ArmLur.am-ի զրուցակիցը Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն է:
-Պարո՛ն Շարմազանով, երեկ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց տվեց եւ հիմնականում խոսում էր Արցախի եւ բանակցային գործընթացի մասին: Հետեւե՞լ եք նրա ելույթին, ի՞նչ դիտարկումներ կանեք հայտարարությունների վերաբերյալ:
-Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախի մասին, դա նույնն է, ոնց որ մարդասպանը խոսի իր զոհից, կամ հիվանդին սպանող բժիշկը հայտարարի, որ ինքը կապ չունի դրա հետ: Նիկոլ Փաշինյանն է Արցախի հանձնման, Արցախի հայաթափման հեղինակը: Ինքն ունի մեկ առաքելություն՝ ուզում է, ինչպես Հրանտ Մաթեւոսյանն էր ասում, մարդկանցից սարքել անասուն՝ առանց հիշողության, որպեսզի իր վրայից մաքրի կապիտուլյանտի ու ազգակործան պատուհասի պիտակը, բայց չի ստացվելու:
-Իր հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի հայտարարություն արեց՝ կրկին մեղավորության սլաքներն ուղղելով նախկին իշխանությունների կողմը, ասելով՝ «ԼՂ հայաթափումը պլանավորած մարդիկ համարում են, որ դրանով լուծվեց ԼՂ հարցը ու պետք է լուծվի նաեւ Հայաստանի հարցը»: Ինչպե՞ս կարձագանքեք:
-Նիկոլ Փաշինյանի մտքի գոհարները մեկնաբանելը մազոխիզմ է իմ հանդեպ, սադիզմ՝ Ձեր հանդեպ: 2028թ.-ին, երբ նա եկավ իշխանության, հայտարարում էր, թե բանակցությունները սկսում է իր սեփական կետից: Իշխանության գալուց մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ ու հայտարարեց՝ ինքնորոշման իրավունքը պարտադիր է, ասում էր՝ ինչ պետք է, այն էլ կբանակցեմ, բանակցությունները զրոյական կետից եմ սկսում, ես կհասնեմ մի լուծման, որը կբավարարի Հայաստանի ու Արցախի ժողովուրդներին: Ես հիմա նրան հարց եմ տալիս՝ եթե Արցախը հանձնված էր նախկինների օրոք, ինչպե՞ս էիր շաբաթը մեկ գնում Արցախ, կամ երբ ասում է՝ Արցախը տրված էր, իր որդին Ադրբեջանի տարածքու՞մ է ծառայել, ինքն Ադրբեջանի տարածքո՞ւմ էր կանգնում ու ասում՝ Արցախը Հայաստան է ու վերջ, Քոչարի որտե՞ղ էր պարում, դե թող հիմա էլ պարի: 2020թ.-ի հոկտեմբերին, երբ ինքն էլի փորձեց մեղքը նախկինների վրա գցի, ես իրեն ասացի՝ նախկինները քեզ ժառանգել են երկու հայկական պետություն, դու մտածի՝ ինչ ես քեզանից հետո թողնելու: Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի հեռանալուց ու Փաշինյանի իշխանության գալուց երկու օր հետո պատերազմ է սկսել, Փաշինյանի՝ վարչապետ դառնալու եւ պատերազմը սկսելու միջեւ 2.5 տարի է եղել, նա այդ ընթացքում հետեւողականորեն մոտեցրել է պատերազմը եւ կապիտուլացիան: Նա փոխարենը մեր անվտանգային համակարգն ուժեղացներ, պատերազմ էր հայտարարել նախկիններին:
-Պարո՛ն Շարմազանով, կխնդրեմ նաեւ մեկնաբանեք հետեւյալ հայտարարությունը. «2016թ.-ին ի հայտ եկավ մի նոր փաստաթուղթ, ըստ որի՝ այն կարգավիճակը, որ ունի ԼՂ-ն, զրոյացվելու է»: Ի՞նչ փաստաթղթի մասին էր նա խոսում:
-Սուտ է դա. 2021թ.-ի հունվարին ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Պոպովը հրապարակային ՌԴ ԱԳՆ կայքէջում պատասխանել է Նիկոլ Փաշինյանի ստերին ու հայտարարել է, թե ինչ են միջնորդ երկրներն առաջարկել Հայաստանին ու Ադրբեջանին. առաջարկել են 5 շրջանները տալ Ադրբեջանին ու դրա փոխարեն ստանալ միջանկյալ կարգավիճակ, ըստ որի՝ ողջ ԼՂ ինքնավար մարզի եւ Լաչինի ու Քելբաջարի տարածքների վերահսկողությունը Հայաստանն է իրականացնելու: Նիկոլ Փաշինյանի կեղծ թեզերին ես հակադրեմ իր սիրելի գործընկեր Ալիեւի հայտարարությունները: Նա 2016թ.-ին հայտարարում էր, որ միջազգային հանրությունն իրեն ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը. այսքանից հետո ի՞նչ է խոսում: Եթե փաստեր ունի, նման փաստաթուղթ կա, թող հրապարակի: Եթե Արցախի կարգավիճակը զրոյացված էր, ո՞նց էր Ալիեւը հայտարարում, որ իր վրա ճնշում կար, ո՞նց էր 2019թ.-ին Փաշինյանը հայտարարում, որ Արցախն Ադրբեջան է ու վերջ: Նիկոլ Փաշինյանն ինքն իր ստերի մեջ խճճվել է: Պատերազմի ժամանակ ես իրեն հարց եմ տվել՝ ինչ է դրված սեղանին պատերազմը կանգնեցնելու համար, ասել է ՝ 5, 2. դրա մեջ ո՛չ Շուշին էր մտնում, ո՛չ Հադրութը: Ես իրեն այսքան փաստ եմ ներկայացնում. եթե փաստ ունի, սուտ չի խոսում, թող ինքն էլ իր փաստերը հրապարակի:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
«ՄԻԱՅՆ ՍՐԻԿԱՆԵՐՆ ԵՆ ԱՍՈՒՄ՝ ԱՅԼ ԵԼՔ ՉԿԱՐ». Պ. ՀԱՅՐԻԿՅԱՆ
«Այո՛, 1990-1991-ին կային այդպիսի մարդիկ, որոնց ոչ միայն ճանաչել եմ, այլեւ ուղղություն եմ տվել. նրանք բթամիտներն էին, այն ժամանակվա նիկոլները»,- «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 1990-1991 թվականներին առաջնորդներն ասում էին, որ մեզ ոչ թե անկախություն է պետք, որ պետություն ունենանք, այլ անկախ պետություն է պետք՝ ԼՂ հարցը լուծելու համար:
«Նրանց համար կար Մոսկվայի կողմից պարտադրած Արցախի հարցը: Ժամանակին Մոսկվան Ստալինի միջոցով ստեղծել է Արցախի խնդիրը, որպեսզի եթե ադրբեջանցիները կամենան անկախանալ, նրանց սանձի, եթե հայերը փորձեն անկախանալ, նրանց սանձի: Այսինքն՝ պատանդ է վերցրել:
Հիմա բթամիտ Նիկոլին թվում է, թե այն ժամանակ բոլորն իր նման են մտածել: Այո՛, ես բթամիտ արցախապաշտներին, արցախակենտրոն մտածողներին բացատրում էի, որ Արցախին կարող է օգնել միայն անկախ Հայաստանը: Հիմա նա կարդացել է իմ ասածները, վերցրել է մի մասը»,-ասաց Հայրիկյանը:
Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես Արցախի մասին խոսելու իրավունք չունի:
«Դուք գիտե՞ք, Նիկոլի գլխավոր բթամտությունը որտեղից է երեւում. երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների հայցեակարգ պետք է մշակեն: Սահմանադրական բարեփոխումներն անում ես այն դեպքում, երբ ունես հայեցակարգ»,-ասաց նա:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը դեռ 1990-ականներից Արցախը դիտարկել է Ադրբեջանի կազմում, Հայրիկյանն ասաց. «Բթամիտ պետք չի լինել, պարզապես շատ բարձր մակարդակի սրիկա պետք է լինել ասելու համար, որ Արցախի հարցը լուծված էր: Արցախի խնդրին լուծում գտնելու համար ամբողջ միջազգային հանրություն էր աշխատում: Եթե աշխարհը դեմ լիներ, Մինսկի խմբով կհավաքվեին, կասեին՝ Նիկոլ կամ Լեւոն կամ Ռոբերտ, էդ հարցը փակե՛ք, վերջացավ, դուք սխալ եք: Աշխարհն ասում է՝ անառարկելի ինքնորոշման հարց կա, որը հակադրվում է գոյություն չունեցող տարածքային ամբողջականության սկզբունքին: Միայն սրիկաներն են ասում, որ միջազգային հանրությունն ունի տարածքային ամբողջականության սկզբունք: Դա սկզբունք չի, պայմանավորվածություն է, իսկ ինքնորոշումը սկզբունք է:
Դու ո՞վ ես, որ ասես՝ ամեն հարց լուծված էր: Միայն սրիկաներն են ասում՝ այլ ելք չկար: Առողջ, բանական մարդն ասում է՝ ես ելքը չեմ գտնում, դրա համար ով ելքը գիտի, թող անի»:
ԲԱՑԱՀԱՅՏ ԿԵՂԾԻՔ
Բրյուսելը երբեք շահագրգռված չի եղել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ։
«Արեւմուտքի հիմնական նպատակն ու խնդիրը կապ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ, այլ հակառուսական դիրքորոշման փորձ է։ Սա ոչ մի կապ չունի տարածաշրջանում երկարաժամկետ ճգնաժամի լուծման հետ։ Ամենայն հավանականությամբ, դա ցանկություն է նոր հակառուսական դիրք գրավելու, դրանում մեր երկրին մոտ ոտք դնելու եւ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ ձեռք բերված ամեն դրական, կառուցողական եւ արդյունավետ ամեն ինչի իրականացումը կանխելու համար:
Եվ այդ փորձերում ԵՄ-ն գնում է հնարավոր ամեն ինչի, այդ թվում՝ բացահայտ կեղծիքի: Վստահ եմ, որ սա ոչ թե պատահականություն է, ոչ թե տառասխալ է, այլ ուղղակի կեղծիք։ Կցանկանայի, որ սա դաս դառնա բոլորի համար, թե ինչպես պետք է զգոն լինել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում:
ԵՄ մարդու իրավունքների պատժամիջոցներին աջակցող երկրների ցանկից Հայաստանի եւ Ադրբեջանի հայտնվելու, ապա անհետացման պատմությունը հենց վառ օրինակ է Բրյուսելի քաղաքականության մեջ նեոգաղութատիրական մտածողության: Սա նաեւ վառ օրինակ է նրա, թե ինչ է արեւմտյան հանրությունը (ԱՄՆ գլխավորությամբ) ուղղակիորեն ցանկանում նրանցից, ես չէի ասի նույնիսկ այս երկրներից, այլ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավվելուց»,- ասել է Զախարովան։
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ Երեւանի հետ առկա հարցերը Մոսկվան պատրաստ է լուծել պրոֆեսիոնալ ձեւով. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից եւ դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին եւ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նախաամանորյա ավանդական հանդիպմանը։ Այնտեղ, ըստ էության, հնարավոր կլինի բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը», – նշել է պաշտոնյան։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա, Զախարովայի խոսքով, դրա մասին բազմիցս եւ հանգամանորեն հայտարարել են ինչպես ՌԴ նախագահը, արտգործնախարարը, այնպես էլ ՌԴ նախագահի վարչակազմը եւ արտգործնախարարությունը։