«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հայաստան է ժամանել Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարը կարեւորել է Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը՝ վստահություն հայտնելով, որ, որպես Հայաստանում Կանադայի առաջին դեսպան, Էնդրյու Թըրներն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերություններին։
Նորանշանակ դեսպանին ներկայացվել է կրթական համակարգի բոլոր մակարդակներում իրականացվող բարեփոխումները՝ առաջարկելով դիտարկել ինչպես մասնագիտական կրթության ու ուսուցման, այնպես էլ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Դեսպանի ուշադրությունն է հրավիրվել ակադեմիական քաղաքի նախագծին՝ ընդգծելով, որ «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է նոր ենթակառուցվածքի ստեղծում՝ բուհերի եւ գիտահետազոտական կազմակերպությունների համար արդիական միջավայր ապահովելու նպատակով։
Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հեռանակարներին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ այս օրերին Հայաստանի պատվիրակները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայացնում են Հայաստանի՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերն ընդունելու հայտը:
«Ֆրանկոֆոնիայի խաղերի միջոցով հանրահռչակվում են ֆրանկոֆոն երկրների արժեքները ժողովրդավարության ու խաղաղության վերաբերյալ, ինչը շատ կարեւոր է մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը եւ շնորհակալություն հայտնել Կանադայի կառավարությանը՝ բարդ ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած աջակցության եւ օժանդակության համար: ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանը ընդգծել է, որ Կանադան աջակցում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը եւ կարեւորում միջմշակութային երկխոսությունը: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգին՝ շեշտելով, որ 2020 թվականից ի վեր չի հաջողվում ԼՂ գործուղել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կկարողանար տեղում արձանագրել հայկական մշակութային ժառանգության ներկա իրավիճակը։ Նախարարն ասել է, որ 5000-ից ավելի հուշարձաններ եւ 20-ից ավելի թանգարաններ մնացել են Լեռնային Ղարաբաղի տարածքում, որոնց պաշտպանության խնդիրն առավել սրվել է սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո:
Հավելենք, որ ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցի բարձրաձայնումը միջազգային հարթակներում կարեւոր է, եւ կանադական կողմն այս առումով պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների եւ ուսանողների կրթության իրավունքի իրացմանը, ուսուցիչների աջակցության եւ վերապատրաստման ծրագրերին։Քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՔԱՂԱՎԻԱՑԻԱՆ ՈՒ ՍԿԱՆԴԱԼԸ
«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր՝ ինչպես էր «Զվարթնոց»-ի անվտանգության տեսախցիկների նկարածը հայտնվել ՔՊ-ամերձ կայքերում. ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր «Զվարթնոց» օդանավակայան՝ հասկանալու համար՝ արդյոք որեւէ գործընթաց եղել է, թե հիմա էլ, ինչպես այդ ժամանակ, հեշտ է օդանավակայանի տեսախցիկների արտահոսք ապահովել: Մեզ պատասխանել էին. «Ինչպես արդեն պատասխանել ենք Ձեր լրատվամիջոցի նախորդ հարցմանը, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն. առաջարկում ենք դիմել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե»:
Հետեւելով նշված բացատրությանը՝ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Քաղավիացիայի կոմիտե, որտեղից մեզ պատասխանեցին, որ տեղյակ չեն՝ նույնիսկ ինչ է կատարվել։
«Եթե այս լուսանկարը նույնիսկ անվտանգության տեսախցիկից է արված, Քաղավիացիան, օրինակ, ինչ-որ գործի շրջանակներում կարող է լուսանկարներ պահանջել Ավիացիոն անվտանգության վարչությունից։ Այդքան էլ հեշտ չի մտնել եւ նկարել անվտանգության տեսախցիկները։ Նույնիսկ մեր Կոմիտեի աշխատակիցների համար կամ այլ անձանց համար, եթե անհրաժեշտություն կա անվտանգության տեսախցիկների նկարահանածը տեսնել, ապա անհրաժեշտ է համապատասխան գրություն ուղարկել եւ համապատասխան պատճառաբանություն բերել։ Այս մասով այլ տեղեկություններ չեմ կարող տալ։ Դեպքը եղել է մեկ տարի առաջ, եւ չեմ կարողանում ոչ մի կերպ կապել մեզ հետ»։
Քաղավիացիայում նույնիսկ տեղյակ չէին, որ մեկ տարի առաջ հայտնվել են սկանդալի կիզակետում, եւ մինչեւ այսօր ոչ ոք պատասխանատվություն չի կրել գաղտնի պահվող ինֆորմացիան հանրայնացնելու համար։
ՎԱՌԵԼԻՔԸ ԿԹԱՆԿԱՆԱ՞
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի նախագծին։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի բոլոր կողմերի կողմից վավերացնելուց հետո։ Համաձայնագրի պայմաններով իրանական կողմն ապահովում է ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու պարտավորություններ։ Բացի այդ, ԵԱՏՄ անդամ երկրներից Իրան ապրանքների մատակարարումները կապահովվեն առանց անցումային շրջանների։
Մանր եւ միջին բիզնեսի իրավապաշտպան Սամսոն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստեց, որ Իրանի հետ առեւտուրը շահավետ կլինի Հայաստանի համար գնային առումով, իսկ հայ-ռուսական հարաբերությունները դժվար թե այս պատճառով տուժեն, քանի որ արդեն բավականին վատացել են։
Կստացվի, որ այս համաձայնագրով Հայաստանում վառելիքի շուկայի մոնոպոլիան, հնարավոր է, առիթից օգտվելով, արհեստական գնաճ ստեղծի շուկայում։ Նման դեպքերը նորություն չեն հայկական վառելիքի շուկայում, քանի որ վերջին հինգ ամիսներին 1-2 ամսվա տարբերությամբ թե՛ գազը, թե՛ հեղուկ գազը գնային անկումներ ու գերաճ են ունեցել արհեստական կերպով խոշոր խաղացողների կողմից գնային սանդղակը բարձրացնելու պատճառով։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԼՐԱԳՐՈՂԸ՝ ԸՆԴԴԵՄ «ՆԻԿՈԼԱԿԱՆԻ»
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ 2023թ. օգոստոսի 4-ին Հռիփսիմե Հակոբի Ջեբեջյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Խաժակ Ռազմիկի Թանանյանի, հրապարակային արտահայտված վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին։ 2023 թ. սեպտեմբերի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Նոյեմբերի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը որոշել է այդ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակել 2023 թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրի շենքում։ Հռիփսիմե Ջեբեջյանը «Առավոտ» օրաթերթի լրագրող է, որը վարչապետի մամուլի ասուլիսին դիպուկ հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Խաժակ Թանանյանը Իջեւան քաղաքի կենտրոնում սրճարանի սեփականատեր է, նախկինում եղել է ՀՅԴ անդամ, Նիկոլ Փաշինյանի երկրպագու է։
ՔԻՉ ԱՐՏԵՐ, ՑԱԾՐ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետարանից տեղեկանում է, որ այս տարի Տավուշի մարզում հնձվել է 3092հեկտար ցորեն, հեկտարից միջին բերքատվությունը կազմել է 20.5 ցենտներ, մարզում հնձվել է 547 հեկտար գարի, հեկտարից միջին բերքատվությունը եղել է 20.2 ցենտներ։ Մարզում հացահատիկի մշակության եւ արտերի բերքատվության վատ ցուցանիշներ են։
ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
Շուրջ 5 տարի է, ինչ Նոյեմբերյանից Տավուշի մարզկենտրոն Իջեւան եւ հակառակ ուղղությամբ հասարակական տրանսպորտ չի գործում։ Նախկինում այդ երթուղում միկրոավտոբուս էր աշխատում, որի ուղեվարձը 500 դրամ էր, հետո այն բարձրացրին՝ դարձնելով 1000 դրամ։ Համարելով, որ այդ երթուղին եկամտաբերություն չի ապահովում՝ այն փակեցին։ Նոյեմբերյան խոշոր համայնքի բազմաթիվ բնակիչներ Իջեւանում ամեն օր գործեր են ունենում, կան Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում սովորող նոյեմբերյանցիներ, Իեւնում գործող հիմնարկների նոյեմբերյանցի աշխատողներ, սակայն Նոյեմբերյան խոշոր համայնքի բնակավայրերը Իջեւանին կապող հասարակական տրանսպորտ չկա։ Պետական հիմնարկներում աշխատող նոյեմբերյանցիներն աշխատանքային ամեն օր Նոյեմբերյանից Երեւան մեկնող միկրոավտոբուսով են գնում եւ դրանով աշխատանքից տուն վերադառնում, սակայն մայրաքաղաք մեկնող միկրոավտոբուսում հաճախ ազատ տեղեր չեն լինում։ Տավուշի մարզպետարանը պետք է գործնական քայլեր ձեռնարկեր մարզկենտրոնը Նոյեմբերյան խոշոր համայնքին կապող երթուղի գործարկելու մասին, սակայն խնդիրը չի լուծում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ