«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է անցնող տարվա ամփոփման շարքը: Այս անգամ զրուցել ենք դերասան, հումորիստ Զիրոյանի հետ:
-Զիրոյա՛ն ջան, եթե 2023 թվականը երեք բառով բնութագրեք, ինչպիսի՞ն էր այն Ձեզ համար:
-Լարված, բուռն ու ստեղծագործական:
-Ո՞րն է եղել ամենամեծ խնդիրը, որ լուծել եք 2023-ին:
-Թերեւս նման մեծ մասշտաբի խնդիր չեմ ունեցել, Փառք Աստծո, սակայն ինչ էլ, որ եղել է, շատ գեղեցիկ ու հետաքրքիր լուծում եմ տվել:
-Կա՞ մի բան, որ 2023-ի մասին հիշելիս Ձեզ ժպիտ է պարգեւում:
-Ինչ ձեռքբերում, որ ունեցել եմ, դա էլ ժպիտ է պարգեւել:
-Ամանորին ի՞նչ եք սիրում խմել՝ գինի՞, օղի՞, կոնյա՞կ, գուցե գարեջո՞ւր կամ վիսկի՞…
-Ամանորը իմ՝ խմիչք նախընտրելու հետ այդքան էլ կապ չունի: Ալկոհոլ չեմ օգտագործում առհասարակ:
-Այդուամենայնիվ, Ամանորն այն տոնն է, որ, թեկուզ մտովի, բոլորս էլ խմում կամ կենաց ենք ասում: Ի՞նչ կենաց եք առաջինը խմում սկսվող տարում կամ ո՞ւմ եք հղում առաջին մաղթանքը:
– Իհարկե, նշեցի, որ չեմ խմում, բայց դա ինձ չի սահամանափակում սահմանին կանգնած զինվորներին բարօրություն ցանկանալ:
-Քանի՞ ընկեր ունեք, հաշվե՞լ եք երբեւէ:
-Ամբողջ կյանքիս ընթացքում երբեւէ չեմ հաշվել՝ քանի ընկեր եմ կորցրել կամ քանի ընկեր ունեմ, քանի որ նրանց թվաքանակով չեմ ընդունում եւ ունեմ շատ լավ ու կամեցող ընկերներ, որ միշտ կողքիս կանգնած են՝ անկախ ամեն ինչից:
-Իսկ կհիշե՞ք՝ քանիսին եք կորցրել 2023-ին:
-Փառք Աստծո, ոչ մեկին: Ես ամուր եմ պահում իմ ընկերությունը: Սա կփաստեն նաեւ հենց իմ ընկերները:
-Ձմեռ պա՞պ, թե՞, ամեն դեպքում, Ձյունանուշ. ո՞ւմ եք ամենաշատը հավատում:
-Դե, իհարկե, Ձմեռ պապը Նոր տարվա ամենասպասելի հյուրն է բոլորի ընտանիքներում, բայց իմը Ձյունանուշն է (սա, իհարկե, որպես հումոր):
-Ի՞նչ եք ուզել Ձմեռ պապիկից այս տարի:
-Ինչպես բոլոր հայրենասեր մարդիկ, միմիայն խաղաղություն:
-Ձեզ խելոք պահե՞լ եք, ի՞նչ եք կարծում, նվեր կբերի՞:
-Ես այնքան խելոք եմ ինձ պահել, որ ես էլ իրեն նվեր ունեմ տալու:
-Հունվարի մեկին բարձի տակ նայելո՞ւ եք՝ նվեր կա, թե չէ:
-Չեմ նայելու. բարձ չունեմ:
-Հաշվարկ ունե՞ք՝ այս Ամանորը ինչքան կխլի Ձեր ընտանեկան բյուջեից:
-Ամանորյա ծախսերի հաշվարկը միշտ անկանխատեսելի է. չգիտես՝ ինչքան կծախսես: Դա էլ, կարծում եմ, կապված է նրա հետ, որ մենք սիրում ենք առատ սեղաններով հյուրեր ընդունել Նոր տարուն:
-Կա՞ ուտեստ, որ ողջ տարին սպասում եք՝ Ամանորին համտեսեք:
-Մայրիկիս պատրաստած խաղողի թփով տոլմայի համար խելագարվում եմ, իսկ, առհասարակ, Ամանորի հետ ասոցացնում եմ ընդեղենը:
-Ի՞նչ մոտիվացիայով եք մտնում 2024 թվական:
-Մոտիվացիան միայն ստեղծագործական է՝ աշխատել՝ հանդիսատեսին գոհացնելու համար:
-Մեր ընթերցողին ի՞նչ եք մաղթում:
-Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ, եղե՛ք բարի:
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԲԱՐԵԼԱՎՎԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջեւ կատարվել է վերաբաշխում՝ 299 մլն 252 հազար դրամ գումարի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,5 մլրդ դրամի չափով, կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ:
Որոշման ընդունմամբ կապահովվեն մի շարք կրթական, մշակութային եւ մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման եւ գույքային հագեցվածության գործընթացները, որոնք կրում են շարունակական բնույթ: Այն առաջնային եւ կարեւորագույն խնդիրներից է նշված ոլորտներում պետության որդեգրած քաղաքականության պատշաճ իրականացման համար:
Ըստ այդմ՝ որոշմամբ 223 մլն 101 հազար դրամ կուղղվի հաստատությունների շինարարական աշխատանքների իրականացմանը, որից 50 մլն կտրամադրվի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համար օդափոխության համակարգի փոխարինմանը: Որոշմամբ հատկացվող գումարների շրջանակում կլուծվեն մի շարք հրատապ խնդիրներ՝ ջեռուցում, տանիք, պատուհաններ, օդափոխության համակարգ, սանհանգույցներ։
76 մլն 150 հազար դրամ կուղղվի հաստատությունների գույքի ձեռք բերմանը, որից շուրջ 50 մլն դրամ կտրամադրվի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Փելեշյանի անվան տաղավարի գույքի եւ տեխնիկայի, իսկ շուրջ 14 մլն դրամ՝ Երեւանի կամերային պետական թատրոնի համար ձայնային տեխնիկայի գնմանը:
Վերաբաշխվող գումարի շրջանակում կրթական ոլորտի կապիտալ ծրագրերին կուղղվի 193.2 մլն դրամ, մշակույթի ոլորտին՝ 72.8 մլն դրամ գումար։ Որոշմամբ նախատեսվող հատկացումների շրջանակում առկա են նաեւ անվանի դիրիժոր եւ երգահան Հովհաննես Չեքիջյանի աշխատասենյակի, ինչպես նաեւ հայտնի ռեժիսոր եւ սցենարիստ Արտավազդ Փելեշյանի անվան տաղավարի՝ գույքով ապահովման ծախսեր։
ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎԱԾ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին 2020-2023 թվականներին գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ եւ սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը եւ գտնվում են Հայաստանում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նրանք նախ կանցնեն նախնական բժշկական հետազոտության եւ ապա կվերադառնան իրենց հարազատների մոտ: Փաշինյանը հրապարակել է նաեւ Հայաստան վերադարձած գերիների անվանացանկը:
Դեկտեմբերի 13-ին վերադարձած ռազմագերիների թվում էր նաեւ Վաղարշակ Աշոտի Ավետիսյանը: Նա ծննունդով Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղից է:
Վաղարշակ Աշոտի Ավետիսյանը դատավարությունը ընթացել էր Բաքվի վերաքննիչ դատարանում, եւ նրան մեղադրանք էր առաջադրվել 214, 228, 279, 318 հոդվածներով, այսինքն՝ ահաբեկչության եւ դիվերսիայի համար: Ըստ այս հոդվածների՝ նա իբրեւ հատել էր Ադրբեջանի պետական սահմանն ու Հադրութի հյուսիսարեւմտյան հատվածի անտառային տեղանքում մարտական դիրքեր զբաղեցրել, այնուհետեւ՝ մինչ դեկտեմբերի 13-ը, զինված հարձակումներ իրագործել:
Վաղարշակ Ավետիսյանին Բաքվի վերաքննիչ դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման:
ԱՌԱՋԱՏԱՐԸ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ Է
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանն արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարն է:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող մրցաշարի մեկնարկային 6 տուրերում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել եւ առաջատարն է:
Արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանը, ընդհանուր առմամբ, մասնակցում է 150 շախմատիստ: Մրցաշարի 10 ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից մեկը Հայկ Մարտիրոսյանն է, որն արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի գործող բրոնզե մեդալակիրն է:
ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը հաղթող է ճանաչվել Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված Գրան պրիում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար:
Լալայանը ոսկե մեդալին արժանացել է երկամարտի 441 կգ արդյունքով (200 + 241 կգ):
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանն էլ երկամարտի 430 կգ արդյունքով (190+240 կգ) կանգնել է պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ դառնալով արծաթե մեդալակիր:
Այսպիսով, Հայաստանի ծանրամարտի հավաքականը վարկանիշային Գրան պրիում երկամարտի 7 մեդալ է նվաճել:
Ավելի վաղ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) նվաճել էր մրցաշարի հաղթողի կոչումը, Դավիթ Հովհաննիսյանն (96 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ) եւ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
ՄԱՐԶԻՉԸ ԳՈՎԵԼ Է
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին գովել է փարիզյան թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, որն ամռանն է միացել ՊՍԺ-ին։
«Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ առաջին հանդիպումից մենք շատ երջանիկ ենք։ Նա իսկապես հրաշալի է աշխատել թիմի խաղաոճի վրա։ Մենք ցանկանում ենք շարունակել նույն ոգով։ Լուիս Էնրիկեն շատ մոտիվացված է։ Մենք բոլորս նույն ալիքի վրա ենք»,- Նասեր Ալ-Խելաիֆիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Լուիս Էնրիկեի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։
ՊՍԺ-ն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, Ֆրանսիայի առաջնությունում 15 տուրից հետո 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։