ՀԻՄՆԱԴՐԱՄ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայազգի գործարար, ներդրող, «Բալչուգ Կապիտալ»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Ամարյանն իր եղբոր՝ գործարար, հայկական «Էփրիքոթ Կապիտալ» ընկերության հիմնադիր Վարդան Ամարյանի հետ Հայաստանում ստեղծել են «Ամարյան» բարեգործական հիմնադրամը։

 

Դավիթ եւ Վարդան Ամարյանները երկար տարիներ գործունեություն են ծավալում միջազգային բիզնես-ասպարեզում եւ հայրենիքի համար այս դժվարին փուլում իրենց հայրենակիցներին, Արցախից բռնի տեղահանվածներին հասցեական աջակցություն ցուցաբերելու նպատակով մեկնարկել են այս նախաձեռնությունը։

Հիմնադրամի հիմնական ուղղություններն են կրթական ծրագրերի, առողջ ապրելակերպի եւ սպորտի զարգացման խթանումը, մշակույթը, տարբեր ռազմավարական նախագծերի միջոցով երիտասարդներին օժանդակությունը։

«Ամարյան» բարեգործական հիմնադրամի գործունեության մեկնարկը տրվել է Սյունիքի մարզից, մասնավորապես՝ Վերիշենից՝ Ամարյանների հայրական գյուղից։

«Ինձ համար մեծ ողբերգություն է, որ մենք այսօր համահայկական այս աղետի ու աննախադեպ հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք։ Դրա արդյունքում առաջացած խնդիրներն ավելի բազմոլորտ են եւ ճյուղավորված, ուստի անհրաժեշտություն է կարիքի պարբերական գնահատման վրա հիմնված հստակ ռազմավարությամբ, ինստիտուցիոնալ ու համակարգված, պետական, միջազգային ու հասարակական կառույցների հետ համագործակցությամբ, երկարաժամկետ եւ թիրախային ծրագրեր իրականացնելը. այդ ծրագրերը պետք է լինեն շարունակական։ Հիմնադրամի շնորհիվ Հայաստանում մենք կօգնենք ընդլայնել որակյալ կրթության հնարավորությունները` կարեւորելով կրթության անգնահատելի դերը մեր երկրի ապագայի համար,- նշել է «Ամարյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Ամարյանը եւ հավելել, – չնայած նրան, որ տարբեր երկրներում ենք գործել եւ բիզնես հաջողությունների հասել, այդուհանդերձ, մեր գործունեության առանցքը, մեր արմատներն ու պատմությունը Հայաստանում են։ Մեր գործունեությունը, բազմաթիվ նախագծեր մշտապես ուղղված են եղել մեր երկրի հզորացմանը եւ տնտեսության զարգացմանը: Այսօր առավել, քան երբեւէ, օրհասական է աշխարհի հայերի համախմբվածությունն ու միասնականությունը»:

«Էփրիքոթ Կապիտալի» հիմնադիր եւ «Ամարյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Վարդան Ամարյանը հավելել է. «Արցախում տեղի ունեցածը մեծ փորձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ բոլոր հայերի համար: Մենք մեր առջեւ հստակ առաջադրանք ունենք. յուրաքանչյուր հայ պետք է արժանապատիվ ապրելու եւ արարելու հնարավորություն ունենա։ Մեր հիմնադրամի նախաձեռնությունները հետեւողականորեն ստեղծելու են նախադրյալներ այդ հնարավորությունը իրագործելու համար։ Գաղափարները շատ են, եւ մենք դրանք իրագործելիս հիմք ենք ընդունելու մեր շահառուների կարճաժամկետ եւ երկարաժամկետ կարիքները»:

Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում ապաստանել են Արցախից բռնի տեղահանված 89 հայրենակից, որոնք գյուղի սոցիալապես անապահով ընտանիքների (մոտ 157 հոգի) հետ միասին դարձել են «Ամարյան» հիմնադրամի առաջին շահառուները:

Հիմնադրամն ընտանիքներին ապահովել է տաք հագուստով՝ բաճկոններով, կոշիկներով: Արցախից տեղահանված երեխաներն ապահովվել են նաեւ դպրոցական փաթեթներով՝ գրենական պիտույքներ, պայուսակներ եւ այլն:

Ամարյան եղբայրները Վերիշենի 345 աշակերտ ունեցող դպրոցին, որը 2022-ին ճանաչվել է Սյունիքի լավագույն դպրոց, նույնպես աջակցություն են տրամադրել` մարզադահլիճի վերանորոգման համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաեւ սպորտային գույք՝ բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի ցանցեր ու գնդակներ (յուրաքանչյուրից 30-ական), թենիսի ռակետներ եւ գնդակներ (10 հավաքածու) եւ այլ պարագաներ։

«Ամարյան» բարեգործական հիմնադրամի՝ 2023-2024թթ.-ին Սյունիքում իրականացվող նախագծերի ընդհանուր նախնական բյուջեն կկազմի շուրջ 122 մլն դրամ, իսկ հիմնադրամի ծրագրերը լինելու են շարունակական եւ ընդգրկելու են նաեւ Հայաստանի այլ մարզեր ու բնակավայրեր։

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

 

Զեկույցներով հանդես են եկել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ նախարարի տեղակալները:

Նախ` ներկայացվել են առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները: Ընթացիկ տարում շարունակվել է առողջապահության ոլորտի համակարգային նշանակության ծրագրերի իրականացումը: Մշակվել է առանցքային բարեփոխումներից մեկի` առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Ձեւավորվել են փորձագիտական խմբեր, իրականացվել է գների հետազոտություն, որի հիման վրա կազմվել է հիմնական ծառայությունների փաթեթը եւ ծախսերի հաշվարկը: Բարեփոխման վերջնանպատակն է հիմնական բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիության բարելավումը, ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, մահացության եւ հիվանդացության բեռի նվազեցումը: Նախագիծը լրամշակումից հետո ներկայացվել է ՀՀ կառավարություն:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե պետպատվերի համակարգում ինչ փոփոխություններ են կատարվել: «Նախկինում այդ պրակտիկան ունեինք, որ նախարարությունը բաշխում էր գումարներ, ըստ էության, հայեցողական որոշմամբ: Հիմա այդ պրակտիկան ընդհանրապես դո՞ւրս է եկել, այսինքն՝ օֆերտայի տրամաբանությա՞մբ են գումարները բաշխվում եւ բուժառուի հետեւի՞ց են գնում: Հիմա դա ամբողջությամբ այդպե՞ս է»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը դրական պատասխան է տվել եւ հավելել, որ այժմ գումարները գնում են բուժառուի հետեւից:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Մենք ասում ենք՝ ա. նախարարի հրաման սահմանաչափերի վերաբերյալ պետք է չլինի եւ բ. պետք է լինեն առողջապահական բժշկական կենտրոններ, որոնք չունեն պետպատվեր: Այսինքն՝ պետպատվերը բժշկական կենտրոնին կապելու պրակտիկան վերանում է: Ով ուզում է մատուցել, թող մատուցի: Սրա հետ կապված ես նախարարին հանձնարարել եմ հետեւյալը, որ հերթագրման ցուցակների մոբիլություն ապահովենք: Մարդը շահառու է, արձանագրվել է նրա շահառու լինելը, տեսնում է, որ իքս բժշկական կենտրոնում իր ծառայությունը կարող են մատուցել, ենթադրենք, 15 օրվա ընթացքում, ու ինքը համաձայնվում է: Հաջորդ փուլում տեսնում է, որ կա առողջապահական հիմնարկ, որ կարող է այդ նույն ծառայությունը մատուցել մեկ շաբաթվա ընթացքում: Մարդը պետք է ազատություն ունենա տեղափոխվել այդ ցուցակից այնտեղ եւ ավտոմատ այն մյուս ցուցակից պետք է դուրս գա: Այսինքն՝ մենք մարդուն ենք հետեւում, ոչ թե առողջապահական հիմնարկին, որպեսզի այդ մոբիլությունն առավել արդյունավետ լինի: Կարծում եմ՝ սա ծառայությունների մատուցման որակը բարելավելու եւս մի լրացուցիչ խթան կդառնա առողջապահական կենտրոնների համար»:

Առողջապահության ոլորտի մարդկային ռեսուրսների զարգացման նպատակով ներդրվել է բժիշկների լիցենզավորման համակարգ: Ստեղծվել է անկախ փորձագետներից կազմված էթիկայի հանձնաժողով` բժշկական կենտրոններում բուժաշխատողի կողմից էթիկայի կանոնների խախտումները քննելու համար:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՈՒՆՈՎ

Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին եւ հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կանվանվի Շառլ Ազնավուրի անունով։

«Ժողովուրդ» օրաթերթն այս մասին տեղեկանում է «Ազնավուր» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:

Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով եւ կվերաբացվի հանրության առջեւ 2024 թվականի գարնանը։

 

 

 




Լրահոս