Կրկնապատկվել է սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին եւ նրանց մարզիչներին պետության կողմից տրվող տարեվերջյան միանվագ գումարը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության որոշմամբ՝ ավելացել են պարալիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված, ինչպես նաեւ ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտի, շաշկի, ուշու եւ շախմատ մարզաձեւերի միջազգային առաջնություններում, աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդների առաջնություններում, Եվրոպայի երիտասարդական Օլիմպիական փառատոնում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկներին, հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին եւ ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին շնորհվող դրամական մրցանակները:
Որոշումը տարածվում է նաեւ հաշմանդամություն ունեցող մարզիկների վրա:
Նոր որոշմամբ՝ տարեվերջյան միանվագ պարգեւատրման են ներկայացվում նաեւ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում եւ զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները, նրանց մարզիչները եւ բժիշկները: Ըստ նոր փոփոխության՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի առաջնություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկները կստանան համապատասխանաբար 10 մլն, 7 մլն եւ 4 մլն դրամ մրցանակ: Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները եւ մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները կստանան համապատասխանաբար 5 մլն, 3,5 մլն եւ 2 մլն դրամ՝ նախկին 2,5 մլն, 1,75 մլն եւ 1 մլն դրամի փոխարեն:
Ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչները կստանան համապատասխանաբար 2 մլն, 1,4 մլն եւ 800 հազար դրամ:
Աշխարհի երիտասարդական առաջնությունում եւ համաշխարհային ունիվերսիադայում (համաշխարհային ունիվերսիադան նաեւ ՕԽ ծրագրում չընդգրկված մարզաձեւերում) մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները կստանան 3 մլն (1-ին տեղ), 1,6 մլն եւ 1,2 մլն դրամ՝ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մարզիկների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կրկնապատկվել են նաեւ ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, հավաքական թիմերի երկրորդ մարզիչների եւ մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի բժիշկների միանվագ պարգեւատրումները: Նոր փոփոխությամբ՝ Պարալիմպիկ խաղերում ոսկե մեդալ նվաճած մարզիկները կստանան միանվագ 10 մլն դրամ մրցանակ, արծաթե մեդալակիրները՝ 7 մլն, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մարզիկները՝ 4 մլն դրամ պարգեւատրում: Այս պարագայում եւս կրկնապատկվել են նաեւ ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, հավաքական թիմերի երկրորդ մարզիչների եւ մեծահասալների ՀՀ հավաքական թիմերի բժիշկների միանվագ պարգեւատրումները:
2022 թ. Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) ՀՀ ներկայացնող մարզիկները նվաճել են 307 մեդալ, այդ թվում՝ 104 ոսկե, 70 արծաթե եւ 133 բրոնզե մեդալներ: Ընդհանուր հաշվարկով՝ 2023 թ. ՀՀ մարզիկները դեկտեմբերի 18-ի դրությամբ նվաճել են 445 մեդալ: Առաջարկվում է նաեւ տարեվերջյան միանվագ պարգեւատրման գումարները շնորհել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով:
Գործադիրն ընդունել է նաեւ մեկ այլ որոշում՝ ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ գրանցող մարզիկներին ու մարզիչներին հասանելիք թոշակը տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ պետբյուջեով «Օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին եւ նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացում» միջոցառմանը նախատեսված է 624 346.2 հազար դրամ: Հաշվի առնելով 2022 թ. Հայաստանի հավաքականի մարզիկների ցուցաբերած արդյունքները՝ ավելի քան 280 շահառու, ինչպես նաեւ ձեռք բերած վարկանիշները՝ անհրաժեշտություն է առաջացել այդ գումարն ավելացնելու. ըստ այդմ՝ միջոցառման համար պահանջվող գումարը կկազմի 736 772.3 հազար դրամ:
ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԸ՝ ԽՆԴԻՐ
Երեւանում եւ ՀՀ մարզերում թափառող շների՝ մարդկանց, այդ թվում երեխաների վրա պարբերաբար հարձակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված ահազանգերի, ինչպես նաեւ հրապարակային տեղեկությունների հիման վրա՝ Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ թափառող շները մարդկանց լուրջ վնասվածքներ են պատճառել, ավելին՝ դպրոցի ճանապարհին առկա աղբակույտի շուրջը թափառող 5 շների հարձակման հետեւանքով արձանագրվել է երեխայի մահվան դեպք։
Հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումների վտանգավորության աստիճանն ու խնդրի հրատապությունը՝ Պաշտպանը, ինչպես յուրաքանչյուր դեպքով, այնպես էլ համակարգային հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ է հասցեագրել իրավասու մարմիններին։ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ մարդկանց վրա թափառող շների հարձակման դեպքերը կանխելու ուղղությամբ պետությունը պետք է մշակի ավելի արդյունավետ եւ գործուն մեխանիզմներ, որոնք առավելագույնս կնպաստեն խնդրի լուծմանը եւ կապահովեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նշված միջոցառումները պետք է կրեն համալիր բնույթ: Այս տեսանկյունից կարեւոր է նաեւ համայնքներում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների ապահովումը։
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թ. «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ «Գաղափարի փուլ» եւ «Աճի փուլ» բաղադրիչների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 30 միլիոն ՀՀ դրամ:
«Աճի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 60 միլիոն ՀՀ դրամ:
Ծրագրով նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի կամ աճի փուլում գտնվող ընկերություններին, որոնք մասնակցել են 2023 թ. «Ներուժ 4.0» աքսելերացիոն ծրագրին, եւ իրենց կողմից ներկայացվող արտադրանքի եւ/կամ ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը, տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների ու մարտահրավերների լուծմանը:
«Գաղափարի փուլ»
Այս բաղադրիչի շրջանակում ընդհանուր բյուջեն կազմում է 30 միլիոն ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերությունների միջեւ՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչեւ 15 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում:
ՓԱԿ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերեւութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը, Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզի Տաթեւ-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում եւ Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։