Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզը: Նախկին լրագրող Մելիքբեկյանն անցած շաբաթ վերջապես «աչքի ընկավ» հրապարակային խոսքով ու հարցազրույց-հաշվետվություն տվեց իր լրատվական ծառայությանը: Մելիքբեկյանը ջանք չէր խնայում «գոյություն» չունեցած արդյունքներ նկարագրել, օրինակ՝ թե ինչպես են ծրագիր իրականացրել «Կույր ֆուտբոլի» ոլորտում, կանանց թիմեր են ստեղծվել, ազգային հավաքականը վերջապես մեկ հաղթանակ է տարել եւ այլն: Իհարկե, լրագրողներից խուսափող, հարցումներին ու հեռախոսազանգերին չպատասխանող Մելիքբեկյանը թերեւս հասկանում է, որ միլիոնավոր դոլարների մուտքեր ունեցող ընկերության ղեկավարին շատ հարցեր կան տալու, ու գնալով խնդիրները մեծանում են: Օրինակ՝ այդպես էլ մեկնաբանություններ չեղան, թե ինչու Աբովյանի մարզադաշտի վերականգնման մրցույթը շահեց Հակոբ Սիմիդյանի ընկերոջ հետ փոխկապակցված ընկերությունը, որը նման աշխատանքների փորձ չուներ եւ ավելի բարձր գնով է կատարել դա, քան այլ ընկերություն կաներ: Չպատասխանեց նաեւ, թե ինչու են հիմնական ներդրող ակումբները դուրս եկել իր դեմ՝ ի դեմս «Ուրարտու» եւ «Փյունիկ» ակումբների, ինչու է ազգային հավաքականը խայտառակ պարտություններ կրում, ինչու մարզերում կառուցված փոքր դաշտերը շարքից դուրս են գալիս եւ այլն: Թերեւս Մելիքբեկյանի ինքնագովազդ ուղերձում հատկանշական էր բանակի թիմին՝ ԲԿՄԱ-ին վերաբերող մասը. համարել էր ԲԿՄԱ-ն հաջողված ծրագրերից, իսկ, որպես հաջողություն, նշում է, որ այս թիմից ազգային հավաքական են գնացել ֆուտբոլիստներ: Իհարկե, բանակում չծառայած Արմեն Մելիքբեկյանը չի նշի, թե ԲԿՄԱ-ում գրանցված քանի ֆուտբոլիստ է, ըստ էութան, ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Նշենք, որ 2019թ.-ին հիմնադրված ակումբը, ըստ էության, բանակից ազատում է երիտասարդների, որոնք հետագայում կա՛մ լքում են ֆուտբոլը, կա՛մ հանդես են գալիս համեմատաբար թույլ թիմերում ու այդպես էլ չեն կատարում իրենց առաջ դրված խնդիրը, բայցեւ չեն զորակոչվում ազգային բանակ: Մամուլը բազմիցս գրել է, որ բարձրագույն խմբում հանդես եկող ԲԿՄԱ-ում եւ առաջին լիգայում խաղացող ԲԿՄԱ 1-ում հայտնվում են խաղացողներ, որոնցից մեկի ծնողը, օրինակ, գործկոմի անդամ է կամ այլ կապերով կապված է ՀՖՖ ղեկավարների հետ: Այդ երիտասարդները, որ չեն զորակոչվում, այդպես էլ հայկական ֆուտբոլի վաղվա օրը չեն դառնում ու, ըստ էության, այդպիսով լուծում են զուտ չզորակոչվելու խնդիրը:
Հ.Գ. Քանի որ ՀՖՖ-ն չի պատասխանում մեր հարցումներին ու զանգերին, հաջորդիվ կանդրադառնանք Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի կառուցման ծախսերին ու հավաքված տվյալներ կներկայացնենք շինարարական ոլորտի ներկայացուցիչների փորձագիտական եզրահանգումից:
Իշխանական շրջանակներում ահագնացել են խոսակցություններն առ այն, որ դեկտեմբերի 22-ին Վերաքննիչ դատարանն ազատ է արձակելու շուրջ երեք ամիս կալանքի տակ պահվող Նարեկ Մալյանին: Իշխանությունները ցանկանում են 2024-ը դիմավորել հնարավորինս քիչ թվով քաղբանտարկյալների առկայությամբ, քանզի արեւտմյան կառույցները գնալով դժգոհում են, որ չեն կարող երկար «աչք փակել» Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստի վրա: Մեզ մնում է հետեւել իրադարձություններին՝ արձանագրելու, թե կուլիսային խոսակցությունները ինչ դրսեւորումներ կունենան իրականության մեջ:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի հունվարի 27-ին։ Ղուլարյանը մինչ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ դառնալը հարուստ եւ յուղալի պաշտոններով է անցել։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականից՝ որպես Իջեւանի շրջանային խորհրդի գործկոմ։ Ծնունդով Իջեւան քաղաքից, մասնագիտությամբ ճարտարապետ Ղուլարյանը եղել է նաեւ Իջեւանի գլխավոր ճարտարապետը, ապա՝ նույն քաղաքի քաղաքապետը, հետո՝ Տավուշի մարզպետը։ 2014 թվականից եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։ 2018 թվականից եղել է նախարարի առաջին տեղակալ, ապա՝ կոմիտեի նախագահ։ Նման հարուստ կարիերա ունեցող Ղուլամյանը 2022 թվականի եկամուտների, գույքերի, շահերի եւ ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ անհատական բնակելի տուն, որը 2013 թվականին ժառանգություն է ստացել։ Մեկ բնակարան բազմաբնակարան շենքում էլ, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, հայտարարագրել է՝ որպես այլ անձի սեփականության իրավունքով պատկանող, սակայն իր կողմից շահագործվող գույք։ Կոմիտեի նախագահը 2019-ին Երեւանի կենտրոնում 21 մլն 475 հազար դրամով գնել է մեկ կիսակառույց: Ղուլարյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, ինչը զարմանալի է։ Ղուլարյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 492 հազար դրամ եւ 19 հազար 930 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 500 հազար դրամ եւ 21 հազար ԱՄՆ դոլար։ Ղուլարյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կուտակվում են միայն աշխատանքի վարձատրությամբ, որն էլ կազմում է 13 մլն 229 հազար դրամ՝ գրեթե 32 հազար ԱՄՆ դոլար։ Ստացվում է, որ եկամուտների կեսից ավելին՝ գրեթե 8 մլն դրամը, Ղուլարյանը խնայում է եւ հայտարարագրում կանխիկ դրամ՝ 21 հազար դոլար, հակառակ դեպքում սա կոռուպցիոն ռիսկ է, քանի որ կանխիկ դրամական միջոցների ստացման աղբյուրը չկա, իսկ եկամուտը միայն աշխատանքի վարձատրությունն է։ Ղուլարյանն իր նախկին հայտարարագրերում որպես եկամտի աղբյուր նշում էր կենսաթոշակը՝ 52 հազար դրամ, իսկ վերջին հայտարարագրում կենսաթոշակի մասին ոչինչ չկա։ Ղուլարյանը ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է, բայց բանակում չի ծառայել, համենայնդեպս, իր կենսագրության մեջ նշված չէ այդ մասին: Ղուլարյանը ՀՀ ամենաերկարակյաց մարզպետն է. ղեկավարել է Տավուշի մարզը 1999 թվականից մինչեւ 2014 թվականը՝ ամբողջ 15 տարի: Այս ժամանակահատվածում տավուշցիները դժգոհ են եղել նրա աշխատանքից: Նրանից հատկապես դժգոհել են սահմանամերձ, մշտապես թշնամու կրակահերթերի տակ գտնվող գյուղերի բնակիչները, որովհետեւ մարզպետի «վեջին էլ չի եղել», թե ինչ է կատարվել իր մարզում: Ավելին՝ տեղացիների պատմելով՝ նա շատ գյուղերի ճանապարհն էլ չի իմացել: Հավելենք նաեւ, որ Ղուլարյանի ղեկավարած Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարում եւ համակարգում է ՀՀ-ում շինարարության ոլորտը, որի փուչիկը, ասել է թե, փչված է, եւ պայթելուն քիչ է մնացել։ Բանն այն է, որ բնակարանաշինության մակարդակը Հայաստանում վերջին հինգ տարիներին զգալիորեն բարձրացել է, ինչն էլ, ըստ տվյալների վերլուծաբանների, հանգեցնելու է բնակարանաշինության ոլորտում լճացման։
Երեկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, Ամբակում Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել։ Դեռ այս տարվա հոկտեմբերի 14-ին գրել էինք, որ, մեզ հասած սեղեկությունների համաձայն, ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին է առաջարկել Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարար Մինասյանը մերժել է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան հասկացրել են, որ Գրիգորյանը միակ արժանի թեկնածուն է: Արդյունքում ամիսներ անց՝ նախարար Մինասյանի մերժումից հետո, իրավապահ համակարգը հաշվի չառավ նախարարի ցանկությունն ու նշանակեց իր ցանկալի թեկնածուին, քանի որ քաղաքական թիմը նրան էր տեսնում ՔԿՀ ղեկավարի պաշտոնում: