«ՍԱԼԻԿՆԵՐ ՓՈԽԵԼՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ». Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 26-ին Երեւանի ավագանին հերթական նիստն է անելու: Օրակարգում, ի թիվ այլ հարցերի, Երեւանի 2024թ.-ի բյուջեն եւ զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու հարցն է լինելու: Համայնքի բյուջեն ներկայացնում է համայնքի ղեկավարը: Ավագանու նիստին բյուջեն հաստատվում է պարզ մեծամասնական կարգով, այսինքն՝ նիստին ներկա ավագանու անդամների մեծամասնության քվերակությամբ: ՔՊ-ն եւ նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն»-ը միասին ունեն 33 մանդատ, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ 34, այսինքն՝ բյուջեն հաստատելու համար իշխանությանն անհրաժեշտ է լինելու ընդդիմությունից մեկ ձայն ստանալ: ArmLur.am-ը այս առիթով զրուցել է ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հետ:

 

-Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ որոշում ունի ձեր խմբակցությունը, մասնակցելո՞ւ եք ավագանու նիստին, ինչպե՞ս եք քվեարկելու:

-Դեռ չունենք, բայց նախնական՝ բյուջեի մասով մեր վերաբերմունքը բացասական է. քննարկում կանենք եւ վերջնական որոշում կկայացնենք:

-Հակված եք բոյկոտե՞լ նիստը, թե՞ դեմ քվեարկել:

-Չեմ կարծում՝ կբոյկոտենք, ավելի հավանական է, որ դեմ կքվեարկենք:

-Ձեր խմբակցությունը ֆինանսիստների հատուկ խումբ էր ձեւավորել, որպեսզի ուսումնասիրեն բյուջեն եւ եզրակացություն ներկայացնեն: Պատրա՞ստ է արդեն բյուջեի մասով եզրակացությունը:

-Դեռ ուսումնասիրությունը չի ավարտվել, ուրբաթ օրը քննարկելու ենք այդ հարցը, բայց կարող եմ ասել, որ բյուջեի ծախսային մասը վիճահարույց է, քանի որ, մեր կարծիքով, կարեւորությունն առաջնահերթություններին տրված չէ, այսինքն՝ տրանսպորտի հարցի լուծում, սոցիալական խնդիրների լուծում, մանկապարտեզներում ու դպրոցներում առկա խնդիրների լուծում երկրորդ պլան են մղված: Շեշտը դրված է, օրինակ, փողոցի մայթերի սալիկները փոփոխելու վրա: Մենք անցել ենք այդ փողոցներով, սալիկներ փոխելն ավելի կարեւոր չէ, քան, ենթադրենք, դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգումը: Այսինքն՝ բյուջեի տրամաբանության հետ կապված խնդիրներ կան, խնդրահարույց կետեր կան:

-Ավագանու մյուս ֆրակցիաների հետ քննարկումներ անցկացրե՞լ եք բյուջեի մասով:

-Բյուջեի մասով քննարկում չենք արել, չգիտեմ՝ ինչ որոշում ունեն նրանք, բայց կարծում եմ՝ «Հանրային ձայն»-ը կգնա նիստին: Ես չեմ կարծում՝ նիստը տապալելու հեռանկար կա. սա իմ անձնական կարծիքն է:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԿԵՂԾ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐ

Դեկտեմբերի 13-ին 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ եւ սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը եւ գտնվում են Հայաստանում: Հայրենադարձված գերիների թվում էր 2023թ. օգոստոսի 16-ին գերեվարված Գագիկ Աշոտի Ոսկանյանը: Ձերբակալված Գագիկ Ոսկանյանին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ներկայացրել է որպես «դիվերսիոն խմբի» անդամ եւ «խմբի» դեմ քրեական գործ է հարուցել մի շարք ծանր հոդվածներով՝ ներառյալ ահաբեկչության։

 

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ

Նախագահ Միշելը դեսպան Բալայանին մաղթել է հաջող աշխատանք պաշտոնում՝ կարեւորելով Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության առաջմղմանն ուղղված նախաձեռնությունները եւ վերահաստատելով իր աջակցությունը դրանց: Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար եւ նշել, որ Հայաստանը հաստատակամ է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ Եվրոպական միության եւ նրա անդամ պետությունների հետ գործընկերությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար:

Հայաստանի երախտագիտությունը հայտնելով նախագահ Միշելին եւ կարեւորելով ԵԽ նախագահի անձնական ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար՝ Բալայանը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից բրյուսելյան ձեւաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտումները եւ համարժեք հետեւանքների բացակայությունը, ի վերջո, հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը: Ուստի, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող բոլոր որոշումների կատարման եւ Բաքվին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ։

Դեսպանը նախագահ Միշելին տեղեկացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի մեծացող հավակնությունների եւ խաղաղ գործընթացը խափանելու Բաքվի շարունակական փորձերի, այդ թվում՝ Գրանադայի բանակցություններին չներկայանալու իրական պատճառների եւ Բրյուսելում նախատեսվող բանակցությունների մասին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ կոմունիկացիաների ու ճանապարհների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում դեսպան Բալայանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ կարեւորել դրա ընդգրկումը ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնությունում:

 

 

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԽ ՆԻՍՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաեւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ՀՀ պարենային անվտանգության ապահովմանը, ՀՀ ԶՈւ միասնական կառավարման ավտոմատացված համակարգին եւ ՀՀ անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ այլ պաշտոնյաներ:

 

 

«ՊԵՏՔ Է ԽԱՂԱՆՔ ՄԵՐ ԽԱՂԸ»

«Խաղաղության պայմանագիրը ՀՀ իշխանությունը փաթեթավորում է այնպես, որ 20-25 տարի հետո իմ թոռները պատերազմեն։ Իրենց թվում է, որ գնում են խաղաղության, բայց դա խաղաղություն չի, պատերազմ է, ուղղակի այս սերնդից հետաձգում եք հաջորդ սերնդի վրա»,- «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նշել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը: «100 տարի առաջ ցեղասպանություն է եղել, եւ Հայաստանի ցանկացած նախագահ, որ փորձում է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, նա դավաճան է դառնում: Գնում է արտասահման, լոլիկով ու ձվով խփում են: Այսօր էլ նույնկերպ Սփյուռքը գրեթե ամբողջովին արհամարհում է այսօրվա գործող իշխանություններին:

Ես ասում եմ՝ եթե Ադրբեջանում կան գրագետ, մտածող մարդիկ, որպեսզի մեր ժողովուրդները, որոնք 300 տարի իրար հետ կռվում են, եւս 300 տարի չշարունակեն կռվել, պետք է խաղանք մեր խաղը»,- ասաց Սամվել Բաբայանը:

 

 




Լրահոս