ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցները պետական աջակցության ծրագրի շրջանակում, դեկտեմբերի 18-ից սկսած, հնարավոր կլինի մաքսազերծել նաեւ մայրաքաղաք Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունում, Վանաձոր քաղաքի Արեւելյան մաքսատուն-վարչությունում եւ Սիսիան քաղաքի Հարավային մաքսատուն-վարչությունում։

 

Հավելենք, որ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Երեւանի Իսակովի 10 հասցեում մաքսային ձեւակերպման ներկայանալուց առաջ անհրաժեշտ է տրանսպորտային միջոցը նախապես տեղակայել մաքսային հսկողության հետեւյալ գոտիներից մեկում՝ «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ, Երեւան, Արարատյան 43 կամ Արարատյան 95, «Վալենսիա» Հ/Ձ ՍՊԸ, Երեւան, Շիրակի փողոց 43:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ, կառավարության նոյեմբերի 30-ի որոշմամբ, նախատեսվել է միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի եւ հարկերի մասնակի փոխհատուցում տալ Հայաստանի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների այն քաղաքացիներին, որոնք մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթեւ մարդատար տրանսպորտային միջոց եւ դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կմաքսազերծեն դրանք:

«Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչեւ 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով՝ միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի եւ հարկերի 40 տոկոսի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով՝ 70 տոկոսի չափով: […] Շահառուները մաքսային ձեւակերպման ժամանակ վճարելու են մինչեւ 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով՝ միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի եւ հարկերի 60 տոկոսը, 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով՝ 30 տոկոսը, իսկ մնացած բեռը, ըստ էության, կրելու է պետությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` կառավարության որոշմամբ` 2024թ.-ի hունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ: Վրաստան վերադառնալու դեպքում ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ են ստանալու։

 

 

 

ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ՀՀ-ում ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ։

Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարիների ընթացքում նվազել է աղջիկ երեխաների ծնելիության թիվը, սակայն աղջիկների համեմատ՝ ավելացել է տղա երեխաների ծնելիությունը. վերջին 10 տարիների ընթացքում միշտ այդպես է եղել։

2012 թվականին աղջիկ երեխաների ծնելիությունը կազմել է 19 հազար 737 երեխա, տղա երեխաների ծնելիությունը՝ 22 743:

Եթե համեմատենք երեխաների ծնելիության թիվը ըստ սեռերի, ապա կարող ենք ասել, որ այն զգալիորեն նվազել է։

Բացատրենք՝ ինչպես.

2012 թվականին ծնվել է 19 737 աղջիկ երեխա, 2022 թվականին 17 հազար 139 աղջիկ երեխա։ Աղջիկ երեխաների ծնելիությունը, 2012 թվականի համեմատ, նվազել է գրեթե 2 հազարով։

2012 թվականին ծնվել է 22 հազար 743 տղա երեխա, իսկ 2022 թվականին՝ 19 հազադ 236 երեխա։ Տղա երեխաների ծնելիությունը, 2012 թվականի համեմատ, նվազել է գրեթե 3 հազարով։

 

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԱՇԽՈՒՄԸ

Հանրապետությունում Երեւան քաղաքի քաղաքային բնակչությունը գերազանցում է մարզային բնակչությանը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակումների՝ Երեւան քաղաքում բնակվում է ՀՀ 2 մլն 977 հազար 130 մարդուց գրեթե կեսից մի փոքր քիչը՝ 1 մլն 98 հազարը:

Բնակչության թվով առաջին մարզը Արմավիրի մարզն է՝ 266 հազար 656 մարդ, իսկ վերջին տեղում Վայոց ձորի մարզն է՝ 47 հազար 661 մարդ բնակչությամբ։

Վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ բնակչությունը նվազել է 49 հազար 749-ով։

2013 թվականի հունվարի 1-ին ՀՀ բնակչությունը կազմել է 3 մլն 026 հազար 879 մարդ։ 10 տարի անց նվազելով մոտ 50 հազար հոգով՝ ՀՀ բնակչությունը կազմել է 2 մլն 977 հազար 130 մարդ։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ պատճառը արտագաղթն է կամ տարբեր պատճառներով մահացության թվի աճը։

Հայաստանի Հանրապետությունում բնակչության թվաքանակի ցուցանիշները, 90-ականներից սկսած, շարունակաբար նվազել են՝ բացառությամբ 2012-2013 թվականների։

Սա պայմանավորված է եղել բնակչության ծնելիության մակարդակի նվազումով եւ արտագաղթի տեմպի աճով։

2022 թվականին արձանագրված բնակչության բնական հավելաճի եւ միգրացիայի դրական մնացորդի ցուցանիշների արդյունքում տարեվերջի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը, նախորդ տարվա համեմատ, աճել է 15.7 հազար մարդով եւ կազմել 2 մլն 977 հազար մարդ։

Սրանից կարելի է ենթադրել, որ 80+ տարիքային շեմը սկսել են հաղթահարել ավելի շատ մարդիկ, սակայն հաջորդիվ կներկայացնենք՝ ինչպես է մահը երիտասարդացել։

Ստացվում է, որ ՀՀ մշտական բնակվողները 30-34 եւ 35-39 տարեկան կանայք եւ տղամարդիկ են։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Է ԹԱՔՑՆՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայ Ղալումյանին դեկտեմբերի 12-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկատվական հարցում է ուղարկել՝ նրան հարցնելով. «Արցախից բռնագաղթած, Տավուշի մարզի 52 հյուրանոցներում ու հյուրատներում բնակվածների հյուրանոցային ծախսերը կազմել են 218.0 մլն դրամ. խնդրում եմ նշել այդ 52 հյուրանոցների ու հյուրատների անունները, դրանցից յուրաքանչյուրի տրված գումարի չափը»:

Մարզպետարանից  ստացված պատասխանում նշված է. «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչներից 1100 մարդ ժամանակավորապես բնակեցվել են մարզի 52 հյուրանոց-հյուրատներում, որոնց կեցության ծախսերը կազմել են 218.0 մլն դրամ»: Ուշագրավ է, որ մարզպետը Նիկոլ Փաշինյանի նման, Արցախի փոխարեն, «Լեռնային Ղարաբաղ»  եզրույթն է օգտագործել:

Մարզպետ Ղալումյանը   ի՞նչ պատճառներ, շահագրգռվածություն ունի թաքցնելու արցախցիներին հյուընկալած հյուրանոցների եւ հյուրատների ցանկը եւ նրանց պետբյուջեից տրված գումարների չափը։ Սա առաջին դեպքը չէ, երբ մարզպետ Ղալումյանը տեղեկատվություն է թաքցնում։ Նրան 3 անգամ տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ հարցնելով, թե որքան է մարզում գործող փայտածուխի արտադրամասերի թիվը, սակայն ամեն անգամ մարզպետը չի հայտնել դրանց թիվը այն կեղծ, հնարովի պատճառաբանությամբ, թե դրանց թիվն ամեն օր փոխվում է։

Մարզպետը այդ հարցին չի պատասխանել նույնիսկ այն դեպքում, երբ կոնկրետ օրվա կոնկրետ ժամի դրությամբ եմ հարցրել մարզում փայտածուխի արտադրամասերի թիվը։

 

 

2,5 ՀԱԶԱՐ ՀԵԿՏԱՐ ԱՇՆԱՆԱՑԱՆ

Տավուշի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողային հաշվեկշռի, կազմում են 110 665,6 հեկտար, որից վարելահող՝ 25 485,3 հեկտար, բազմամյա տնկարկներ՝ 1981,8 հեկտար, այդ թվում՝ խաղողի այգիներ՝ 1195,3 հեկտար, պտղատու այգիներ՝ 786,5 հեկտար, խոտհարքներ՝ 9400,6 հեկտար, արոտավայրեր՝ 63 006 հեկտար,այլ՝ 10791,8 հեկտար։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկատվական հարցում է ուղարկել՝ պարզելու, թե  այս տարի  մարզում որքան աշնանացան է արվել։

Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Իջեւանի, Նոյեմբերյանի եւ  Բերդի համայնքապետարանների կողմից տրամադրված տեղեկատվությունների օպերատիվ տվյալներով՝ 12.12.2023թ. դրությամբ մարզում կատարվել է 2550,2 հա աշնանացան, որից ցորեն՝ 1938,4հա, գարի՝ 611,8հա։ 2023թ. աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր չի գործում»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս