«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեկտեմբերի 2-ին Արցախի պատգամավորները փակ նիստ են արել՝ քննարկելու իրենց առաջիկա անելիքները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մանրամասներ է հայտնել ԱԺ նիստից:
Պատգամավորի հետ խոսել ենք նաեւ առաջիկա անելիքների, ինչպես նաեւ իրենց նախաձեռնությամբ ստեղծվելիք ՀԿ-ի մասին:
-Տիկի՛ն Հակոբյան, դեկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Արցախի պատգամավորները ԱԺ նիստ են արել եւ մի շարք հարցեր են քննարկել: Որքան ենթակա է հանրայնացման, կխնդրեմ նիստից մանրամասներ ներկայացնել: Ի՞նչ հարցեր եք քննարկել, ի՞նչ եզրահանգման եք եկել:
-Մինչ նիստը մենք բազմիցս հանդիպումներ ունեցել ենք եւ՛ առանձին խմբերով, եւ՛ ողջ կազմով մի քանի անգամ: Քննարկել ենք՝ փորձելով նախ եւ առաջ հասկանալ, որոշել մեր անելիքները, որովհետեւ ով, եթե ոչ մենք պետք է սկսենք քայլեր անել, եւ այդ որոշումներից մեկը այն է, որ մենք պարտավոր ենք եւ չեն դադարեցնելու ԱԺ նիստեր կայացնելը, բայց դրանք պետք է լինեն տեղին, ճիշտ եւ ըստ օրվա պահանջի: Այսինքն՝ օրակարգը պետք է հենց այդպես ձեւավորվի, որովհետեւ Արցախի Հանրապետության ներկայացուցիչները այսօր առավել քան անսովոր պայմաններում են գտնվում:
Նախ մենք ԱԺ-ում ունեինք երկու պատգամավորի թափուր տեղ, որոնք առաջացել էին մանդատը վայր դնելու արդյունքում, մյուսը՝ պետնախարարի պաշտոնը ստանձնելու պարագայում: Օրակարգի առաջին հարցը պատգամավորների երդմնակալությունն էր:
Երկրորդ հարցի մասին, ներողություն եմ խնդրում, նախընտրում եմ դեռ չխոսել, որովհետեւ կարծում եմ, որ պաշտոնապես Ազգային ժողովը պետք է խոսի այդ մասին:
Կարող եմ միայն ընդգծել, որ շատ կարեւոր հարց է քննարկվել՝ կապված մեր անելիքների հետ եւ այն ուղու հետ, որով մենք որոշել ենք գնալ:
-Տիկի՛ն Հակոբյան, քանի որ այս հարցը մամուլում շատ է քննարկվել, կցանկանայի իմանալ՝ արդյոք նիստի ժամանակ քննարկվել է Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը միջազգային հարթակներում:
-Մենք մինչ այս իրավիճակում հայտնվելը խոսել ենք, քննարկել ենք դա. այն առաջնային հարց է եւ առհասարակ ցանկացած գործընթացներում պետք է լինի մեր պահանջը մեր միջազգային իրավունքի իրացման, որովհետեւ աշխարհը ուզի-չուզի՝ մենք ինքնորոշվել ենք, եւ այդ ինքնորոշման իրավունքը մենք ձեռք ենք բերել եւ հետեւաբար աշխարհը պարտավոր է հենց մեր միջազգային իրավունքը հաստատել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ:
Սենատի նախագահը, ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին, շնորհակալություն է հայտնել այցելության համար եւ շեշտել, որ ուրախ է Հայաստանի նախագահին ընդունել Ուրուգվայի Սենատում, որն իրենք անվանում են նաեւ «Ժողովրդավարության տուն», քանի որ Ուրուգվայի համար ժողովրդավարությունն անհամեմատելի արժեք է եւ երկրում Հանրապետության հաստատումից հետո խորհրդարանական բոլոր կուսակցությունները եղել են իշխանություն:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ ինչպես Ուրուգվայի, այնպես էլ Հայաստանի համար ժողովրդավարությունը բարձրագույն արժեք է: Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ անկախացումից հետո Հայաստանը որդեգրեց հենց ժողովրդավարական ուղիով զարգացման սկզբունքներ, եւ թեպետ անցած շուրջ 3 տասնամյակի ընթացքում ժողովրդավարացման գործընթացները մեր երկրում տարբեր փորձություններ են հաղթահարել, այնուամենայնիվ վերջին տարիներին Հայաստանը անշեղորեն առաջնորդվում է ժողովրդավարական արժեքներով եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացման դիրքորոշմամբ:
Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ ընդհանրապես Հայաստանի պետական կառավարման համակարգում շատ մեծ է խորհրդարանի դերը, քանի որ մեր երկիրը 2018 թվականից անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը՝ ի դեմս Սենատի նախագահի, շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի ժողովրդին եւ պետությանը Ցեղասպանությունն առաջինը ճանաչելու, ինչպես նաեւ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ ծառացած մարտահրավերների նկատմամբ հստակ եւ արդարացի դիրքորոշում ունենալու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-ուրուգվայական ոլորտային համագործակցության խթանման հնարավորությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, կրթության եւ այլ բնագավառներում:
Հավելենք նաեւ, որ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին եւ զարգացումներին: Նախագահը վերահաստատել է հարեւանների հետ բարիդրացիական եւ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հստակ դիրքորոշումը:
Հանդիպմանը երկուստեք դրական է գնահատվել առաջիկայում Ուրուգվայում Հայաստանի դեսպանատան բացումը, ինչը կնպաստի տարբեր մակարդակներում երկու երկրների փոխգործակցության ակտիվացմանը: Այս համատեքստում ընդգծվել է նաեւ բարձր մակարդակի քաղաքական փոխայցելությունների իրականացման եւ խորհրդարանական դիվանագիտության խթանման ուղղությամբ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը:
ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային կապերը փորձություններով են անցնում, քանի որ Արեւմուտքը փորձում է սեպ խրել երկու պետությունների միջեւ. այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում՝ «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում» նստաշրջանի մասնակիցներին։
«Այսօր Մոսկվայի եւ Երեւանի միջեւ դաշնակցային կապերը ստուգվում են մեր եղբայրական ժողովուրդների միջեւ հարաբերությունների մեջ սեպ խրելու Արեւմուտքի փորձերի լույսի ներքո», – ասել է Լավրովը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ համոզմունք է հայտնել, որ «քննարկումների արդյունքում կմշակվեն գործնական առաջարկություններ, եւ կստեղծվեն փոխադարձ օգտակար շփումներ»։
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նեպալի արտաքին գործերի նախարար Նարայան Պրակաշ Սաուդի հետ:
ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Նեպալի միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն ընդգծել են տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտությունը՝ կարեւորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը եւ առեւտրատնտեսական կապերի խորացումը:
Հանդիպման օրակարգում են եղել նաեւ միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է միջազգային հարթակներում, այդ թվում՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին առնչվող օրակարգային հարցերում կողմերի միջեւ համագործակցության փորձը:
Հայաստանի եւ Նեպալի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են նաեւ տարածաշրջանային փոխկապակցվածության կարեւորությունը: