«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ավարտվել է Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վ. Ղուկասյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով Գյումրի համայնքում գտնվող երկու տասնյակից ավելի անշարժ գույք օտարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝ հիմնավորվել է, որ Վ. Ղուկասյանը, 1999թ. նոյեմբերից մինչեւ 2012թ. հոկտեմբերը հանդիսանալով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ 2006-2011թթ. ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, տարբեր հասցեներում գտնվող 24 անշարժ գույք, այդ թվում՝ ընդհանուր օգտագործման կանաչ գոտի (զբոսայգի) հանդիսացող քաղաքային զբոսայգու հողամասեր՝ տվյալ ժամանակ գնահատված ընդհանուր 35.690.403 (35 միլիոն 690 հազար 403) ՀՀ դրամ կադաստրային արժեքով։
Հիշյալ անշարժ գույքերն օտարվելուց հետո կեղծ բովանդակությամբ տեղեկանքներ են ներկայացվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանում, եւ դրանց հիման վրա՝ հիշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է տարբեր ՍՊԸ-ների եւ անձանց սեփականության իրավունքը։
Բացի այդ, ձեւական առուվաճառքի եւ անհատույց օգտագործման պայմանագրեր կնքելու, նվիրատվություններ կատարելու եղանակով օրինական ճանապարհով գույքի ձեռք բերման պատրանք ստեղծելու, այդկերպ իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելուն օժանդակելու հարցերի շուրջ նախնական համաձայնության գալով մի շարք անձանց, այդ թվում՝ եղբոր եւ որդու հետ, Գյումրի համայնքից հանցավոր եղանակով ստացված գույքի ծագման աղբյուրը խեղաթյուրելու, պատկանելիությունը թաքցնելու նպատակով օրինականացրել է վերը նշված հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքերից 4-ը՝ 16.060.815 ՀՀ դրամ (16 միլիոն 60 հազար 815) կադաստրային արժեքով:
Մասնավորապես՝ Վարդան Ղուկասյանի մտերիմների միջեւ կնքվել են անշարժ գույքն օտարելու վերաբերյալ ձեւական առուվաճառքի պայմանագրեր, որոնց հիմքով գույքերի նկատմամբ գրանցվել է նրանց սեփականության իրավունքը։ Այնուհետեւ, հիշյալ գույքերն անհատույց օգտագործման նպատակով Վ. Ղուկասյանին հանձնելու վերաբերյալ կնքված պայմանագրերի հիմքով, կատարվել է պետական գրանցում, իսկ դրանից հետո կնքված նվիրատվության պայմանագրերի համաձայն՝ գույքերը նվիրվել են Վ. Ղուկասյանի որդուն կամ եղբորը։ Այդ հիմքով կատարվել են պետական գրանցումներ, տրամադրվել են վկայականներ։
Հավելենք, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վ. Ղուկասյանին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու (24 դրվագ), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (26 դրվագ), հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) (4 դրվագ) համար։ Վերջինիս եղբորը, որդուն եւ երկու մտերիմներին մեղադրանք է ներկայացվել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) համար։
Քրեական վարույթով համայնքապետարանի նախկին պաշտոնատար 5 անձանց նկատմամբ ոչ արդարացնող՝ վաղեմությունն անցնելու հիմքերով քրեական հետապնդումները դադարեցվել են։
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ, առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար:
Դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի զեկուցագրի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Ա.-ն, հանդիսանալով «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում, առանց հատուկ թույլտվության եւ առանց լիցենզիայի, վերոնշյալ ժամանակահատվածում հատուկ տեսակի տեխնիկայի օգտագործմամբ Ս.Մ.-ի, Լ.Պ.-ի եւ Զ.Ս.-ի օժանդակությամբ արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ մոտ 350 խմ ծավալով օգտակար հանածո՝ ավազ: Ա.Ա.-ն արդյունահանված ավազի 1 խմ-ն 9000 դրամով, իսկ ընդհանուր՝ 3 մլն 150 հազար դրամով իրացրել է տարբեր անձանց՝ պետությանը չվճարելով 5 մլն դրամը գերազանցող պետական տուրքերը:
Վերոնշյալ արարքների արդյունքում պետությանը, նախնական հաշվարկով, պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ մոտ 5 մլն 500 հազար դրամի չափով:
2023 թվականի դեկտեմբերի 16-ին «Էլ-Ար Շինե» ՍՊ ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 5 մլն 500 հազար դրամ վնասը:
ԿԱՊԿՊԵԼ Է, ԹԱԼԱՆԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն` երեկ գիշերը՝ ժամը 4:00-ի սահմաններում, Լոռու մարզում ենթադրյալ հանցագործները մտել են բնակիչներից մեկի տուն ու գողություն կատարել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք եղել են 4 անձ, որոնք եղել են դիմակավորված։ Ըստ մեզ հասած լուրերի՝ կպչուն ժապավենով կապել են մորն ու որդուն ու սկսել տակնուվրա անել տունը։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տնից տարել են ոսկի, գումար եւ հեռացել։ Ավելին՝ լուրեր ունենք, որ տանտերերը մարմնական վնասվածք չունեն, իրավապահները փնտրում են կատարողին։
ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎԱԾ ԳԵՐԻՆԵՐԸ
Դեկտեմբերի 13-ին 2020-2023 թվականներին գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ եւ սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը եւ գտնվում են Հայաստանում: Անդրանիկ Սրապի Սուքիասյանի դատավարությունն ընթացել էր Բաքվի վերաքննիչ դատարանում: Նրան մեղադրանք էր առաջադրվել 318.2-րդ հոդվածով, այն է՝ «խմբի կազմում նախնական համաձայնությամբ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը», եւ 228.3-րդ հոդվածով՝ «կազմակերպված խմբի կողմից զենքի, դրանց բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռք բերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում»: Մեղադրանքի համար դատարանի դատախազը նրան դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, սակայն իբրեւ դատավորը պահանջը չի բավարարել եւ 6 տարվա ազատազրկման է դատապարտել: Ըստ դատավորի կայացրած որոշման՝ Անդրանիկ Սուքիասյանը եւ նրա հետ գերեվարվածները պատիժը կրելուց հետո պետք է լքեին Ադրբեջանի տարածքը: Անդրանիկ Սուքիասյանը ծննդով Շիրակ մարզի Գյումրի քաղաքից էր:
Տիգրան Մանուկի Ավագյանի դատավարությունն ընթացել էր Բաքվի վերաքննիչ դատարանում: Նրան մեղադրանք էր առաջադրվել 318.2-րդ հոդվածով, այն է՝ «խմբի կազմում նախնական համաձայնությամբ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը», եւ 228.3-րդ հոդվածով՝ «կազմակերպված խմբի կողմից զենքի, դրանց բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռք բերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում»: Մեղադրանքի համար դատարանի դատախազը նրան դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, սակայն իբրեւ դատավորը պահանջը չի բավարարել եւ 6 տարվա ազատազրկման է դատապարտել: Ըստ դատավորի կայացրած որոշման՝ Տիգրան Ավագյանը պատիժը կրելուց հետո պետք է լքեր Ադրբեջանը: Տիգրան Ավագյանը ծննդով Շիրակ մարզի Գյումրի քաղաքից էր:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ