ՖԻԹՆԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ֆիթնեսի ոլորտի ներկայացուցիչները, Երեւանում եւ ՀՀ մարզերում գործող տարբեր մասնավոր կառույցների ղեկավարները այցելել են ԿԳՄՍՆ:

 

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին ԿԳՄՍ նախարարության հրավերն ընդունելու եւ համատեղ քննարկումներ իրականացնելու պատրաստակամության համար: Նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի առանցքային թիրախներից մեկը Հայաստանի տարբեր բնակավայրերում ֆիզիկական ակտիվության ու սպորտով զբաղվելու հնարավորությունը քաղաքացիների համար հասանելի դարձնելը եւ առողջ ապրելակերպը խթանելն է:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Հայաստանի ավելի քան 70 խոշորացված համայնքներում նախատեսվում է ունենալ տիպային մարզական կառույց՝ լողավազանի, խաղային մարզաձեւերի, ֆիթնես դահլիճների եւ այլ հնարավորություններով: Արդեն իսկ մշակված է նաեւ տեխնիկական առաջադրանքի նախագիծ: Նախարարը հայտնել է նաեւ, որ եկող տարվա համար արդեն նախատեսված է նման կառույցների նախագծումը Եղեգնաձորում եւ Բերդում: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել մասնավոր հատվածի հետաքրքրությունն ու համագործակցության հնարավորությունները ինչպես մարզահամալիրների նախագծման, կառուցման, այնպես էլ դրանց կառավարման գործընթացներում:

«Վստահ եմ՝ ձեր մասնագիտական գործունեության ընթացքում արձանագրել եք շատ կարեւոր նրբություններ, որոնք մեզ համար գուցե այնքան էլ տեսանելի չեն: Պատրաստ ենք լսելու ձեր դիտարկումները տեխնիկական առաջադրանքի նախագծի վերաբերյալ ու քննարկելու համագործակցության հնարավորությունները բոլոր գործընթացներում՝ թե՛ շինարարության, թե՛ կառավարման: Կարծում եմ՝ համատեղ ուժերով կկարողանանք աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնել»,- ընդգծել է նախարարը:

Ոլորտի ներկայացուցիչները կարեւորել են նմանօրինակ նախաձեռնությունն ու տարբեր ուղղություններով համագործակցության պատրաստակամություն հայտնել, ինչպես նաեւ ուղղել հետաքրքրող մի շարք հարցեր: Արձագանքելով նրանց հարցադրումներին՝ նախարարը տեղեկացրել է, որ ֆիզիկական ակտիվության ու սպորտով զբաղվելու պետական ծրագիրը դեռեւս իրագործվելու է միայն ՀՀ մարզերում:

«Տեսնում ենք, որ Երեւանում ոլորտը զարգանում է, իսկ մարզերում դեռեւս շատ լուրջ խնդիրներ ունենք, օրինակ, լողավազանների եւ բազմաթիվ այլ ենթակառուցվածքների հասանելիության հետ կապված: Ինչ վերաբերում է տիպային կառույցներին, ապա որոշակի ուսումնասիրություն է կատարվել, թե նման ֆունկցիոնալություն ունեցող մարզահամալիրներն ինչ ենթակառուցվածքներ ունեն, հատկապես երբ մենք կարեւորում ենք լողավազանի առկայությունը: Մարզերում սա իսկապես լուրջ խնդիր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ֆիզիկական ակտիվության ու սպորտով զբաղվելու կենտրոններում գործունեություն ծավալող մարզիչների մասնագիտական որակավորման խնդրին: Հավելենք, որ քննարկվել են մարզահամալիրների գործունեության կարգավիճակին, դրանցում ընդգրկվելիք մարզիչների վերապատրաստմանն ու, ըստ անհրաժեշտության, տարբեր համայնքներում արդեն իսկ գործող մարզահամալիրների պահպանությանը վերաբերող հարցեր:

 

 

ՀՈՒՄՔԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի եւ ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավար Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։

Հանդիպման արդյունքում ձեռք բերված՝ համատեղ վերահսկողական միջոցառումներ անցկացնելու մասին պայմանավորվածությունը ՍԱՏՄ ղեկավարը ներկայացրել է տեսչական մարմին հրավիրված Հայաստանի կաթնամթերք արտադրող եւ արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին:

Արմեն Հայրապետյանը տնտեսվարողներին հիշեցրել է ռուսական կողմի պահանջը՝ ՌԴ արտահանվող կաթնամթերքի հումքը պետք է լինի բացառապես հայկական, ու նաեւ հորդորել հստակ գնահատել իրենց արտադրություններում առկա ռիսկերը, վերացնել դրանք, արտադրական ողջ գործընթացը համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությամբ եւ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, ներդնել Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգը (HACCP): Նա վստահեցրել է, որ տեսչական մարմնի մասնագետները պատրաստ են տրամադրելու համապատասխան մասնագիտական աջակցություն՝ առկա խնդիրները արագ լուծելու համար:

Կաթնամթերք արտադրողներն արձանագրել են, որ այսպիսի հանդիպումներն արդյունավետ ձեւաչափ են առաջացած խնդիրների մասին բարձրաձայնելու եւ դրանց շուրջ պարզաբանումներ ստանալու համար:

 

 

ԿՆԻՔԻ ԿԱՐԻՔ ՉԿԱ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հայաստանից դուրս գալու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում (ելքի կնիք) կատարելու վերաբերյալ պահանջը չի գործելու 2024 թ. հունվարի 1-ից։

2023 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարությունն ընդունել է փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան որոշում, համաձայն որի՝ 2024 թ. հուվարի 1-ից ՀՀ տարածքից դուրս գալու համար ՀՀ քաղաքացիները կազատվեն իրենց անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու պահանջից։

Մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ սահմանը հատող անձանց համար կարգավորումը դեռ գործում է, եւ կնիքի առկայությունը անձնագրում պարտադիր է։

Նշված փոփոխությունների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ծանուցել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին։

Գործնականում հնարավոր է, որ առանձին պետությունների որոշ սահմանային անցակետերում անձնագրային հսկողություն իրականացնող աշխատակիցները դեռեւս պատշաճ կերպով իրազեկված չլինեն այս փոփոխությունների մասին։ Նման դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի հղումներից՝ որպես օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջի վերացման պաշտոնական ապացույց։

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Է ԿԱՆՉՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին ԱԺ բարձր ամբիոնից ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը թիրախավորել է ազատ մամուլին եւ զրպարտել՝ հայտնելով, թե գիտեն՝ ինչպես են Հայաստանում հոդվածներ տպագրվում. փողը տալիս են, պատվիրում են եւ պախարակում պաշտոնյաներին: Նա հնչեցրել է «Ժողովուրդ» օրաթերթի, «Հրապարակի» եւ այլ ԶԼՄ-ների անունները:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհա ննիսյանին, պահանջել միասին գնալ դատախազություն կամ ԱԱԾ՝ իմացած ենթադրյալ հանցանքի մասին  հաղորդում տալու: ՔՊ խմբակցութան ղեկավարը հրաժարվել է «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցչի հետ իրավապահ մարմիններ գնալ: «Չեմ մեկնաբանում»,- միայն այս միտքն է հնչեցրել Արթուր Հովհաննիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերները արձանագրում են, որ Արթուր Հովհաննիսյանը չի կարողացել բացատրություն տալ, թե ինչ հիմքով է

երկրի թիվ մեկ ամբիոնից հնչեցրել անպատասխանատու խոսք, սուտ եւ զրպարտություն:

Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով դիմում է դատարան՝ պատասխանատվություն պահանջելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից:

Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրելու պահանջ են ներկայացրել նաեւ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Հրապարակ» օրաթերթը՝ դարձյալ անպատասխանատու խոսքեր ամբիոնից հնչեցնելու համար:

Հավելենք, որ մեդիափորձագետ, «Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը եւս պահանջել են Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրել «Ժողովուրդ» օրաթերթից՝ առանց հիմքերի եւ ապացույցների զրպարտանք տարածելու համար:

 

 

 

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԳԱՂԱՓԱՐԸ

«Մենք աջակցում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կառուցմանը։ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ փուլի շինարարությունը ֆինանսավորվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցով»,- դեկտեմբերի 15-ին Երեւանում հայտարարեց ՌԴ կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այս գծով աջակցության ծավալն այժմ կազմում է 150 մլն դոլար, ինչպես նաեւ ներկայումս հիմնադրամի կոլեգիալ մարմինների կողմից հաստատվում է Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումը։ Այնտեղ աջակցության ծավալը կկազմի 200 մլն դոլար։

Հիմնադրամի ներդրումների ամբողջ պորտֆելը Հայաստանում՝ 10 ծրագրերով, գնահատվում է 533 մլն ԱՄՆ դոլար։ Բացի այդ, եւս 300 միլիոն դոլար արժողությամբ նախագծերը ներկայումս սպասում են հաստատմանը»,- նշել է Օվերչուկը:

 

 




Լրահոս