավորի կինը՝ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը եւս անցնում է քրեական գործով: 2022 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաեւ դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար: 2022 թվականի նոյեմբերի 8-ին քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությամբ, ստացվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու եւ վարույթի նյութերը դատարան հանձնելու միջնորդությամբ: Նշենք, որ Անի Հարությունյանն Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու աղջիկը: Իսկ, ահա, Տիգրան Փոլադյանի եղբայրը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանն էր, որի գործունեության մասով 2021 թվականին գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով, իսկ այդ ժամանակ դեպարտամենտի ղեկավարը Կարեն Փոլադյանն էր: Ասել է թե՝ իրավապահները կոնկրետ գործընթաց են սկսել  Փոլադյանի եւ նրա ընտանիքի անդամների մասով, չի բացառվում՝ քաղաքական իշխանության հրահանգով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Գորիսի ոստիկանապետ Մուշեղ Գեւորգյանին ազատ են արձակել։ Իրավապահները գաղտնալսել են եւ բացահայտել, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետը մերժում իրեն զանգահարած ոստիկանության աշխատակիցներին՝ թույլ չտալով անտառից ծառ կտրել։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Գորիսի ոստիկանապետին տնից են հանել ու հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հիշեցնենք, որ Armlur.am-ը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ Գորիսի ոստիկանապետին եւ Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին Երեւան էին տեղափոխել Սյունիքի մարզում անտառներից ապօրինի մասսայական ծառահատումների քրեական վարույթի շրջանակներում։ ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հետ ձերբակալվել էին նաեւ մոտ 10 անձինք: Ի դեպ, Կապանի փոխոստիկանապետը եւ այլ պաշտոնյաներ կալանավորված են, իսկ Գորիսի ոստիկանապետին հարցաքննելուց հետո պարզել են, որ նա մասսայական ծառահատումները կանգնեցնելու համար դուրս է եկել կոնկրետ անձանց դեմ, ուստի  ազատ են արձակել։

 




Լրահոս