ԿՈՂՄ ԿՔՎԵԱՐԿԵ՞Ն ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 26-ին Երեւանի ավագանին այս տարվա վերջին նիստը կանի։ Նիստին քննարկվելու եւ ավագանու հաստատմանն է ներկայացվելու համայնքի 2024թ.-ի բյուջեն եւ զարգացման հնգամյա ծրագիրը: Բյուջեն եւ զարգացման ծրագիրն ավագանու անդամներին է ներկայացնում համայնքի ղեկավարը, իսկ ավագանին դրանք հաստատում եւ ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ այդ օրը նիստին ներկա ավագանու անդամների մեծամասնության քվեարկությամբ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը եւ նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն»-ը ավագանիում միասին ունեն 32 մանդատ, իսկ ընդդիմադիր թեւից հանդես եկող 3 խմբակցությունները՝ «Ազգային առաջընթաց»-ը, «Մայր Հայաստան»-ը եւ «Հանրային ձայն»-ը, միասին ունեն 33 մանդատ։ Ստացվում է՝եւ զարգացման ծրագիրը հաստատելու համար իշխանություններին անհրաժեշտ է լինելու ընդդիմությունից հավելյալ մեկ ձայն ստանալ:

 

Իսկ ի՞նչ տրամադրվածություն ունեն ընդդիմադիր 3 խմբակցություննրը՝ «Ազգային առաջընթաց»-ը, «Հանրային ձայն»-ը եւ «Մայր Հայաստան»-ը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ ֆինանսիստների աշխատանքային խումբ են ստեղծել, որոնք ուսումնասիրում են բյուջեի նախագիծը, ըստ այդմ՝ կորոշեն՝ մասնակցեն բյուջեի քննարկմանը, թե ոչ։

«Դեռ ֆրակցիայի նիստ պետք է անենք, ֆինանսիստների խումբը մեզ կներկայացնի բյուջեի նախագծի հետ կապված նրբությունները, ըստ այդմ՝ մենք որոշում կկայացնենք: Խմբակցության նիստը տեղի կունենա ավելի ուշ՝ ավագանու նիստի նախորդող օրերին: Վերջնական որոշում այս պահին դեռ չունենք»,-ասաց նա: Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն էլ ասաց, որ դեռ քննարկումներ են ընթանում, իսկ որոշում մասնակցության մասով դեռ չունեն: «Մենք էլ ենք ուսումնասիրում, վերջում կորոշենք՝ գնանք , թե ոչ. դա նաեւ կախված է մյուս ֆրակցիաների որոշումներից»,-ասաց նա։

«Մայր Հայաստան»-ից եւս «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ դեռ որոշում չունեն՝ ինչպես են վարվելու, քանի որ դեռ բյուջեն են ուսումնասիրում: Կհաջողվի արդյոք իշխանություններին մեկ ձայն կորզել ընդդիմադիրներից, կհաստատվի մայրաքաղաքի հաջորդ տարվա բյուջեն՝ պարզ կդառնա դեկտեմբերի 26-ին: Հավելենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ համայնքի բյուջեն չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին` համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ, կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով արտահերթ նիստ: Եթե ավագանին մինչեւ տարվա սկիզբը համայնքի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄ՝ ԼՂՀ-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ՝ համաձայնեցնելու տարածքի ականազերծման շուրջ. հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության եւ Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) ու Ադրբեջանի զինված ուժերի ինժեներական զորքերի ներկայացուցիչների միջեւ բանակցություններ են վարվել տարածքի համատեղ հումանիտար ականազերծման շուրջ համաձայնեցնելու հարցերի շուրջ»,- ասվում է տեղեկագրում։

Նշվում է, որ խաղաղապահները շարունակում են փոխգործակցությունը Բաքվի հետ՝ խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգությունն ու մարդասիրական իրավունքի պահպանումն ապահովելու համար

 

 

 

ԱՄՆ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բոլոր շփումներում՝ լինի դա հանդիպում, թե հեռախոսազրույց, քննարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Պաշտոնյան նաեւ անդրադարձել է Ֆիդանի՝ Բաքվում դեկտեմբերի 14-ին արած հայտարարությանն այն մասին, որ իր կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբեւէ մոտ են խաղաղության համաձայնագրին։

«Մենք ողջունում ենք այն, որ Թուրքիան արդյունավետ դեր է խաղում այս հակամարտությունը լուծելու հարցում։ Մենք համաձայն ենք արտգործնախարարի ասածի հետ, որ խաղաղությունը հնարավոր է, եւ մենք կաջակցենք երկու կողմերի ուղիղ բանակցություններին դրան հասնելու համար», – ասել է Միլլերը։

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեում երեկ՝ ուշ գիշերին, ավարտվել է դեկտեմբերի 13-ին Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 գերիների հարցաքննությունը։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք հարցաքննվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։

 

 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ

«Իսկապես կարեւոր է, որ Երեւանն ու Բաքուն խոսում են միմյանց հետ եւ գործնական համաձայնությունների հասնում»,- «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը՝ շեշտելով կալանավորների ազատ արձակման մասին համատեղ հայտարարությունն ու դրան հաջորդած գործնական քայլը։

«Այս շաբաթ կալանավորվածներն արդեն տանն են: Նրանք համատեղ հայտարարություն տարածեցին, որն ի ցույց է դնում աջակցություն միմյանց նկատմամբ բազմաթիվ առումներով՝ ներառյալ նրանց միջազգային ձգտումներին», – ասել է Օ’Բրայենը՝ հույս հայտնելով, որ շատ շուտով ականատես կլինեն, որ կողմերը հասնում են խաղաղության համաձայնագրի։

«Երկու կողմն էլ հայտարարել է, որ շահագրգռված է այդ անել: Մենք, նաեւ Եվրամիության մեր գործընկերները եւ մյուսները պատրաստ ենք օգնել: Կցանկանայինք տեսնել, որ այս ամենը շուտով իր ավարտին է հասել, քանի որ շուտափույթ խաղաղության կնքումը հսկայական օգուտներ կբերի», – ասել է ԱՄՆ պաշտոնյան։

Հարցին, թե արդյոք պետքարտուղարությունը կհյուրընկալի Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներին մինչեւ տարեվերջ, Օ’Բրայենը պատասխանել է. «Այն, ինչ մենք ասել ենք երկու երկրներին, հետեւյալն է. շատ ուրախ ենք աջակցել նրանց միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը: Արդեն հյուրընկալել ենք երկու արտգործնախարարների միջեւ խաղաղ բանակցությունների մի քանի փուլ եւ այդ նորից կանեինք, եթե կողմերը որոշեին, որ դա կօգնի նրանց խաղաղություն կնքել: Մենք պատրաստ ենք օգնել: Երկու կողմերին էլ խրախուսում ենք հանդիպել, եւ մինչ այժմ յուրաքանչյուրն ասել է, որ պատրաստ է աշխատել այդ նպատակով»:

Ճշտող հարցին՝ մինչեւ այս տաեվե՞րջ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պատասխանել է.  «Այս տարվա համար բավարար ժամանակ չի մնացել, բայց մենք ամեն ինչ կանենք»:

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե Ադրբեջանն ընդունել է հունվարին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպման ԱՄՆ-ի հրավերը: Հայտարարությունից ժամեր անց թե՛ Երեւանից, թե՛ Բաքվից պնդեցին՝ Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա։

 




Լրահոս